Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ իր գործով պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Այս մասին նա հայտնել է բանտից հղած ուղերձում, որը նրա ընտանիքը փոխանցել է News.am-ին։
Բաբայանն իր և մյուս հայերի նկատմամբ Բաքվում ընթացող դատավարությունը և դրա վերաքննիչ փուլի ավարտը «թատրոն» է անվանել՝ պնդելով, որ դրա սցենարը նախապես գրված էր։Բաբայանի խոսքով՝ վերաքննիչ փուլը «զուտ ֆորմալ» բնույթ է կրել, սակայն դրա ավարտն անհրաժեշտ էր հետագայում միջազգային դատական ատյան դիմելու համար։
«Սա զուտ ֆորմալ մի փուլ է, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում ևս այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար»,- ասել է նա։
Բաբայանը պնդել է, որ վերաքննիչ ատյանը չի շտկել, իր գնահատմամբ, դատավարության ընթացքում թույլ տրված սխալները։ Նա նաև հայտարարել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն ապացույցներով, իսկ դատական գործընթացում պաշտպանության կողմի առարկությունները հիմնականում մերժվել են։
Նա նաև հայտնել է, որ առաջին ատյանի դատավարության ընթացքում իրեն վերագրված մեղադրանքներին հետագայում ավելացվել են երկու հոդվածներ, որոնք ցմահ ազատազրկում են նախատեսում և որոնք, ըստ նրա, մինչ այդ դատավարության ընթացքում չեն հիշատակվել։
Նա ուշադրություն է հրավիրել նաև պաշտպանների փոփոխության վրա՝ նշելով, որ իր գործով դատավարության ընթացքում արդեն հինգերորդ և վեցերորդ պաշտպաններն են փոխվել։ Բաբայանը դա համեմատել է միջազգային դատական պրակտիկայի հետ՝ պնդելով, որ պաշտպանների փոփոխությունը կարող է ազդել պաշտպանության արդյունավետության վրա։
Բաբայանի խոսքով՝ պաշտպաններից մեկը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում, որ գործը հասնի միջազգային դատարան, քանի որ, ըստ նրա, մեղադրանքների «ավելի քան 95%-ը շինծու է»։ Բաբայանը ևս պնդել է, որ իր նկատմամբ մեղադրանքների մի մասով որևէ ապացույց չի ներկայացվել։
Նա նաև հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի, որոնց մասին բարձրաձայնել է դատարանում և պահանջել արձանագրել դրանք։ Բաբայանի խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեն նաև ադրբեջանական բանտերում պահվող այլ հայեր։
«Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։ Պինդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ։ Մեր հայրենիքին դեռ դժբախտաբար ծանր երևույթներ են սպասվում, չեմ ուզում այստեղից դա ասել։ Պինդ եղեք»,- եզրափակել է Բաբայանը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին առաջնորդները 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատ արձակման հնարավորությունը։ Հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն սկսվել էր հունիսի 9-ին։
