Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության սրման դեպքում, Financial Times-ին հայտնել են իրանական իշխանություններին մոտ կանգնած երկու աղբյուրներ։
Աղբյուրները հայտնել են, որ նոր հակամարտության դեպքում Թեհրանը կարող է ընդլայնել հարվածների աշխարհագրությունը Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս: «Եթե ԱՄՆ-ն չափն անցնի, Իրանը կպաշտպանվի ամեն գնով, դուրս կգա տարածաշրջանի սահմաններից և հարված կհասցնի Եվրոպային»,- ասել է նրանցից մեկը:
Ըստ աղբյուրների՝ Թեհրանում ուսումնասիրել են Հարավարևելյան Եվրոպայում, մասնավորապես Բուլղարիայում ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների հնարավորությունը: Որպես պոտենցիալ թիրախ նշվել է նաև Կիպրոսը, որտեղ տեղակայված է բրիտանական ավիաբազան։ Բացի այդ, Իրանը դիտարկել է Հորմուզի նեղուցում ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների վրա հարձակումներ գործելու հնարավորությունը։
Իրանն արդեն փորձել է հարվածներ հասցնել հեռավոր թիրախներին: Փետրվարին ԱՄՆ-ն հայտարարել էր Հնդկական օվկիանոսում գտնվող «Դիեգո Գարսիա» բազայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին, իսկ մարտին Թուրքիան հայտնել էր իրանական բալիստիկ հրթիռների որսման մասին։
The Wall Street Journal -ը օգոստոսի 16-ին գրել էր, որ վերջին երկու ամիսների ընթացքում Իրանը պատրաստվել է ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնմանը. իշխանություններն ուժեղացնում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) վերահսկողությունը կանոնավոր բանակի նկատմամբ, ընդլայնում են հակահետախուզական գործողությունները և ավելացնում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը։
