ԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ Հեյդեն Փանեթիերիի բոյֆրենդը՝ Բրայան Հիքերսոնը, ում հետ նա անկայուն հարաբերությունների մեջ էր, և նրա եղբայրը՝ Զաք Հիքերսոնը, գտնվել են Հարավային Կարոլինայի այն բնակարանում, որտեղ անցյալ հանգստյան օրերին մահացել է դերասանուհին:
Ըստ զեկույցի՝ Գրինվիլի ոստիկանության աշխատակիցը դեպքի վայրում հանդիպել է եղբայրներին, ապա տեսել, թե ինչպես են պարամեդիկները սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնում անգիտակից վիճակում գտնվող կնոջը:
Վերակենդանացման փորձերից հետո շտապօգնության աշխատակիցները ժամը 14:31-ին արձանագրել են Փանեթիերիի մահը:
Ոստիկանական զեկույցում ասվում է, որ դեպքի վայր ժամանած սպան նախ զրուցել է Զաք Հիքերսոնի հետ։ Նա ասել է, որ կյանքի նշաններ ցույց չտվող կինը իր եղբոր ընկերուհին էր:
«Ես նկատեցի, որ Զաքը շատ հուզված էր, քանի որ շտապօգնության աշխատակիցները օգնություն էին ցուցաբերում Հեյդենին: Բրայանը հույզեր ցույց չտվեց մինչև այն պահը, երբ շտապօգնության աշխատակիցները պաշտոնապես արձանագրեցին նրա մահը»,- ասել է սպան:
Սպան եղբայրներին դուրս է բերել բնակարանից, ապա զրուցել է «ավելի մանրամասն», սակայն այդ զրույցի մանրամասները ոստիկանական զեկույցում գաղտնիգրված են:
Դերասանուհու մահվան պատճառը դեռևս պարզված չէ, հետաքննությունը շարունակվում է: Դիահերձումը վնասվածքների նշաններ չի հայտնաբերել, և ոստիկանությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բռնի մահվան հետքեր չեն գտել:
Դերասանուհին, որ հայտնի էր դարձել «Հերոսները» և «Նեշվիլ» հեռուստաշոուների շնորհիվ, ալկոհոլային կախվածության և դեպրեսիայի դեմ պայքարին զուգահեռ, ուրբաթ օրը կնշեր իր 37-ամյակը:
Փանեթիերիի և Բրայան Հիքերսոնի հարաբերությունները տևել են մի քանի տարի և եղել են բուռն․ ընդ որում՝ 37-ամյա դերասանը մեղադրվում էր ֆիզիկական բռնության մեջ:
Մայիսին լույս տեսած իր «Սա ես եմ» հուշագրում Փանեթիերին գրել էր Հիքերսոնի՝ ճաղերի հետևում անցկացրած ժամանակի մասին և այն մասին, թե ինչպես էր հույս ունենում, որ դա կփոխի նրան:
«Ես ուզում էի, որ Բրայանը բանտում մնա բավականաչափ երկար՝ նրան վախեցնելու համար, բայց ոչ այնքան երկար, որ նա ավելի վատը դառնա»,- գրել է նա: «Ինձ պետք էր, որ նա ընդունի իր սխալները և փոխվի, բայց ես չէի ուզում նրան անդառնալիորեն վնասել»:
