Ֆրանսիան մտադիր է մոտ ապագայում արտաքսել երկու իրանցի դիվանագետների՝ ի պատասխան Թեհրանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցների ձերբակալման, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Ես հայտարարել եմ, որ այս անընդունելի գործողությունները հետևանքներ կունենան։ Առաջիկա օրերին երկու իրանցի դիվանագետները կարտաքսվեն Ֆրանսիայից», – գրել է նա Telegram-ում։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հուլիսի 19-ին հայտարարել էր Իրանում երկու ֆրանսիացի դիվանագետների ձերբակալման մասին։ Նախարարը պարզաբանել է, որ ձերբակալվածները ֆրանսիական ծրագրեր էին իրականացնում Իրանում՝ «քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար», մասնավորապես՝ որոշակի իրանցի գիտնականների և արվեստագետների։ Նախարարի խոսքով՝ նրանք մի քանի ժամ պահվել են, հարցաքննվել, և նրանցից մեկի նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել։ Նրանք ազատ են արձակվել և շուտով վերադարձվել Ֆրանսիա։
Բարոյի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անընդունելի է անվանել դիվանագետների գործողությունները՝ դրանք անվանելով ոչ պրոֆեսիոնալ։ Նա ընդգծել է, որ ընդունող երկրի օրենքներին և դիվանագիտության համընդհանուր ճանաչված սկզբունքներին համապատասխանելը «անհրաժեշտ պայման է արտասահմանյան առաքելությունների շարունակական գործունեության համար»։
