ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից ռուսաստանցի լրագրողների նկատմամբ հետախուզում հայտարարելուն

Անհրաժեշտության դեպքում Մոսկվան կապահովի Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցի լրագրողների շահերի պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան (փոխանցում է «ՏԱՍՍ»-ը)։

«Անհրաժեշտության դեպքում մենք կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նրանց միջազգային հետախուզում հայտարարելու որոշման համատեքստում», — նշված է գերատեսչության կայքում հրապարակված դիվանագետի մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական թեզեր․

«Անհնար է չարձանագրել, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական նարատիվներ»։

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է ադրբեջանցի գործընկերներին հանգիստ մթնոլորտում, առանց հարցը քաղաքականացնելու և լրատվամիջոցներով արհեստականորեն սրելու, մասնագիտական խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական միջավայրի առողջացման հեռանկարները։

«Հույս ունենք, որ նման երկխոսություն կկայանա», — եզրափակել է նա։

Զախարովան շեշտել է նաև, որ ռուսաստանցի լրագրողների հայտարարությունները, որոնց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրում է հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի մեջ, չեն արտահայտում Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Leave a Comment