29,800 քկմ, թե՞ 29,743 քկմ․ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածքի մակերեսն ու դրա ճշգրտությունը դարձել են խորհրդարանական քննարկումների առանցքային թեմաներից մեկը։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, իրար հերթ չտալով, վկայակոչում են ամենատարբեր աղբյուրներ՝ սովետական հանրագիտարաններից մինչեւ դպրոցական դասագրքեր։ Ի վերջո, որտեղի՞ց է առաջացել անհամապատասխանությունը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը։
Ինչպե՞ս թեման սկսվեց արծարծվել ԱԺ-ում
9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստից սկսած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները իշխանականներին հարցնում էին՝ արդյոք Տիգրանաշենը մտնում է ՀՀ տարածքի մեջ։ Ի վերջո, հարցուպատասխանը հասավ հարցին, թե որքան է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ 29,800, թե՞ 29,743 քկմ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին. «Վերջիվերջո, ՀՀ սահմաններն ի՞նչ ուրվագիծ ունեն, եւ ՀՀ տարածքը ինչքա՞ն է: Դուք ասում եք, որ տարածքը որոշում է Ալմա-Աթայի հռչակագրով, որը Սովետական Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ: Ճի՞շտ եմ մեկնաբանում Ձեր եւ ֆրակցիայի խոսքը (Արուսյակ Ջուլհակյանն ամբիոնից դրական է արձագանքում – հեղ.), շատ լավ։ Սովետական Միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել: Ամեն հանրապետության տարածք որոշվել է իր գերագույն սովետի որոշումներով, մինիստրների սովետի որոշումներով եւ այլն, եւ այլն: Բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում, օրինակ Սովետական Միության ժամանակ հրապարակված քարտեզներում, պաշտոնական հրապարակային այլ փաստաթղթերում, հանրագիտարաններում։ Հանրագիտարանները հատուկ եմ նշում, որովհետեւ սահմանազատման ժամանակ, երբ խոսքը գնում էր՝ ինչ վերաբերելի փաստաթղթեր էին օգտագործվել, նշվել էին նաեւ հանրագիտարանները (այս եւ մյուս ընդգծումները «Հետքինն» են – հեղ.): Ուստի ես ուզում եմ կարդամ Սովետական հանրագիտանից քաղվածք՝ 1980-ին հրապարակված, Հայաստանի Հանրապետության տարածությունը՝ 29,800 քկմ, նմանապես նույնը գրված է Սովետական մեծ հանրագիտարանում… Ինձ հետաքրքիր է՝ այդ 57 քկմ-ն ե՞րբ անհետացավ»։ Այս հարցին ի պատասխան՝ Արուսյակ Ջուլհակյանը արձագանքում է. «Եթե Ձեզ հետաքրքիր է կոնկրետ ամսաթիվը, թե երբ դարձավ 743, կոնկրետ ամսաթիվ Ձեզ նշել չեմ կարող։ Եթե հիշում եք սկզբում, նաեւ վարչապետն էր 800 թիվը նշում, բայց պետք է Ձեզ նշեմ, որ մեր դասագրքերում, Սովետական հանրագիտարանում չէ, անկախ Հայաստանի Հանրապետության դասագրքերում, որով մենք ենք սովորել, նշված է 29,743 քկմ թիվը, եւ ենթադրում եմ՝ հենց այդ պահին է տեղի ունեցել այդ անցումը»։
Ինչպե՞ս, ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է փոխվել տարածքային տվյալը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս հաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքի 29,800 քկմ լինելը։ Ավելին՝ 2023 թ. հունիսի 1-ին Քիշնեւում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ Արծվաշենը եւս մտնում է 29,800 քկմ-ի մեջ։
Սակայն վարչապետի խոսույթում փոփոխություն եղավ 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպումից հետո։ Այդ քննարկման մասին 2024-ի մարտի 12-ի ասուլիսի ժամանակ պատմել է Փաշինյանը. «Պատկերացնում եք, չէ՞, իրադրության լարումը, երբ պետք է կողմերն ասեն՝ մեր երկրի տարածքն այսքան է: Այնտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն հետո, երբ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ: Ես հյուրանոցից կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ հանրագիտարաններից նկարեք ՀՀ-ի ու Ադրբեջանի տվյալները տիտղոսաթերթում ու ուղարկեք, չնայած ես այդ թիվը հիշում էի՝ 29,800 քկմ: ԵՄ խորհրդի նախագահին այդ տվյալները փոխանցվեցին, եւ նա այդ թվերը հրապարակեց: Հետո, երբ մենք ավելի մանրամասն դիտարկեցինք եւ տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան, տիտղոսին գրած է՝ 29,800, հետո պարզվեց, որ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա 29,743 քկմ։ Հետո Ադրբեջանը ուշադրություն հրավիրեց, որ ՀՀ մի շարք պետական մարմիների կայքերում, ընդ որում՝ ես ստուգել եմ, այդ տվյալները եղել են տասնյակ տարիներ, որտեղ ՀՀ տարածքը նշված է 29,743՝ ուրիշ թիվ, որը պակաս է 29,800 քկմ-ից: Նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետեւ կա տիտղոսային թիվ ու կա ավելի պարզաբանված: Այս երկու թվերի պատճառով էր, որ որոշակի լարումներ առաջացան, փոխադարձաբար խորը կասկածներ եւ այդպես շարունակ»։
Այսինքն՝ ՀՀ տարածքի մասին ՀՀ իշխանությունների պաշտոնական խոսույթը փոխվեց ոչ թե դասագրքերում հրապարակված տվյալներից հետո, ինչպես Ջուլհակյանն է ասում, այլ հենց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, ապա եւ նրա թիմը սկսեցին կիրառել 29,743 քկմ թիվը։ Տարիներ շարունակ 29,800 քկմ-ն որպես աներկբա ՀՀ ինքնիշխան տարածք ներկայացնող եւ բանակցային սեղանին դնող ղեկավարն ու նրա թիմը սկսեցին հանրային խոսույթից աստիճանաբար դուրս մղել այդ տվյալը՝ այն փոխարինելով 29,743 քկմ-ով։
Ի՞նչ են ցույց տալիս դասագրքերը
Իրականում 29,800 եւ 29,743 թվերը նոր չեն։ Դրանք տարբեր ժամանակներում հանդիպել են ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Հայաստանի պաշտոնական, հանրագիտարանային եւ կրթական աղբյուրներում, ինչպես եւ հնչում էր ԱԺ ամբիոնից։
Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը իր ելույթի ընթացքում նշեց, որ անկախ ՀՀ-ի դպրոցական դասագրքերում նշված է 29,743 քկմ։ Այս պնդումը մոլորեցնող է, քանի որ դպրոցական դասագրքերում մեկ միասնական տվյալ չի եղել. տարբեր տարիների կիրառվել են թե՛ 29,800, թե՛ 29,743 թվերը։
2014-ին հրատարակված «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքում գրված է 29,743 քկմ:
Նույն տարում հրատարակված «Աշխարհագրություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքում նշված է 29.8 հազար քկմ։
2017 թ. հրատարակված 10-րդ դասարանի «Աշխարհագրության» դասագրքում եւս գրված է 29.8 հազար քկմ:
Իսկ 2025-ին հրատարակված «Հայաստանի աշխարհագրության» 9-րդ դասարանի դասագրքերում նշված է 29,743 քկմ (տարբերակ առաջին, երկրորդ)։
Այդուհանդերձ, դասագրքերը ելակետային փաստաթղթեր չեն։ Դրանցում ներառված տեղեկությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքի չափը, հիմնված են ավելի վաղ կազմված պաշտոնական, վիճակագրական եւ այլ աղբյուրների վրա։
Ի՞նչ են ցույց տալիս հանրագիտարանները
Ն. Փաշինյանը 2024-ի մարտի 12-ի ասուլիսում նշել էր, որ 2023-ին Բրյուսելում Հայաստանի տարածքի վերաբերյալ հայտարարություն անելիս առաջնորդվել են խորհրդային հանրագիտարանների վերջին տվյալներով։ Նրա խոսքով՝ հանրագիտարանի տիտղոսաթերթում Հայաստանի տարածքը նշված էր 29,800 քկմ, իսկ ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել էր, որ տեքստում առկա է նաեւ 29,743 քկմ թիվը։
Հայկական սովետական հանրագիտարանը բաղկացած է 13 հատորից, որոնք լույս են տեսել 1974–1987 թթ.:
Դրա 6-րդ հատորի (1980 թ.) «Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն» հոդվածում նշված է ՀՍՍՀ տարածքի չափը՝ 29.8 հազ. քկմ:
Նույն թիվն է նշված 10-րդ հատորի (1984 թ.) «Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն» հոդվածում:
Հայկական սովետական հանրագիտարանի 13 հատորը նվիրված է բացառապես ՀՍՍՀ-ին: Դրա տիտղոսաթերթում, ինչպես հայտարարել է Փաշինյանը, երկրի տարածքը նշված է 29.8 հզ. քկմ։
Մեզ չի հաջողվել գտնել ապացույց առ այն, որ, ինչպես Ն. Փաշինյանն է պնդել, խորհրդային հանրագիտարանի տեքստում առկա է 29,743 թիվը (վարչապետը չի պարզաբանել, թե որ հատորի մասին է խոսքը), սակայն փաստ է, որ ոչ միայն 13-րդ հատորի տիտղոսաթերթում, այլեւ 6-րդ ու 10-րդ հատորների համապատասխան հոդվածներում նշված է 29.8 հազար քկմ։
Ի՞նչ են ցույց տալիս ՀՍՍՀ վարչատարածքային միավորների տվյալները
Եթե անդրադառնալու լինենք ՀՍՀ 13-րդ հատորի բովանդակությանը, ապա պետք է նշել հետեւյալը:
ՀՍՍՀ-ին նվիրված այս հատորում ներկայացված են 1987 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ մեր երկրի վարչատարածքային միավորները: Ըստ այդմ՝ ՀՍՍՀ-ն բաժանված էր 37 շրջանի եւ հանրապետական ենթակայության 22 քաղաքի: Այսինքն՝ այս քաղաքները ենթարկվել են ոչ թե շրջանային, այլ հանրապետական իշխանությանը: Բնականաբար, եղել են նաեւ շրջանային ենթակայության քաղաքներ, բայց դրանք ընդամենը 5-ն էին: 13-րդ հատորում ներկայացված աղյուսակում նշած են 37 շրջանների տարածքները: Այդ թվերի մեջ ներառված են միայն շրջանային ենթակայության քաղաքների տարածքները:
Գումարելով 37 շրջանների տարածքային ցուցանիշները՝ ստանում ենք 28,243.77 քկմ: Այլ կերպ ասած՝ 1,500 քկմ-ով պակաս Փաշինյանի հայտարարած 29,743 քկմ-ից: Տրամաբանական է մտածել, որ պակասող 1,500 քկմ-ն այն տարածքն է, որը զբաղեցրել են հանրապետական ենթակայության քաղաքները եւ Սեւանա լիճը, որը եւս ներառված չի եղել շրջանների տարածքի մեջ: Սակայն նույն 13-րդ հատորի համաձայն՝ հանրապետական ենթակայության քաղաքների ընդհանուր մակերեսը եղել է 397-465 քկմ (տարբերության պատճառը Երեւանի տարածքն է, որը, ըստ հանրագիտարանի, 162 քկմ է, իսկ արվարձաններով՝ ավելի քան 230 քկմ, բայց Երեւանի քաղաքապետարանի կայքում ներկայում նշվում է 223 քկմ), իսկ Սեւանա լճինը՝ 1,256 քկմ (այս թիվն է նշված թե՛ ՀՍՀ 10-րդ, թե՛ 13-րդ հատորներում):
Բայց 22 քաղաքների ու Սեւանա լճի այս թվերը գումարելով՝ ստանում ենք 1,500 քկմ-ից ավելի մեծ տվյալ՝ 1,653-1,730 քկմ: Եթե սրան էլ գումարենք 37 շրջանների ընդհանուր մակերեսը (28,243.77 քկմ), ապա կստացվի 29,897-29,965 քկմ:
Ամեն դեպքում, անկախ այս թվերի տարբերությունից՝ հարկ է նկատել, որ հանրագիտարանները եւս չեն կարող համարվել ելակետային տվյալների աղբյուրներ, քանի որ դրանք ընդամենը գիտահանրամատչելի տեղեկատուներ են եւ չունեն իրավական ուժ:
Ի՞նչ են ցույց տալիս իրավական փաստաթղթերը
Հայաստանի տարածքի մակերեսը տարբեր ժամանակներում ֆիքսված է եղել նաեւ պաշտոնական իրավական ակտերում։ Մասնավորապես՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հունվարի 25-ի որոշմամբ իբրեւ ելակետային տեղեկատվություն սահմանվել է, որ ՀՀ տարածքը 29,743 քկմ է։ Նշված են նաեւ 10 մարզերի ու Երեւանի տարածքները (հատկանշական է, որ այստեղ էլ մայրաքաղաքի մակերեսը սահմանվել է 227 քկմ):
ՀՀ տարածքի մասին պաշտոնական տեղեկատվության հիմք են նաեւ Կադաստրի կոմիտեի կազմած եւ Կառավարության կողմից հաստատվող «ՀՀ հողային ֆոնդի առկայության եւ բաշխման մասին» հաշվետվությունները։
Ընդդիմադիրներին ի պատասխան՝ ելույթի ընթացքում այս մասին խոսեց նաեւ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կառավարությունը, մասնավորապես, 2005 թ. որոշմամբ ի գիտություն է ընդունել Կադաստրի կոմիտեի ներկայացրած հաշվետվությունը, որտեղ ՀՀ տարածքը սահմանված է 2,974.3 հազար հեկտար, ինչը հասավար է 29,743 քկմ-ի։ Նույն տվյալն է նշված Կառավարության հետագա նմանատիպ որոշումներում:
Ինչպես ասվեց, Կառավարության որոշումները հիմնված են Կադաստրի կոմիտեի կազմած «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ բաշխման մասին» հաշվետվությունների վրա: Մասնավորապես՝ 2013 թ. հուլիսի 1-ին կազմված հաշվետվության մեջ նշված է, թերեւս, ամենամանրամասն թիվը: Ըստ այդմ՝ ՀՀ ընդհանուր հողերը կազմում են 2,974,259.4 հեկտար, ինչը հավասար է 29,742.594 քկմ-ի, կլորացնելու դեպքում կստացվի 29,743 քկմ։
Ի՞նչ են ցույց տալիս վիճակագրական տվյալները
ՀՀ վիճկոմիտեն ամեն տարի հրապարակում է «Հայաստանի վիճակագրական տարեգիրքը», որտեղ ներկայացվում են երկրի աշխարհագրական, ժողովրդագրական եւ սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Կոմիտեի պաշտոնական կայքում հասանելի են 1989 թվականից ի վեր հրապարակված բոլոր տարեգրքերը։
Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետական այս մարմինը տարբեր տարիների ՀՀ տարածքը տարբեր տվյալներով է ներկայացրել։
1989-ին Հայկական ԽՍՀ տարածքը նշվել է 29.8 հազար քկմ, սակայն արդեն 1990-ի տարեգրքում հայտնվել է 2974.3 հազար հեկտար ցուցանիշը, իսկ 1991-ի տարեգրքում կրկին նշվել է 29.8 հազար քկմ։ 1993-1994 թթ․ տարեգրքում եւս կիրառվել է 29.8 հազար քկմ թիվը, իսկ 1995-1996 թթ․ եւ 1996-1998 թթ․ տարեգրքերում նշվել է 29,743 քկմ։ Դրանից հետո Վիճկոմի ամենամյա տարեգրքերում նշված է միայն 29,743 քկմ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր ելույթի ժամանակ տարածքային տվյալների այս տարբերությունը կապեց Տիգրանաշենի հետ, ասելով՝ «միգուցե հենց Քարքեով (Տիգրանաշեն) է պայմանավորված այս 57 քկմ-ն անհայտ այդ շահառուին զիջելը»։ Սակայն պետք է նշենք, որ Տիգրանաշենի տարածքը մոտ 8 քկմ է։ Հետեւաբար հնարավոր չէ, որ 29,800-ի եւ 29,743-ի անհամապատասխանությունն առաջացած լինի Տիգրանաշենի «պատճառով»։
Հիմա հարց է ծագում՝ արդյոք 29,8 քկմ-ն, որը հանդիպում է թե՛ Հայկական սովետական հանրագիտարանի հատորներում, թե՛ Վիճկոմի նախկին տարեգրքերում, կլորացված թիվն է։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձավ նաեւ այդ հարցին. «29,743-ը որ կլորացնում ես, 29,700 է դառնում»։
Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Մեզ հանդիպած բոլոր փաստաթղթերում գրված է ոչ թե 29,800 քկմ, այլ 29,8 հազար քկմ, փոխարենը մյուս տեղերում հստակ նշված է 29,743 քկմ կամ 2974.3 հազար հեկտար։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, 29,8 հազար քկմ-ն իսկապես կլորացված տվյալ է, այլ հարց է, որ Ա. Խաչատրյանի ասածը մաթեմատիկայի տեսանկյունից լրիվ տրամաբանական է։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ՀՀ տարածքի մակերեսի շուրջ քննարկվող 29,800 եւ 29,743 քկմ ցուցանիշների տարբերությունը պայմանավորված չէ տարածքային փոփոխություններով, օրինակ՝ Տիգրանաշենով։ 29,743 քկմ-ն տարիներ շարունակ ամրագրված է եղել ՀՀ իրավական ակտերում, Կադաստրի եւ Վիճակագրական կոմիտեների պաշտոնական տվյալներում, իսկ 29,8 քկմ-ն, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել է կլորացումների հետեւանքով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter