Ադրբեջանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչությունը։
Բաքուն դատապարտել է Ռուսաստանի մեդիադաշտում տարածվող «ադրբեջանական ժողովրդի և ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերը»։
Մասնավորապես, Բաքուն որակել է օգոստոսի 13-ին «Чистота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված հաղորդման, օգոստոսի 7-ին «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հնչած, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube-ում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքով հրապարակված նյութերը որպես
միջամտություն «ներքաղաքական գործընթացներին»։
Ադրբեջանը պահանջել է Մոսկվայից դադարեցնել ռուսական տեղեկատվական և մեդիա դաշտում Ադրբեջանի դեմ ուղղված, ըստ ադրբեջանական կողմի, սադրիչ, սպառնալից և բռնի հռետորաբանությունը։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վատթարացել էին 2024 թվականի դեկտեմբերին՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո։ 2025 թվականի հուլիսին երկու երկրների հարաբերությունները կրկին սրվել էին, երբ Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում անցկացված ռեյդի ժամանակ ձերբակալված մի խումբ ադրբեջանցիների․ գործողության հետևանքով երկու մարդ մահացել էր։
Օգոստոսի 18-ին Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել։
