ԱԺ-ն վեց նիստում քննարկել է թեկնածուների միայն կեսին – armeniatoday.am

9-րդ գումարման Ազգային ժողովն արդեն շուրջ 48 ժամ քննարկում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, սակայն առկա 12 հանձնաժողովից առայժմ քննարկվել են միայն 6-ի ղեկավարների թեկնածությունները։

Թեկնածուներն առաջադրվում են համամասնական բաշխման (Դոնթի մեթոդի) սկզբունքով, որի համաձայն՝ հանձնաժողովներում ղեկավար պաշտոնները բաշխվում են իշխող խմբակցության և ընդդիմության միջև՝ ըստ ստացած մանդատների թվի։

Այս ընթացքում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իր 4 թեկնածուին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 2, իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից 1 թեկնածուի քննարկումը շարունակվում է։

Արդեն քննարկված թեկնածուներն են․

Վիլեն Գաբրիելյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով)

Արուսյակ Ջուլհակյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով)

Հայկ Ֆարմանյան — «Ուժեղ Հայաստան» (Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)

Արման Եղոյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով)

Բաբկեն Թունյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով)

Դավիթ Ղազինյան — «Ուժեղ Հայաստան» (Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով)

Նյութի հրապարակման պահին ընթանում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանի (Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով) քննարկումը։

Քննարկմանը դեռ պետք է ներկայացվեն հետևյալ թեկնածուները․

Սարգիս Խանդանյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով)

Սիսակ Գաբրիելյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով)

Լուսինե Բադալյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով)

Նազելի Բաղդասարյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով)

Տրդատ Սարգսյան — «Քաղաքացիական պայմանագիր» (Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով)

Խորհրդարանում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումները մեկնարկել էին օգոստոսի 10-ին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ քննարկումների երկարաձգումը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ խորհրդարանն առաջիկայում պետք է անցնի նաև Կառավարության կառուցվածքի և ծրագրի քննարկմանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը բանակցում է ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ Ազգային ժողովի ձևավորման գործընթացն արագացնելու համար։ Եթե խորհրդարանը չհասցնի ընտրել հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովները նիստեր կգումարեն և կընտրեն փոխնախագահներ, որոնք ժամանակավորապես կկատարեն նախագահների պարտականությունները։

Leave a Comment