Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել

2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։

Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող սարքերի պահանջն ու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից հրաժարումը՝  տեղում օգնելու քաղաքացիներին, ձևավորել են «ստվերային ծառայությունների» շուկա, որտեղ անապահով մարդիկ ստիպված են վճարել սեփական դիմումը լրացնելու համար։ Այդ դիմումի պատասխանից է կախված՝ նրանք նպաստ կամ սոցիալական աջակցություն կստանա՞ն՝ անկախ նրանից, թե նախկինում ընտանեկան, սոցիալական նպաստ ստացել են, թե՞ ոչ։

Օրեր առաջ ծանոթս թղթերի մի տրցակով մոտեցավ և խնդրեց իր ընտանիքի անդամին, որն ունի հաշմանդամություն, գրանցել «սոցապի կայքում», որից հետո նրա համար «նպաստի» դիմում գրել։

Մինչ այդ գնացել էր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ)՝ իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ ընտանիքի համար անապահովության նպաստի դիմում ձևակերպելու։ Ծառայության աշխատակիցներն ասել էին, թե արդեն իրավունք չունեն դա տեղում անելու, և քաղաքացին պետք է ինքնուրույն լրացնի անապահովության գնահատման դիմումը։

Տվել էին լրացնելու քայլերից բաղկացած մի թերթիկ։ Թվում էր՝ ամեն ինչ պարզ է․ հետևել թերթիկի հրահանգներին ու արագ լրացնել։ Իրականում դա պահանջում է հմտություններ, որոնց տիրապետելը հատկապես ավագ սերնդի և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար դժվար է, եթե ոչ՝ անհնար։

Նախ՝ որևէ առցանց գործողություն անելու համար քաղաքացին պետք է ունենա բջջային հեռախոս կամ համակարգիչ, ինչպես նաև ինտերնետ կապ։ 

Արսեն Թորոսյանի ղեկավարած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը հավակնում է դառնալ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իհարկե, համոզված է, որ անապահովության նպաստի կամ մեկ այլ աջակցության համար դիմող բոլոր քաղաքացիներն ունեն համակարգիչ, սմարթֆոն կամ ինտերնետ հասանելիություն։

Ենթադրենք՝ ունեն։ Անապահովության գնահատման համակարգով աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է առցանց դիմել id.e-social.am միասնական սոցիալական հարթակի միջոցով: Դիմումի նպատակն է անձի (ընտանիքի) անապահովության գնահատումը՝ անապահով ճանաչելու և անապահովության հիմքով սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով:

Գրանցվելու համար այն քաղաքացին, որը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի կարող այդ եղանակով մուտք գործել, պետք է ունենա հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ինչպես նաև լրացնի իր ՀԾՀ-ն (սոցիալական քարտի համարը)։ Գրանցումը հաստատվում է էլեկտրոնային փոստով։

Ենթադրենք նաև, որ անապահովության նպաստի կամ սոցիալական այլ աջակցության համար դիմող քաղաքացիներն ունեն էլեկտրոնային փոստ, հաջողությամբ գրանցվում են համակարգում և ունենում իրենց, այսպես կոչված, «անձնական էջը» (անհատական օգտահաշիվը) կամ դա անում են էլեկտրոնային ստորագրության միջոցով։ Սակայն չբացառենք, որ նրանց մեջ կարող են լինել մարդիկ, որոնք տարրական գործողություններ չեն կարողանում անել համացանցում և հենց գրանցվելու ու մուտք գործելու փուլում արդեն հայտնվում են փակուղում։

Իսկ խոչընդոտների կամ որևէ անհասկանալի խնդրի դեպքում, երբ փորձում ես կապ հաստատել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կամ նախարարության որևէ հեռախոսահամարով, զանգերին հաճախ չեն պատասխանում։ Տարբեր օրերի և ժամերի մեր բազմաթիվ զանգերից միայն մեկին պատասխան եղավ։

Մուտք գործելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական հարթակ՝ թերթիկում գրված քայլերով հասանք «Անապահովության գնահատում» պատուհանին։

Այն սեղմելիս բացվում է պայմանների ծանոթացման մի երկար շարք։

Ի թիվս բազմաթիվ տեխնիկական պահանջների՝ տեղեկանում ենք, որ, առցանց դիմումից զատ, ՄՍԾ տարածքային կենտրոն պետք է ներկայացնել դիմումի բնօրինակը (համաձայնագիրը)՝ ընտանիքի բոլոր 18 տարին լրացած անդամների ստորագրությամբ։ Թե ինչու է անհրաժեշտ առցանց դիմումի պարագայում ևս մեկ անգամ ներկայանալ տարածքային կենտրոն, պարզ չէ։

Ընդ որում՝ ստորագրված բնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն չներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման։

Անապահովության գնահատման դիմումի մեջ լրացման ենթակա տարբեր տվյալներ պահանջվեցին, որոնց միայն մի մասն է համակարգն ինքնաշխատ լրացնում։ Լրացնում ենք դիմումատուի և նրա հետ նույն հասցեում գրանցված ընտանիքի անդամների տվյալները, որոնցով պետք է նրանց նույնականացնել՝ բոլորի ՀԾՀ-ները, ծննդյան տվյալները, հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները։

Տարածքային կենտրոնից քաղաքացուն տրամադրել էին ևս մեկ թերթիկ, որտեղ նշված էին իրենց հասցեում գրանցված անձանց տվյալները։ Ոմանց դեպքում գրված էր «փաստացի բնակվող», ոմանց դեպքում՝ «հաշվառված»։ Երկուսի դեպքում նշված չէր ՀԾՀ-ն, մեկի ՀԾՀ-ն հին էր։

Հարց առաջացավ՝ արդյո՞ք պետք է լրացնել միայն փաստացի բնակվողների տվյալները, թե՞ բոլոր գրանցվածներինը։ Կրկին փորձեցինք հետևել դիմումի «Ծանոթություն» բաժնի հրահանգին․ «Խնդիրների կամ աջակցության համար կարող եք մոտենալ Ձեր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ զանգահարել 114 զանգերի կենտրոն»։ Այդ պահին մոտենալ չէինք կարող, իսկ զանգերին դարձյալ չէին պատասխանում։

Հաջորդ խոչընդոտը․ հնարավոր չէր բոլորի համար նույն էլեկտրոնային փոստը նշել։

Մեր պարագայում ընտանիքի անդամներից երկուսը չունեին էլեկտրոնային հասցե, իսկ այդ դաշտը լրացնելը պարտադիր էր: Կամ պետք է նրանց համար նոր էլփոստ բացեինք (որը հետագայում, ամենայն հավանականությամբ, չէր էլ օգտագործվելու), կամ դիմեինք մեկ ուրիշին՝ թույլտվություն խնդրելով օգտագործել իր էլեկտրոնային հասցեն։

Ի դեպ, մեր դեպքում ընտանիքի բոլոր անդամները չափահաս են․ անչափահասների դեպքում, գուցե, այլ կանոնակարգ է գործում։

Դարձյալ ենթադրենք, որ անապահովության նպաստի համար դիմող բոլոր քաղաքացիներն ունեն հեռախոս կամ համակարգիչ, ինտերնետ, կարողանում են էլեկտրոնային փոստ բացել, դրանով հաստատել իրենց մուտքը և միասնական սոցիալական հարթակում հաղթահարել այս բոլոր քայլերը։

Այս ամենն անելուց հետո քաղաքացին կրկին բախվում է տեխնիկական խնդրի։

Դիմումում հարկավոր է նշել և նույնականացնել կոմունալ 3 ծառայությունների բաժանորդային համարները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր»։

Գտնում ենք ծանոթիս նախկինում կատարած կոմունալ վճարումների անդորրագրերից մի քանիսը, որոնցում նշված էին այդ համարները։

Կրկին ենթադրենք, որ բոլոր քաղաքացիները պահում են իրենց վճարումների կտրոնները։ 

Պարզվում է՝ համակարգում կոմունալ ծառայությունների բաժանորդային համարների նույնականացումը խոտանով է աշխատում։ Բաժանորդը չէր գտնվում (չէր նույնականացվում), բայց նշված էր, որ եթե համոզված ենք՝ ճիշտ ենք լրացրել, կարող ենք շարունակել։

Համոզվելու համար օգտվեցինք բանկային հավելվածներից, որոնք հնարավորություն են տալիս բաժանորդային համարը մուտքագրելիս տեսնել անուն-ազգանունը, հասցեն և կատարել վճարում։ Այդպես համոզվեցինք, որ տվյալները ճիշտ ենք լրացրել։

Իհարկե, անապահովության գնահատման նպատակով դիմող բոլոր քաղաքացիները ունեն այս բոլոր միջոցները տվյալները նույնականացնելու համար։

Եվ, իհարկե, նույն քաղաքացիները տանը կունենան տպող սարքեր, կամ, օրինակ, գյուղական բնակավայրերում հեշտությամբ կգտնեն կենտրոններ, որտեղ շատ արագ կտպեն իրենց դիմումը, կստորագրեն ընտանիքի բոլոր անդամներով, նրանցից մեկը կտանի դա Միասնական սոցիալական ծառայություն, մյուսն էլ արդեն ստորագրված տարբերակը կսկանավորի, կվերբեռնի, կկցի Միասնական սոցիալական հարթակում իր ստեղծած դիմումին։ Ծանոթիս ՄՍԾ տարածքային կենտրոնում զգուշացրել էին, որ այս բոլոր քայլերը պետք է անել։

Վերբեռնման ժամանակ ևս խնդիր առաջացավ։

Դիմումի ստեղծման քայլերը բացատրող թերթիկում նշված չէր, թե որտեղ է «վերբեռնել» կոճակը, և ինչպես է պետք դա անել։ Այստեղ մեզ օգնության հասավ մեկ այլ ծանոթ, որն արդեն հաղթահարել էր այդ «փորձառությունը»։

Դիմումի ընթացքի և պատասխանի վերաբերյալ դեռևս նոր տեղեկություններ չունեմ. չի բացառվում, որ այս ամենից հետո ինչ-որ բան դեռ թերի կամ սխալ ենք լրացրել։ 

Դիմումի «Ծանոթություն» բաժնում նշված է, որ կախված ընտանիքի պայմաններից՝ դիմումի առցանց համակարգում պետք է վերբեռնելու միջոցով կցել համապատասխան բնօրինակ փաստաթղթերի գունավոր լուսապատճենները, օրինակ՝ ամուսնության կամ ամուսնալուծության վկայական։ Մեր կողմից լրացվող դիմումի պարագայում դրա անհրաժեշտությունը չկար, սակայն մի շարք քաղաքացիների դեպքում դա և այլ տեղեկանքներ ևս պետք է կցվեն։ Ոմանց դեպքում էլ այս դիմումից հետո պահանջվում է աշխատանք փնտրողի առցանց դիմում լրացնել:

Այս ամբողջ ընթացքում ծանոթս լուռ հետևում էր գործողություններիս, անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը փորփրում ու տալիս էր, որ լրացնեմ։ Ընթացքում հոգնում էր, բարկանում, որ իրեն ստիպել են «ուրիշին նեղություն տալ»։ Հատկապես այն պահերին, երբ պարզաբանման կարիք կար, իսկ նախարարության ու հարթակի հեռախոսահամարները չէին պատասխանում, նա որոշում էր ընդհատել ու դիմումն առաջ չտանել։ Հնարավոր է՝ շատերն այդպես էլ չեն ավարտում դիմումի լրացումը։

Պարզվում է՝ ոմանք արդեն հասցրել են գումար աշխատել՝ դիմումների լրացման ծառայություններ մատուցելով։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն օգոստոսի 14-ին հայտարարություն էր տարածել, որ, քաղաքացիների ահազանգերի համաձայն, ՄՍԾ տարածքային կենտրոնների աշխատակիցները հրաժարվում են օգնել դիմումները լրացնելու հարցում՝ համապատասխան հրահանգի պատճառով։ Սա, ըստ ՀԿ-ի, խախտում է քաղաքացիների իրավունքները։

«Համակարգի ամբողջական թվայնացումը հաշվի չի առնում այն անձանց կարիքները, որոնք չունեն սմարթֆոն, համակարգիչ, աջակցող տեխնոլոգիաներ, ինտերնետ հասանելիություն կամ սոցիալական կապեր։ ՄՍԾ կենտրոններից մերժում ստանալով՝ քաղաքացիներն ուղղորդվում են մասնավոր համակարգչային կամ պատճենահանման կենտրոններ, որտեղ դիմումն իրենց փոխարեն լրացնելու համար վճարում են 5,000-10,000 դրամ։ Սա ոչ այլ ինչ է, քան աղքատության «հարկ», որը ձևավորվել է ՄՍԾ կենտրոնների անգործության և ուղղորդված մերժումների արդյունքում»,- նշված է հայտարարության մեջ:

ՀԿ-ն պահանջում է վերականգնել թղթային դիմումների ընդունման հնարավորությունը։ 

Ես, որ դիմումատուի համար օտար մարդ եմ և իր ընտանիքի անդամի խնդրանքով եմ լրացրել դիմումը, փաստորեն, անկախ իմ կամքից, տիրապետում եմ այդ քաղաքացու անձնական տվյալներին՝ ՀԾՀ, անձնագրի համար, հասցե, էլեկտրոնային փոստ, կոմունալ ծառայությունների բաժանորդային համարներ և այլն։ Կարո՞ղ է մեկ ուրիշն անբարեխիղճ գտնվել և այս տվյալները չարամտորեն օգտագործել։ Կարող է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment