Խորապես համոզված եմ, որ այն ուսուցիչները, որոնք 15 տարվա մանկավարժական ստաժ ունեն, պետք է համարվեն ավտոմատ ատեստավորված, և նրանց աշխատավարձը պետք է բարձրանա: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Վերապատրաստումները պետք է կրեն ոչ թե աշխատավարձի բարձրացման, այլ մասնագիտական գիտելիքների վերազինման բնույթ: Նման օրենքի նախագծով մենք առաջիկայում հանդես կգանք»,- նշել է Գրիգորյանը:
Խոսելով անվճար կրթության մասին՝ խմբակցության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը պետք է լինի անվճար:
«Այս տարի համալսարան է ընդունվել մոտ 9620 աշակերտ, մինչդեռ 2021 թվականին՝ 17 000: Բուհ ընդունվածների թիվն էականորեն նվազել է, ինչը պայմանավորված է նաև սոցիալական վիճակով և ուսման վարձերի աճով»,- ասել է Գրիգորյանը: