Ընտանեկան բռնության դեմ. Աննա Հակոբյանը նոր օրենսդրություն է նախաձեռնում – Նորություններ 17.08.2026

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանում մեկնարկում է ընտանեկան բռնության դեմ պայքարի նոր, բազմափուլ արշավ, որի նպատակն է արմատախիլ անել բռնությունը թաքցնելու արատավոր պրակտիկան և երևույթը քրեականացնել որպես ինքնուրույն հանցագործություն: Այս մասին ազդարարել է վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հրապարակված հատուկ տեսաուղերձով:

«Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակոբյանն ընդգծել է բռնությունից զերծ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված և անվտանգ ընտանեկան մոդելի ձևավորման հրամայականը: Այդ նպատակին հասնելու համար առաջնահերթ է համարվում հստակ, իրատեսական և տուժողակենտրոն իրավական մեխանիզմների ներդրումը:

Այս ուղղությամբ արդեն իսկ մեկնարկել են լայնածավալ քննարկումներ տեղացի և սփյուռքահայ անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների ու նախկինում այս թեմայով զբաղված կին խորհրդարանականների հետ՝ գործող օրենսդրության բացերն ուսումնասիրելու նպատակով:

Նախաձեռնության առաջին փուլով նախատեսվում է մշակել և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել համապարփակ օրենսդրական փաթեթ: Ընդ որում, Աննա Հակոբյանը ծրագրում է աշխատանքային գործընթացին միանալու առաջարկով դիմել նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներին:

Օրենսդրական կարգավորումների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո կմեկնարկի երկրորդ փուլը, որն իր մեջ կներառի հանրային իրազեկման զանգվածային արշավ և իրավասու մարմինների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում:

Որպես գործընթացին զուգահեռ քայլ՝ հեղինակավոր մասնագետների խումբն իրականացնում է համապետական խորքային հետազոտություն, որը թույլ կտա հավաքագրել վստահելի և ամբողջական վիճակագրություն Հայաստանում կանանց նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության իրական ծավալների վերաբերյալ:

 

Leave a Comment