Շրջակա միջավայրի նախարարությունն անհամեստությո՞ւն է համարում դրամաշնորհային ծրագրի «բարձր կատարողականը» հանրայնացնելը

Շրջակա միջավայրի նախարարությունը չգիտի (կամ թաքցնում է), թե որտեղ և ինչպես են ծախսվել հողերի դեգրադացիայի դեմ պայքարի համար հատկացված ավելի քան 804 մլն դրամի դրամաշնորհային միջոցները: ՄԱԿ-ի կոնվենցիաներով ստանձնած հանձնառությունների շրջանակում իրականացված եռամյա ծրագրի կատարողականի վերաբերյալ «Հետքի» գրավոր հարցմանը նախարարությունից պատասխանել են, թե կատարված աշխատանքների վայրերի մասին «այլ տեղեկություն առկա չէ»։

Հայաստանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաները ստորագրելով, արոտների դեգրադացիան կանխելու և անտառների կայունությունը բարելավելու հանձնառություն է ստանձնել։ Մոտ 70% տարբեր աստիճանի դեգրադացվածություն և 15% խիստ դեգրադացված արոտների վիճակը բարելավելու նպատակով Կառավարությունը 2021թ-ին «Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիր» է ընդունել (N 725–Լ)։ Ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական կատարողը Շրջակա միջավայրի նախարարությունն է (ՇՄՆ)։

Ծրագիրն իրականացնելու հարցում նախարարությանն աջակցել է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը», որը հաստատել է ավելի քան 804 մլն 561 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագիր։ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» եռամյա ծրագիրն իրականացրել է ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» ՇՄՆ–ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ միասին։

Շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրավոր հարցումով ցանկացել էինք պարզել, թե Կառավարության ծրագրի գործողություններից որոնք և ինչ չափով են իրականացվել։ Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հոդվածում, ՇՄ նախարարությունը ծավալուն, միաժամանակ վերացական պատասխան էր տվել։ Կատարված աշխատանքների ցուցանիշներ էր ներկայացրել, սակայն չէր նշել, թե դրանք որտեղ են իրականացվել։

ՇՄՆ–ին ուղղված նոր գրությամբ խնդրեցինք որոշակիություն մտցնել գրությունը՝ յուրաքանչյուր կետում հստակություն մտցնելով իրականացված գործողության տեղի, ժամանակի, մասնակիցների բնակավայրերի և այլնի մասին։

ՇՄՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արկադի Խաչատրյանը կարճ և հատու պատասխան է ուղարկել։ «Ձեզ տրամադրվել է դրամաշնորհային ծրագրով իրականացված գործողությունների և ստացված արդյունքների վերաբերյալ առկա տեղեկությունը: Նշված հարցերի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունում ներկայումս այլ տեղեկություն առկա չէ»,– հայտնել է նա։ Այսինքն՝ նախարարությունը չգիտի՞, թե երբ և որտեղ է իրականացրել ծրագրային միջոցառումները։

Բաց աղբյուրներից պարզեցինք, որ ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան համայնքներում՝ 2022թ․–ի դեկտեմբերի 5-ից մինչև 2025թ․–ի փետրվարի 11-ը։ Ծրագրով նախատեսված՝ «օրենսդրության բարելավում` ուղղված Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացմանը» միջոցառման շրջանակում, նախարարության տեղեկացմամբ, մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր են մշակվել։ Գրությամբ չի տեղեկացվում, թե ինչ նպատակ ունեն օրենսդրական փոփոխությունները, ինչպե՞ս են նպաստելու հողերի դեգրադացիան կանխելուն։

Կառավարության ծրագրի հաջորդ միջոցառման՝ 4000 հեկտար դեգրադացված մարգագետինների վերականգնման մասին հայտնում են, որ «նախապայմաններ են ստեղծել 4000 հա դեգրադացված մարգագետինների վերականգնման համար»։ Դարձյալ չի ասվում, թե որ համայնքից քանի հեկտար մարգագետին նկատի ունեն, որ տարածքում են գտնվում, և որոնք են այն նախապայմանները, որ ապագայում պետք է բարելավեն մարգագետինների վիճակը։ Հայտնում են, որ իրականացված գործողությունները 15–20 տարվա ընթացքում կնպաստեն 3500–4000 հա դեգրադացված բնական կերհանդակների դեգրադացիայի չեզոքացմանը։

Տեղեկացնում են, որ 404,3 հա վարելահողերի կուլտիվացիա են իրականացրել, բարելավել են 420 հեկտար դեգրադացված արոտավայրերի և խոտհարքների վիճակը։

Հետաքրքիր է, որ նույն գործողության մասին ՄԱԿ–ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» գրասենյակի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ բոլորովին այլ թիվ է ներկայացնում։ «Ծրագիրն աջակցել է 300 հա դեգրադացված վարելահողերի բարելավմանը, որտեղ մշակվել են տեղական տեսակներ, ինչպիսիք են կորնգանը, առվույտն ու տարբեր հացահատիկներ․․․»,– ասվում է ծրագրի արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ:

Դրանից կարո՞ղ ենք հետևություն անել, որ ՇՄՆ–ն մեզ ոչ թե իրականացված աշխատանքների արդյունքների մասին իրական տեղեկատվությունն է տրամադրել, այլ Կառավարության ծրագրում գրված թվերն է հրամցրել իբրև կատարողական։ Այդ պատճառով չի նշում, թե որտեղ են կատարվել նկարագրված աշխատանքները։ Անգամ ծրագրի ընթացքում հիմնված 1.2 հեկտար «հատապտղային ցուցադրական այգին» չեն ցուցադրում։

ՇՄՆ–ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը մի քանի այսպիսի խոշոր ծրագիր է իրականացնում, սակայն epiu.am կայքը չի գործում։ Հիմնարկի ֆեյսբուքի էջը այս ծրագրի «տպավորիչ» արդյունքների մասին ընթացիկ տեղեկատվություն գրեթե չի հրապարակել։ Բացառությամբ երկու համայնքների բնակիչներին տրամադրված 120 մեղվափեթակներից մեղրաքամի արարողությունը և գյուղացիների բանջարանոցներում արված մի քանի լուսանկար։ Լուսանկարներում երևում են տնկված սյուներ և անհասկանալի ինչ–որ թփեր, որոնք «հատապտղային ցուցադրական այգու» հետ նույնականացնել հնարավոր չէ։

Կառավարության ծրագրի՝ «50 000 հա մարգագետին և 6000 հա մշակովի հողեր կայուն կառավարման պրակտիկայի ոլորտ տեղափոխում» միջոցառման վերաբերյալ  ՇՄՆ–ն հետևյալն է հայտնել«իրականացված այցերի, մշակված կառավարման պլանների և վարելահողերի արդյունավետ մշակության վերաբերյալ իրականացված ուսուցումների արդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 50 000 հա մարգագետիններ և 6 000 հա մշակովի հողեր տեղափոխվել են կայուն կառավարման պրակտիկայի կիրառման ոլորտ»:

Դարձյալ ոչ մի հստակեցում, թե որ համայնքից որքան է ներառվել ծրագրում։ Հիմնարկի ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն է տեղադրված և ասվում է, որ Թումանյան և Սիսիան համայնքներում իրականացվել է դրոնով պարարտացում։ Անօդաչու թռչող սարքի միջոցով բուսածածկ տարածքներին մատակարարվել է օրգանական կենսահեղուկ՝ ապահովելով բարձր արդյունավետությամբ արտարմատային սնուցում։ Չի ասվում, թե որտեղ են իրականացվել աշխատանքները, և ինչ ծավալի հողատարածքներ են ներառվել։

Հետաքրքիր է, որ անգամ Սիսիան և Թումանյան համայնքների պաշտոնական կայքերում ոչ մի տեղեկատվություն չկա ՇՄՆ–ի ներկայացրած այդքան «տպավորիչ» արդյունքների մասին։ Համայնքներում միշտ չէ, որ 804 մլն 561 դրամ արժողությամբ դրամաշնորհային ծրագիր է իրականացվում, և այս ծրագրի արդյունքները, եթե իրողություն են, պետք է որ լուրջ իրադարձություն լինեին նրանց համար։ Հանրապետության 1 մլն 50 000 հա արոտավայրի մեջ 50 000 հա մարգագետինը մեծ թիվ չէ, բայց երկու համայնքների համար բավականին տպավորիչ արդյունք է: Եթե հաջողվել է այդքան հողատարածք փրկել դեգրադացումից, ինչո՞ւ համայնքներում կարևորություն չի տրվել դրան։

Ահա այսպիսի կասկածելի ցուցանիշներով ավարտելով Կառավարության ընդունած հողերի դեգրադացիան չեզոքացնելու ծրագիրը՝ ՇՄՆ–ն այս տարի անցել է Կառավարության նույն ծրագրով պլանավորված և անտառների կայունությունը բարելավելու հանձառության կատարմանը։

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը» ՇՄՆ–ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ 2026թ․ հուլիսի 13-ից ծրագրի երկրորդ փուլն է սկսել։ Շուրջ 343 մլն 240 հազար դրամ արժողությամբ դրամաշնորհային նոր ծրագիրը միտված է անտառների կայունության բարելավմանը, տարածքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, ինչպես նաև հարմարվողականության բարձրացմանը։ Ծրագիրը դարձյալ իրականացվելու է Սյունիքի և Լոռու մարզերում՝ հստակ տեղը  չի ասվում։ Այն կտևի մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։

Լուսանկարները՝ ՇՄՆ-ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Ֆեյսբուքյան էջից



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment