2013 թ. ամռան մի օր Արցախի Տիգրանակերտ հնավայրում պեղումների նախատեսված աշխատանքները կատարելուց հետո Արցախի հնագիտական արշավախմբի մասնակիցները՝ գիտնականներն ու հողային աշխատանքներին մասնակցած հարակից գյուղերի բնակիչները, լուսանկարվել են։ Դժվար է ենթադրել՝ ով ինչ էր մտածում այդ պահին, բայց լուսանկարում, կարծես, գոհունակության ժպիտ կա հազարամյակների հայկական հետքերը պեղող այս մարդկանց դեմքերին։
Սա պեղումների ժամանակ արված տասնյակ լուսանկարներից մեկն է. ամեն տարի հերթական պեղումներն ավարտելուց հետո նրանք խմբակային լուսանկարվում էին։ Այս լուսանկարը տեղ է գտել «Արցախի Տիգրանակերտ․ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գրքում։ Աշխատությունը լույս է տեսել 2025 թ. ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհուրդների երաշխավորությամբ:
Տարիներ անց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնագետ, ՀԱԻ-ում Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն անսքող տխրությամբ է վերհիշում արցախյան պեղումների օրերը, երբ հնագիտական որեւէ բացահայտում ոգեւորությամբ էր լցնում անգամ գիտությունից հեռու մարդկանց սրտերը: Նա Արցախի Տիգրանակերտ քաղաքի հետքերը բացահայտողն է։
Այսօր հնագետի տխրությանը միախառնված է դառնությունը՝ գրքի հրատարակմանը զուգահեռ փոխվել են Արցախի նկատմամբ վերաբերմունքն ու խոսույթը իշխանական օղակներում։
Նոյեմբերի 9-ից հետո գրքի հրատարակումն այլընտրանք չուներ
Պրոֆեսոր Պետրոսյանը պահարանից վերցնում է Տիգրանակերտի մասին գիրքը։ Գրքի կարմրաշագանակագույն շապիկին սպիտակ կրաքարով կառուցված քաղաքի հետքերն են։
Գրքի ստեղծումը, հրատարակումն ու հետագա ընթացքը դարձել են լակմուսի թուղթ Արցախի նկատմամբ պետական քաղաքականության փոփոխության ճանապարհին: Սկզբից խանդավառություն կար, հետո ի հայտ եկան զգուշավորությունը, անտարբերությունն ու մոռացումը Արցախի պատմության հանդեպ։ Կարճ ասած՝ այս գրքի անցած ճանապարհը կարելի է համարել ՀՀ իշխանությունների կողմից Արցախը մոռացության տալու ժամանակագրությունը, սակայն գիրքն ինքնին զանգի պես է՝ հիշեցնում է Արցախի Տիգրանակերտի պատմությունը, ընդ որում՝ առանց որեւէ զգացական նոտայի՝ գիտական կուռ կառուցվածքով ու փաստերով:
Դեռ 2012 թ․ Համլետ Պետրոսյանը մտածում էր գիրք հրատարակել Արցախի Տիգրանակերտի մասին: Նույնիսկ պայմանագիր էր կնքել հրատարակչության հետ, սակայն շուտով չեղարկել էր։ Մտածում էր, թե Տիգրանակերտից շատ հարցերի պատասխաններ դեռ չի ստացել, ուսումնասիրությունը շարունակելու կարիք կա։ Սակայն 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Տիգրանակերտի կորուստն այլընտրանք չէր թողել՝ գիրքը պետք է հրատարակվեր։ Մյուս կողմից՝ այդ 8 տարիներին Պետրոսյանն իր թիմով հասցրել էր ստանալ շատ հարցերի պատասխաններ, որոնք ամփոփված են գրքում։
Տիգրան Մեծի քաղաքը՝ Խաչենագետի հովտում
Տիգրանակերտի հնագիտական հետազոտությունն Արցախում երբեւէ նախաձեռնված ամենաընդարձակ հնագիտական նախագիծն էր։ Այն հնարավորություն տվեց Արցախ-Ուտիքը ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի ծայրագավառ, այլ շատ ավելի ընդարձակ քաղաքակրթական համատեքստի մի մաս, որի ռազմական, տնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկն էլ Տիգրանակերտն է։ Այս մասին ասվում է tigranakert.org կայքում, որի ստեղծման նախաձեռնողը պրոֆեսոր Պետրոսյանն է։
Ամրացված թաղամասի հյուսիսային պարիսպը հեռվից, 2014 թ.
«Արցախի Տիգրանակերտ․ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գիրքը ճամփորդություն է դեպի անցյալ՝ հնագիտական փաստերով, աղբյուրագիտական տվյալներով, 600 լուսանկարներով, գծագրերով, քարտեզներով։ Այն չի թողնում ձանձրանալ, գիտական խոսքը կենդանի է, համապարփակ՝ ներկայացված նաեւ տեսողական պատկերներով։ Գրքում շերտ առ շերտ բացվում է բնակավայրի պատմությունը՝ տեղորոշումից, շրջակայքից, կառուցապատումից, գործառույթներից, պեղումներում հայտնաբերված ցուցանմուշների նկարագրությունից եւ այլն, ապա հասնում հուշարձանի ու հասարակության հարաբերություններին:
Գրքում ընդգրկված է հայ եւ այլազգի 21 հեղինակ, սակայն այս բազմազանությունից աշխատության հավաքական ձեռագիրը չի տուժել, եւ գիրքը, կարծես, մի ձեռագրով գրված լինի: Գրքի խմբագիրը, նախաձեռնողն ու համահեղինակն ասում է՝ սկզբից էլ այդպիսի նպատակ էր դրվել՝ գիրքը մենագրության տեսք պետք է ունենար՝ չնայած հեղինակների բազմազանությանը։ «Տիգրանակերտի մասին կարդալիս մարդիկ պարտավոր չեն զանազան հոդվածներ կարդալ: Ի վերջո, սա վերջին շանսն է»,- ասում է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը:
Արցախի Տիգրանակերտը, ըստ գրքի, մ.թ.ա. 90-ական թթ. հիմնել է հայոց արքա Տիգրան Բ Մեծը (մ․թ․ա․ 95-55 թթ.)։ Քաղաքի հետքերը 2005 թ. հայտնաբերել եւ 2006-2020 թթ. դրա տարածքում պեղումներ է իրականացրել Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության խումբը:
Այս Տիգրանակերտը Տիգրան Բ Մեծի անունը կրող բազմաթիվ բնակավայրերից միակն է, որի տեղը ճշգրիտ պարզված է, եւ որը ենթարկվել է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թ. ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:
Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի Ասկերանի շրջանում՝ լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի՝ Խաչենագետի հովտում։ Այն տարածվում է Վանքասար լեռան հարավարեւելյան ներքնալանջի վրա եւ դրան կից գոգավորությունում՝ արքայական աղբյուրների (Շահբուլաղ) հարեւանությամբ՝ զբաղեցնելով ավելի քան 70 հա տարածություն։
Ամրացված թաղամասի ընդհանուր տեսքը Վանքասարի ստորին հարավարեւելյան լանջին, 2020 թ.
Երբ 2006 թ․ հուլիսին գիտնականներն սկսեցին պեղումները, հնագիտական հսկայական նյութ գտան։ Մ.թ.ա. մոտավորապես 2-1-ին դարերի գունազարդ խեցեղենն ուղղակի հողի վերին շերտերում էր:
«Մենք գտել ենք մոտավորապես Տիգրանի ժամանակին վերաբերող ամրաշինական հետքեր ու խեցեղեն, եւ այդտեղից սկսեցինք պեղումները»,- նշում է Հ. Պետրոսյանը:
«Մեր գյուտն այն էր, որ Տիգրանակերտը Վանքասար լեռան ստորոտում էր: Այդ սարի վրա կա 7-րդ դարի մի եկեղեցի, ադրբեջանցիները հոդվածներ էին գրել, իրենց հայտնի պրոֆեսոր Յամպոլսկին էլ գրել էր, թե այդ եկեղեցին աղվանական է: Խնդիրն այն է, որ Յամպոլսկին ասում էր, թե այդ եկեղեցին այնքան հայտնի է, որ ժայռերի միջով ճանապարհ են ստեղծել դեպի եկեղեցի: Ինքը, լինելով դոկտոր, պրոֆեսոր, այդ սխալը թույլ էր տվել, իսկ ադրբեջանցիներն էլ գնացել տեսել էին՝ ասելով, թե սրանք էլ դեպի եկեղեցի տանող աստիճաններն են: Մեր հետազոտություններից հասկացանք, որ դա ճանապարհ չէր, որովհետեւ այն մի քանի կիլոմետրով ընդհատվում է, ժայռերի մեջ փորվածքներ չկան, երկրորդը՝ ակնհայտ է, որ ունի շրջան, կիսաշրջան, ունի բարձրություն մինչեւ 80 սմ, որտեղ ձին չի կարող բարձանալ։ Մեր գյուտն այն է, որ հասկացանք՝ դա ոչ թե ճանապարհ էր, այլ ժայռերի մեջ փորված պարսպի հիմքերն էին։ Եկանք այն եզրակացության, որ գործ ունենք մի հնավայրի հետ, որտեղ ժամանակին եղել է ամրոց»,- մանրամասնում է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը: Պեղումները շարունակվեցին մինչեւ 2020 թ.:
Ամրացված թաղամաս. հարավային պարսպապատի հետքերը, 2005 թ.
«Կարո՞ղ ես պեղել Տիգրանակերտը»
Ամեն ինչ սկսվեց մի պարզ հարցից։ Մարտակերտի վարչակազմի նախկին ղեկավար Սեւակ Արծրունին 2005 թ. պրոֆեսոր Պետրոսյանին հարցրել էր, թե արդյոք չի ցանկանում պեղել Տիգրանակերտը: Վերջինս պատասխանել էր, թե ֆանտաստիկ բան է ասում, բայց կփորձի: Դրա համար, սակայն, որեւէ գիտական նախապատրաստություն կամ հուշում չկար: Ըստ Արծրունու՝ Մարտակերտից Ստեփանակերտ տանող ճանապարհն անցնում էր Տիգրանակերտի կողքով, եւ նրան ինչ-որ մեկն ասել էր, թե լսել է՝ այնտեղ Տիգրանակերտ քաղաքն է: «Միշտ էլ խոսակցություններ կային, որ այդտեղ քաղաք կա: 18-րդ դարից սկսած՝ ով անցել է, լսել է այդ մասին, ադրբեջանցիներն էլ են լսել, բայց չեն կարողացել գտնել»,- ասում է Համլետ Պետրոսյանը:
Ի վերջո, Արծրունու հետ զրույցը դարձել է բարդ հնագիտական հետազոտության շարժառիթ։
Արցախի Տիգրանակերտի մասին առկա աղբյուրագիտական, տեղագրական ու պատմագիտական նյութերի քննությունը հիմք էր տալիս հավանական համարել, որ բնակավայրի ավերակները պետք է փնտրել Խաչենագետի ներքնահովտում, այնտեղ, որտեղ Արցախյան լեռնաշղթան շեշտակի անկումներով ձուլվում է տափաստանի հետ, եւ որտեղով հնում հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք ձգվող մոտավոր գծով իրարից բաժանվում էին Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք նահանգները: Ըստ 7-րդ դարի պատմիչ Սեբեոսի՝ հենց այս գծի վրա էին գտնվում մյուս Տիգրանակերտը, որը պատկանում էր Ուտիքին, եւ Տիգրանակերտ ավանը, որը պատկանում էր Արցախին: Արցախի Տիգրանակերտը հստակորեն տեղայնացնելու համար հետազոտական խումբը 2005 թ. որպես պայմանական կենտրոն ընդունել էր Խաչենագետի՝ հարթավայր դուրս գալու կետը, եւ ուսումնասիրել մոտ 10 կմ շառավղով ընդարձակ տարածքի հուշարձանները:
Հետազոտության արդյունքները բերեցին այն եզրակացության, որ Տիգրանակերտի ավերակները պետք է փնտրել արքայական աղբյուրների (Շահբուլաղ) շրջակայքում, որը 19-րդ դարի տեղագիրների մոտ հայտնի է նաեւ Թնգրնակերտ, Թառնակերտ, Թառանյուրտ կամ Թառնագյուրտ անուններով, ինչը հնչողությամբ շատ մոտ է Մովսես Կաղանկատվացու օգտագործած Տկռակերտին եւ, ի վերջո, Տիգրանակերտին:
Ամրացված թաղամաս. կվադրերի համար նախատեսված աստիճանաձեւ ժայռափոր ժապավենները, 2005 թ.
Արքայական աղբյուրներից մոտ 130 մետր դեպի հյուսիս-արեւմուտք՝ Վանքասարի հարավարեւելյան ստորին լեռանալանջի վրա, վավերացվեցին բնակավայրի ընդարձակ ամրակառույցների հետքերը (մոտ 400 մ), պարսպապատերի կվադրերի համար նախատեսված ժայռափոր ժապավենաձեւ հիմքերը, ինչպես նաեւ կիսաշրջան, լիաշրջան եւ ուղղանկյուն աշտարակների հիմքերը, որոնցից դեպի հյուսիս-արեւելք ձգվող ընդարձակ լանջի վրա գիտնականները հենց գետնի վրա հավաքեցին մ. թ. ա. 1-ից մինչեւ մ. թ. 1-ին դարեր թվագրվող գունազարդ խեցեղինի մի քանի տասնյակ բեկորներ:
Գունազարդ խեցեղենի բեկորներ` հավաքված Ամրացված թաղամասից (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 1-ին դարեր), 2005 թ.
Տիգրանակերտը միայն պեղումների մասին չէր
Համլետ Պետրոսյանն ասում է, որ Տիգրանակերտի իրենց արշավախումբը զբաղվում էր ոչ միայն պեղումներով, այլեւ հետազոտական աշխատանքներով, եւ ինքը չգիտի որեւէ գիտական արշավախումբ, որն այդքան կարճ ժամանակում այդքան շատ գիտական թեմաներով ատենախոսություններ պաշտպանած լինի:
Անտիկ դամբարանադաշտի ընդհանուր տեսքը 2018 թ. պեղումների ժամանակ
«Այդ տեսակետից ինձ հաջողվում էր ստեղծել մի դպրոց, որովհետեւ ազգային-ազգագրական ալիքների վրա տեղական պատրիոտիզմը կարող էր սքողել գիտական նվաճումները։ Փորձել եմ ստեղծել արցախահայության ֆունդամենտալ մի բան եւ կարծում էի, թե այդպես էլ կշարունակվի։ Բայց 2020 թ․ հասկացա, որ ավելի լավ է՝ ովքեր ներգրավված էին, բոլորը մասնակցեն այս գրքի ստեղծմանը։ Միանշանակ եմ ասում՝ հայաստանյան գիտությունը չի կարող բերել հայկական որեւէ հուշարձանի հնագիտական հետազոտությանը նվիրված այսպիսի գիրք: Մենք ունենք Դվինի մասին տասնյակ հատորներ, Արտաշատի մասին բազմաթիվ գրքեր, բայց ոչ մի հնագիտական հուշարձան այդպես բազմակողմանի ամփոփոված չէ մեկ հատորում»,- պնդում է պրոֆեսոր Պետրոսյանը։
Եվ ոչ մի արձագանք ՀՀ կառավարությունից
Գրքի հրատարակման աշխատանքներին զուգահեռ սկսել էր փոխվել ՀՀ իշխանությունների վերաբերմունքը Արցախի հանդեպ:
«Գիրքը ստեղծելուն զուգահեռ, կարծեք թե, փոխվում էր վերաբերմունքը դեպի Արցախը, եւ փոխվում էր հայկական քաղաքական, իշխանական խոսույթը: Արդյունքում մարդիկ, ովքեր աջակցեցին, օժանդակեցին, գիրքը լույս տեսնելուց հետո փորձում են հեռանալ՝ ինչ-որ միջակայք ստեղծելով իրենց եւ այդ ամենի միջեւ: Պատկերացրեք, գիրքը նվիրել եմ ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, բաժնի վարիչներին, որեւէ մեկը նույնիսկ չի զանգել ասել շնորհակալություն: Գրքի շնորհանդեսին որեւէ պաշտոնական դեմք չի ներկայացրել, եւ դա շարունակվում է մինչ օրս: Կարծեք, որեւէ մեկն իրենց մեղադրելու էր, թե ինչու եք շնորհավորում Տիգրանակերտի մասին գիրքը»,- մանրամասնում է գիտությունների դոկտորը:
Ամրացված թաղամասի հատակագիծը, 2018 թ․
Չնայած այս վերաբերմունքին՝ գիրքը թարգմանվել է ռուսերեն եւ անգլերեն, այս պահին ընթանում են խմբագրման աշխատանքները: Առաջիկայում մտադիր են գիրքը հասանելի է դարձնել նաեւ էլեկտրոնային տարբերակով:
Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպի վերին հատվածը, 2009 թ.
«Եթե մի հանրույթ այդքան թույլ է գտնվում, անհատն իրավունք ունի այդ հանրույթի գործն իր վրա վերցնել: Ես միշտ ասում եմ՝ կարծես թե, վերադառնում ենք Մխիթարյանների ժամանակ, երբ Ղեւոնդ Ալիշանը կարող էր իր վրա վերցնել հայության գործը: Համարյա նման իրավիճակ է, ինչն ինձ շատ է դառնացնում, որովհետեւ, կարծեք թե, այս ամենը ես արել եմ այս մարդկանց համար, ամեն ինչ արել եմ, որ Տիգրանակերտը չհայտնվի թշնամու ձեռքում, ապացույցներ եմ բերել: Ես երբեք չեմ շեշտադրել ազգայնական մոտեցումները, երբեք գովասանքով, պրոպագանդայով չեմ զբաղվել: Նույնիսկ հիմա մեր հայագետ որոշ ընկերներ ասում են, որ իմ որոշ հոդվածներ ադրբեջանցիները հղում են, ես էլ ասում եմ՝ ես գրել եմ այն, ինչն իրականություն է: Եթե փորձեի գոնե մի փոքր անգամ գունազարդեի, դա կնշանակեր իջեցնել Տիգրանակերտի կարեւորությունը, որովհետեւ մարդիկ ինձ չեն հավատա: Իմ հիմնական հոդվածներն աշխատել եմ հրատարակել դրսում, դրանք հիմնականում անգլերեն են, մեր մշակույթի գրավչությունը նրա հարստության մեջ է, մանրամասների մեջ է, եւ կարիք չկա ամպագոռգոռ բաներ անելու»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:
Ջրանցքի երկրորդ թունելի տեսքը 2020 թ. պեղումներից հետո
«Երբ 2020 թ. Արցախն այդ վիճակում էր, շատ դրամաշնորհներ սկսեցին բաժանել: Որ ասում են՝ մեռելի վրա փող հավաքողները շատանում են, նրանք բոլորը կամաց-կամաց հեռանում են, որովհետեւ այս դաշտն այլեւս հատուկ ուշադրության, գուրգուրանքի թեմա չէ,- նշում է դոկտոր Պետրոսյանն ու հավելում,- բայց մեր Monument Watch-ը, մեր աշակերտները փորձում են շարունակել»:
Վերջին հանդիպումը
Դժվար է պատկերացնել, թե ինչ է զգացել հնագետը՝ վերջին անգամ նայելով իր բացահայտած քաղաքին, որտեղ դեռ այնքան անելիք ունեին:
Վաղքրիստոնեական հրապարակի ընդհանուր տեսքը պեղումներից հետո
2020 թ. հոկտեմբերի 19-ն էր։ Ասկերանից իր ընկերոջ հետ գնացել էր Տիգրանակերտ՝ տեղի թանգարանից վերցնելու ցուցանմուշները։
«Անպայման պետք է շարունակել Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեման։ Ադրբեջանը պարտավոր է հարգել Արցախի մշակութային ժառանգությունը, ինչը չի անում։ Ես զարմանում եմ, որ մերոնք փոխանակ ասեն՝ ի՞նչ կապ ունի, թե պատերազմ է եղել եւ այլն, լռում են: Ի՞նչ է, մեր անցյալն ենք տալու՞ թշնամուն»,- կիսահռետորական հարցնում է հնագետը:
Վաղքրիստոնեական հրապարակ. մեծ եկեղեցու տեսքը հարավ-արեւմուտքից
Համլետ Պետրոսյանն իր ուսանողների հետ շարունակում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության թեման՝ իրականացնելով Monument Watch նախագիծը:
Արցախի թեման շարունակական է
«Ինձ համար Արցախի թեման չի կենտրոնանում միայն Տիգրանակերտի վրա»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ մատնացույց անելով Արցախի կոթողային մշակույթի, թանգարանների մասին գրքերը։
«Ժամանակին մի քանի հոդված էի գրել հայկական սգի մշակույթի մասին՝ ողջերն ու մեռածները: Նույնիսկ այդպես կարելի է համեմատություն անել, որ այնպիսի իրավիճակում ենք, որ հերիք չէ հարազատ ես կորցրել, քեզ արգելում էլ են սգալ նրա վրա: Մեկ-մեկ հիասթափվում ես, ասում եմ՝ ընդհանրապես իմաստ ունի՞ այս ամենը, ինչի՞ համար է արվել, լավ, պատերազմը, պարտությունը, պատճառները չենք քննարկում, բայց ո՞նց կարելի է հանուն մի փոր հացի փորձել ուրանալ ամեն ինչ»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ Հ. Պետրոսյանի՝ որպես մասնագետ լուրջ խնդիրներ ունի Արցախի մշակութային ժառանգությունը հետազոտելու հարցում եւ ստիպված է մասնավոր կարգով անել այն, ինչ կարող է:
«Վերջերս մի գիտաժողով պիտի ունենայինք՝ նվիրված Monument Watch-ի 5-ամյակին: Կողքից մարդիկ մտածում էին, թե հերիք չի, որ ես իմ տաք գլուխը դրել եմ վտանգի տակ, կարող է ուրիշիներին էլ եմ ներքաշում այդ վտանգի մեջ: Մտածեցի՝ եթե ԵՊՀ-ում անենք, խնդիրներ կառաջանան, եթե Հնագիտության ինստիտուտում անենք, որովհետեւ ես Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտական խմբի ղեկավարն եմ, էլի խնդիրներ կծագեն, ընտրեցի Դվինը, բայց այդքան էլ հեռատես չէի, չմտածեցի, որ Դվինը մի քանի տարի առաջ դարձել է պատմամշակութային արգելոց-թանգարան, եւ ենթարկվում է ԿԳՄՍՆ-ին: Ինձ կանչեցին, ասացին՝ Դուք հակակառավարական միջոցառում եք անում կառավարական կազմակերպությունում»,- պատմում է Համլետ Պետրոսյանը:
Գիտնականն ասում է, որ ՀՀ իշխանությունները գուցե ուղիղ, միագիծ չեն ասում, բայց անընդհատ հասկացնում են, որ Գիտության կոմիտեին ներկայացվող նախագծերում չի կարելի կիրառել «Արցախ», «Լեռնային Ղարաբաղ» եզրերը, այլ պետք է ասել «Ղարաբաղ»:
Վաղքրիստոնեական հրապարակի մեծ եկեղեցու շքամուտքի խոյակներից մեկը
Միաժամանակ շեշտում է, որ ընդգծված քաղաքական հայացքներ չունի, որեւէ ուժի չի հարում, կուսակցության անդամ չի եղել եւ զարմանում է՝ իրեն խորհուրդ են տալիս կամ ակնարկում են, որ իր մասնագիտությամբ չզբաղվի: Ի պատասխան տարբեր ատյանների ակնարկների՝ պատասխանում է, թե գուցե մի հրաման տան, որտեղ գրված լինի, որ Հայաստանում գիտնականներին արգելվում է օգտագործել այս կամ այն եզրույթը:
Նկատում է, որ Տիգրանակերտի մասին գիրքը դրա վառ ապացույցն է. երբ աշխատանքը նոր էին սկսել, բոլորը հիանում էին գաղափարով, իսկ հետո այդ ոգեւորությունն սկսեց մարել:
Տիգրանակերտի հայտնագործումը պատասխան էր Ալիեւին
Գրքում Համլետ Պետրոսյանն անդրադարձել է նաեւ Տիգրանակերտում իրենց հնագիտական աշխատանքների վերաբերյալ ադրբեջանական արձագանքներին: Սկզբում Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը լի էր քամահրանքով, անլուրջ պիտակներով. շեշտվում էր ՀՀ իշխանությունների եւ ԳԱԱ-ի զգուշավոր կեցվածքը այդ նախաձեռնությանը, իսկ ահա երկրորդր փուլում ադրբեջանցիներն սկսել էին քաղաքական պատասխանատուներ փնտրել:
Իր արշավախմբին, ըստ Պետրոսյանի, մնում էր պատասխանել նոր պեղումներով ու փաստերով: Եվ երբ 2008 թ. պեղումների նոր արդյունքները ներկայացվեցին, ադրբեջանցի հետազոտողների համար արդեն դժվար էր պնդել, թե այնտեղ քաղաք չկա: Բայց նրանք, իրենց քարոզչական ու հակագիտական գծի մեջ մնալով, սկսել էին հոդվածներ գրել նույնիսկ այն մասին, որ եղել է Տիգրանակերտ քաղաք, բայց այն աղվանական էր ու չի գտնվել այն վայրում, որտեղ հայերն են գտել: «Այսինքն՝ ընդունում են, որ հայ հնագետները հայտնաբերել են Տիգրանի ժամանակներում կառուցված մի քաղաք, որը, սակայն, Տիգրանակերտը չէ»,-նշում է հայ գիտնականը:
Քիչ չեն եղել նաեւ հայկական անդրադարձները, այդ թվում՝ քննադատական, որտեղ կասկածի տակ են դրվել հնագիտական փաստերը: Ընդ որում՝ դրանց հեղինակները եղել են հայտնի հայ պատմաբաններ:
«Տիգրանակերտի հայտնագործումը մեր թիմի համար սկզբնապես մի նախաձեռնություն էր, որով ուզում էինք պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե հայերն Արցախում հայտնվել են 19-րդ դարում: Բայց հետագայում, տեսնելով հուշարձանի հանդեպ հազարավոր մարդկանց տածած գորովանքը, հպարտությունը, մենք եկանք այն եզրակացության, որ այն Արցախի մշակութային առաջընթացի ազդակներից մեկն է, եւ հետազոտությունը պիտի շարունակել»,- ասվում է «Արցախի Տիգրանակերտ․ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գրքում:
Տիգրանակերտում մնացել է չպեղված եւ չհետազոտված մեծ նյութ: Համաձայն ադրբեջանական մեդիայի ուսումնասիրությունների եւ արբանյակային լուսանկարների՝ հնավայրի տարածքում ադրբեջանցիները սկզբում խնջույքներ են կազմակերպել, իսկ հիմա դրա մի հատվածում սկսել են պեղումներ անել:
ՀԳ. Համլետ Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Տիգրանակերտի պեղումներն իրականացվել են բացառապես Արցախի Հանրապետության իշխանությունների ֆինանսավորմամբ:
Առաջին լուսանկարում՝ Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, առաջին կլոր աշտարակը, 2017 թ.
Լուսանկարները՝ հեղինակի, tigranakert.org կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter