Մեքքայի պակտը․ «Իսլամական ՆԱՏՕ»-ի ծնո՞ւնդ, թե՞ աշխարհաքաղաքական մեծ բլեֆ

Մեքքայի պակտը․ «Իսլամական ՆԱՏՕ»-ի ծնո՞ւնդ, թե՞ աշխարհաքաղաքական մեծ բլեֆ

2026թ․ օգոստոսի 7-ին Մեքքայում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների կողմից ստորագրվեց «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», որը միս ու արյուն ստանալու պարագայում վերաձևելու է Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի անվտանգային ճարտարապետությունը: Այդ փաստաթուղթն արդեն անվանում են «իսլամական ՆԱՏՕ-ի» ստեղծման առաջին գործնական քայլ։

Փաստաթղթի առանցքային սկզբունքը հավաքական ինքնապաշտպանությունն է։ «Մեկի վրա հարձակումը՝ հարձակում է բոլորի վրա» դրույթը սահմանում է, որ դաշնակիցներից որևէ մեկի դեմ զինված ագրեսիան կդիտարկվի որպես սպառնալիք բոլոր երեք պետությունների համար՝ ենթադրելով օպերատիվ կոորդինացում, հետախուզական տվյալների փոխանակում և համատեղ զսպման մեխանիզմների գործադրում։

Այս համաձայնագիրը խարսխվում է երեք պետությունների ներուժի միավորման վրա․ Էր-Ռիադի էներգետիկ-ֆինանսական հնարավորությունները, Անկարայի ՆԱՏՕ-ական ռազմարդյունաբերական առաջադեմ տեխնոլոգիաները և Իսլամաբադի՝ միջուկային տերության կարգավիճակը։ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ոչ միայն ամրապնդում են դիրքերը, այլև հայտ են ներկայացնում իրենց ուժերով տնօրինելու տարածաշրջանի անվտանգության ապագան։

Ինչո՞ւ հիմա

Մեքքայի համաձայնագիրը համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ արձանագրվող տեկտոնիկ տրանսֆորմացիաների հետևանքն է: Գլխավոր կատալիզատորը Արևմուտքի և հատկապես ամերիկյան «անվտանգության հովանոցի» թուլացումն է։ ԱՄՆ-ի ռազմավարական կենտրոնացումը դեպի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Վաշինգտոնի անկանխատեսելիությունը, ինչպես նաև հակաիրանական կամպանիայում մերձավորարևելյան գործընկեր երկրների տարածքներն արտաքին ագրեսիայից պաշտպանելու փաստացի անկարողությունը դրդում են տարածաշրջանային արաբական տերություններին կասկածի տակ դնել ամերիկյան երաշխիքների հուսալիությունը: Դրանից օգտվեցին Թուրքիան ու Պակիստանը, և միաբևեռ աշխարհակարգի էրոզիայի ֆոնին Էր-Ռիադը, Անկարան և Իսլամաբադը հավակնում են ձևավորելու ազդեցության սեփական «չորրորդ բևեռը»:

Դաշինքի հիմքում մասնակիցների փոխլրացնող ռազմավարական կարիքներն են: Սաուդյան Արաբիայի համար, Իրանի հետ հարաբերությունների անկայունության ֆոնին, անվտանգային սպառնալիքների զսպումն ու կայունության ապահովումն անկյունաքարային են իր ամբիցիոզ տնտեսական և ներդրումային ծրագիրն իրագործելու համար: Թուրքիան, գրանցելով ռազմարդյունաբերական ակնառու առաջընթաց, ունի արաբական հարուստ երկրների հսկայական ֆինանսական ներարկումների կարիքը։ Անկարան նաև չի հրաժարվել իսլամական աշխարհում իր առաջնորդող դիրքերն ընդլայնելու ռազմավարությունից։ Պակիստանը, գտնվելով ծանր տնտեսական դրության մեջ, փորձում է «կապիտալիզացնել» իր ռազմական հզորությունն ու իսլամական միակ միջուկային տերության կարգավիճակը:

Մեքքայի համաձայնագրի տեքստում ամրագրված է «բաց ձևաչափի» սկզբունքը, ինչը փաստում է, որ դաշինքը նախագծվել է ընդլայնման հեռանկարով։ Նախաձեռնողների բնույթից դատելով և Մեքքայի սիմվոլիմը հաշվի առնելով՝ այդ գործընթացը կարող է լինել խիստ ընտրողական՝ պայմանավորված աշխարհագրական, քաղաքական և դավանաբանական գործոններով: Դաշինքի ընդլայնման առաջնային թեկնածուներն են Պարսից ծոցի երկրները, հատկապես Կատարը, որն արդեն ունի խորը ռազմական դաշինք Թուրքիայի հետ, ինչպես նաև Եգիպտոսը, որի ներգրավումը կառույցին կտա համաարաբական հսկայական կշիռ: Հարավային Կովկասի ուղղությամբ ամենահավանական մասնակիցը Ադրբեջանն է. Բաքվի միացումը կամ ասոցացված մասնակցությունը տեղավորվում է «Երեք եղբայրների» (Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան) գործընկերության, Էր-Ռիադի հետ ջերմ կապերի տրամաբանության մեջ:

Երկրորդական շերտում կարող են դիտարկվել Հորդանանն ու Մարոկկոն, որոնք ունեն սերտ ռազմաքաղաքական կապեր Սաուդյան Արաբիայի հետ և ակտիվորեն գնում են թուրքական սպառազինություն:

Սակայն այս հեռանկարը կարող է իրատեսական դառնալ միայն այն բանից հետո, երբ դաշինքը թղթայինից վերածվի առարկայականի, ինչին խանգարում են շատ էական հանգամանքներ։

Դաշինքի խոցելիությունը և խորքային հակասությունները

Էր-Ռիադը, Անկարան և Իսլամաբադը, արդեն նշված համընկնող շահերի ֆոնին ունեն ոչ պակաս ծանրակշիռ հակասություններ: Առաջին խնդիրը իսլամական աշխարհի առաջնորդի կարգավիճակի համար պատմական մրցակցությունն է, որտեղ արաբական աշխարհի կենտրոն Սաուդյան Արաբիան և Օսմանյան ժառանգությամբ առաջնորդվող Թուրքիան ունեն գաղափարախոսական խոր տարբերություններ: Բացի այդ, թեև դաշինքն առավելապես ընկալվում է որպես հակաիրանական, սակայն «դաշնակիցները» Թեհրանի նկատմամբ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Էր-Ռիադի համար Թեհրանը գլխավոր մրցակից է, ապա Անկարան և Իսլամաբադն ունեն Իրանի հետ էներգետիկ, տնտեսական ու սահմանային սերտ կապվածություն։ Իրանի հետ ռազմական էսկալացիան չափազանց մեծ ռիսկ է նրանց համար։

Բացի այդ, Սաուդյան Արաբիան տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարել Հնդկաստանում։ Դժվար է պատկերացնել, որ նա թույլ կտա Պակիստանին այս պակտն օգտագործել Նյու Դելիի դեմ պատերազմում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ՆԱՏՕ-ական անդամակցությունն ու Սաուդյան Արաբիայի՝ ԱՄՆ-ի հետ ունեցած անվտանգային պարտավորությունները էական լծակ են Վաշինգտոնի համար՝ ըստ անհրաժեշտության ստիպելու սահմանափակել ռազմական ինտեգրումը։ Իսկ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման սաուդյան հաշվարկները, Աբրահամյան համաձայնության շրջանակներում կարգավորվող հարաբերություններն ուղիղ բախվում են Անկարայի և Իսլամաբադի կոշտ հակաիսրայելական դիրքորոշմանը:

Այսինքն՝ տնտեսական անհամաչափությունը, պատմական փոխադարձ անվստահությունը, տարամիտվող շահերը Մեքքայի համաձայնագիրը ավելի շատ դարձնում են ռազմատեխնիկական և ֆինանսական գործընկերության պլատֆորմ, քան իրական հավաքական պաշտպանության դաշինք: Եթե մասնակիցներից որևէ մեկը ներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ, մյուս երկու անդամները, այս պահին առկա հարաբերակցության պայմաններում, ամենայն հավանականությամբ, կնախընտրեն պահպանել չեզոքություն: Բայցևայնպես նման դաշինքի ստեղծման անգամ փորձը վկայում է մեկ բանի մասին․ մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ-ն կրում է խոշոր ռազմավարական պարտություն և կորցնում անվտանգային հովանոցի իր կարգավիճակը՝ դրանից բխող տնտեսական ո էներգետիկ պրիվիլեգիաներով հանդերձ։

Ուժը ծնում է հակաուժ․ դաշինքը կծնի՞ հակադաշինք

Բացի վերոնշյալը, դժվար է պատկերացնել, որ երեք երկրները չեն հաշվարկել նման դաշիքն կազմելու հետևանքները՝ նաև հակակշիռների ստեղծման իմաստով։ Հնդկաստանի համար Քաշմիրի հարցում Պակիստանին աջակցող Անկարայի և Իսլամաբադի ռազմական դաշինքը՝ սաուդյան ֆինանսական ներուժի պոտենցիալ ներգրավմամբ, ստեղծում է ռազմավարական շրջափակման և հակառակորդի կտրուկ ռազմականացման իրական վտանգ: Նույնքան լուրջ է Իրանի մտահոգությունը. Թեհրանն այս եռյակը դիտարկում է որպես իր սահմանների երկայնքով ձևավորվող «սուննիական ռազմական պատնեշ»:

Անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանում նաև Հայաստանի, Իսրայելի և Հունաստանի համար: Բաքվի գլխավոր ռազմական դաշնակիցների՝ Թուրքիայի և Պակիստանի դիրքերի ամրապնդումը խորացնում է ուժային դիսբալանսը Հարավային Կովկասում՝ մեծացնելով Ադրբեջանին ցուցաբերվող քաղաքական ու տեխնոլոգիական աջակցությունը: Իսրայելի համար այս դաշինքը ձևավորում է արաբա-իսլամական զսպման նոր, անկանխատեսելի բևեռ, իսկ Աթենքում և Նիկոսիայում մտահոգված են Արևելյան Միջերկրականում Անկարայի հնարավոր ավելի կոշտ քաղաքականությամբ՝ հենված սաուդյան ու պակիստանյան թիկունքի վրա:

Գլոբալ մակարդակում էլ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն են բախվում իրենց ավանդական դաշնակիցների ինքնուրույնության աճին և Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գործող անվտանգային այլընտրանքային կենտրոնների ձևավորմանը: Փաստացի, Մեքքայի պայմանագրով ստեղծված «սուննիական-ռազմական կորիզը» ակտիվորեն հարուցում է հակադիր աշխարհաքաղաքական առանցքների ձևավորում՝ խթանելով, մասնավորապես, Հնդկաստան–Իրան–Հայաստան–Հունաստան ձևաչափում խորացված համագործակցության անհրաժեշտությունը:

Գոռ Աբրահամյան

Leave a Comment