Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» ժողովածուն «ոսկե» կարգավիճակ է ստացել – armeniatoday.am

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Les plus belles chansons» («Ամենագեղեցիկ երգերը») ժողովածուն Ֆրանսիայում պաշտոնապես «ոսկե» կարգավիճակ է ստացել, հայտնել են արտիստի պաշտոնական էջում։

Ֆրանսիայի ձայնագրման ազգային սինդիկատը (SNEP) հավաստագրումը շնորհել է այն բանից հետո, երբ ժողովածուն գերազանցել է վաճառքի 50 հազար համարժեք միավորի շեմը։ Ֆրանսիայում ալբոմների ցուցանիշը հաշվարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական օրինակների վաճառքը, ներբեռնումները և առցանց հարթակներում լսումները։

Barclay լեյբլի թողարկած ժողովածուն հասանելի է դարձել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին։ Թվային տարբերակում ընդգրկված է 43 ստեղծագործություն՝ շուրջ 2 ժամ 27 րոպե ընդհանուր տևողությամբ։

Ժողովածուում ներառվել են Ազնավուրի հանրահայտ «La Bohème», «Emmenez-moi», «Hier encore», «La Mamma», «She», «Il faut savoir» և «For Me… Formidable» երգերը, ինչպես նաև տարբեր տարիներին վերաձայնագրված և վերականգնված ստեղծագործություններ։

Թողարկման շրջանակում ներկայացվել են նաև Ազնավուրի անձնական արխիվից հայտնաբերված, նախկինում չհրապարակված ձայնագրություններ, այդ թվում՝ Ռեյ Չարլզի հետ 1970-ականների կեսերին ձայնագրված «La Mamma» երգը և Դալիդայի հետ կատարված «Quand on s’aime» զուգերգը։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Երգիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկանում։

Leave a Comment