Գլենդելում տեղի ուստիկանությունը փոստի, անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով հինգ հայի է ձերբակալել, հայտնել են տեղի իշանությունները։
Նշվում է, որ հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ քննիչները տեղեկություններ են ստացել անհայտ անձանց կողմից բնակարանների տարբեր փոստարկղերից նամակներ հանելու մասին։ Ականատեսները տեսել էին, թե ինչպես են կասկածյալները նամակներ հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։
Հետաքննության ընթացքում քննիչները պարզել են կասկածյալներից մի քանիսի ինքնությունը։
«Պարզվել է, որ նրանք օգտագործել են այլ անձանց անձնական տվյալները՝ խարդախությամբ վարկային քարտեր ձեռք բերելու նպատակով, որոնք այնուհետև փոստով ուղարկվել են համալիրի բնակարաններ։ Հետաքննությամբ նաև պարզվել է, որ կասկածյալները վնասել են փոստարկղերի փականների անցքերը և դրանք փոխարինել կեղծ փականներով՝ այդպիսով հնարավորություն ստանալով չարտոնված մուտք գործել փոստարկղեր», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
2026 թ. օգոստոսի 13-ին, ընթացող հետաքննության շրջանակներում, քննիչները բնակելի համալիրում իրականացրել են խուզարկություններ։ Արդյունքում ձերբակալվել և Գլենդելի ոստիկանության կալանավայր են տեղափոխվել հինգ կասկածյալներ, ովքեր Գլենդելի բնակիչներ են. նրանք են՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Կալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
Խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են այլ անձանց վերաբերող՝ անձը նույնականացնող տվյալներ, վարկային քարտերի տվյալների վերագրանցման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։
