Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները․ Նախարարների կոմիտեն դեռևս հարկադրանքի բոլոր միջոցները չի գործադրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված գանգատներից մինչ օրս 9-ն է բավարարել։ Վճիռներից 8-ը ուժի մեջ են մտել, սակայն Ադրբեջանը դրանցից ոչ մեկի պահանջը չի կատարել։

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2015թ. հունիսի 16-ին կայացված վճիռը չի կատարվել, գործն ուժեղացված վերահսկողության ներքո է։ Չնայած վճռից երկար տարիներ են անցել, սակայն անհատական և ընդհանուր միջոցառումները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել։ Չեն լուծվել գույքի կորստի համար արդյունավետ փոխհատուցման և դիմումատուի նախկին տան և գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու հարցերը։

«Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը կայացվել է 2020թ. մայիսի 26-ին։ Ադրբեջանի իշխանությունները ճանաչել էին դիմումատուների իրավունքների խախտումը և հավաստիացրել էին, որ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ խախտումների կրկնությունը կանխելու համար։ Այնուամենայնիվ, որևէ գործողություն այս առնչությամբ չի կատարվել։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (ՆԿ) 2025թ․-ի հունիսին կայացած 1531-րդ նիստում այս գործի քննարկման ժամանակ անհատական միջոցառումների վերաբերյալ միջանկյալ բանաձև է ընդունել։ ՆԿ-ն հայտնել է, որ չնայած Կոմիտեի բազմակի կոչերին, վճիռն ուժի մեջ մտնելուց չորս տարի անց Ադրբեջանի իշխանությունները դեռևս որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել, որը կվկայեր պահանջվող անհատական միջոցառումների ուղղությամբ շոշափելի առաջընթացի մասին։

ՆԿ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց ձգձգելու կատարել դիմումատուների ներկայացուցիչներին շնորհված դատական և այլ ծախսերի վճարման անվերապահ պարտավորությունը։ Պահանջել էր առանց ուշացնելու հաստատել, որ նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված՝ հանցագործին ներում շնորհելուն և ազատ արձակելուն աջակցող նամակները հեռացվել են։ Ինչպես նաև ապահովել, որ նա որևէ պետական պաշտոն չզբաղեցնի։

ՆԿ-ն նշել է, որ ատելության հիմքով կատարված այդ հանցագործության հեղինակը ստացել էր արտոնություններ, որոնք, ըստ ամենայնի, ներպետական օրենսդրությամբ որևէ իրավական հիմք չունեին։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել առանց հետաձգման պարզաբանել իրենց դիրքորոշումը նրան տրված «այլ արտոնությունների» վերաբերյալ։

«2026թ․-ի դրությամբ Ադրբեջանի կառավարությունը որևէ միջոցառում այս առումով չի ձեռնարկել, և ՆԿ-ին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել: Վերջին անգամ գործը քննարկվել է 2026թ․ մարտի 9-11-ը, 1553-րդ հանդիպման ընթացքում, որի ժամանակ քննադատվել է Ադրբեջանի շարունակական լռությունը, սակայն գործողությունների որևէ ծրագիր չի ներկայացվել»,- հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

ՄԻԵԴ–ի բավարարած  9 գանգատներից չորսը Արա Ղազարյանն է ներկայացրել։

  • «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի», վճիռն ուժի մեջ է մտել 07/09/2020թ․-ին,
  • «Նարայանը և այլք ընդդեմ Ադրբեջանի», վճիռն ուժի մեջ է մտել 24/06/2024թ.-ին,
  • «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի», վճիռնուժի մեջ է մտել 05/01/2024թ.-ին,
  • «Վ.Թ. և այլք ընդդեմ Ադրբեջանի», վճիռն ուժի մեջ կմտնի 2026թ․ սեպտեմբերի 18-ին։

Վերջին գործով վճիռը՝ «Վ.Թ. և այլք ընդդեմ Ադրբեջանի»,  ՄԻԵԴ-ը կայացրեց այս տարվա հունիսի 18-ին։ Այն 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռն է։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։ Միջազգային իրավունքի մասնագետներն այս վճիռը կարևոր նախադեպ են համարում 2020թ․-ի 44-օրյա պատերազմից տուժածների իրավունքների պաշտպանության համար տարված գանգատներով։ Դատարանն այս գործով Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։

Ադրբեջանի կառավարությունը գործողությունների ծրագիր կամ զեկույց չի ներկայացրել «Նարայանը և այլք ընդդեմ Ադրբեջանի» և «Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով։ Ծրագիրը կամ զեկույցը փաստաթղթերն են, որոնք պետությունները ներկայացնում են Նախարարների կոմիտե՝ վճռի կատարմանն ուղղված գործողությունները ցույց տալու համար։

«Ղազարյանն ու Բայրամյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի կառավարությունը 2024թ․ դեկտեմբերի 19-ին զեկույց է ներկայացրել` նշելով, որ գործով փոխհատուցումն ակնկալվում է կատարել մոտ ապագայում: Սակայն որևէ գործողություն չի կատարել:

««Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցչին ուղարկել ենք փոխհատուցումը տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկատվություն, սակայն պատասխան չենք ստացել»,- հայտնեց պրն Ղազարյանը:

ՄԻԵԴ 4 վճիռների՝ «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» (ուժի մեջ է մտել 07/09/2020թ), «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (ուժի մեջ է մտել 22/10/2021թ.), «Խոջոյանը և Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի» (ուժի մեջ է մտել 28/02/2022թ.) և «Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» (ուժի մեջ է մտել 28/02/2022թ.) կատարումն ապահովելու նպատակով Նախարարների կոմիտեն (ՆԿ) երեք որոշում է ընդունել։

Ինչպես տեսնում ենք գործերի ընթացքից, Ադրբեջանն անտեսում է նաև վճիռների կատարումն ապահովելու նպատակով ՆԿ-ի որոշումները։ Պրն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ուրիշ ի՞նչ միջոցներ կան Ադրբեջանի վրա ազդելու, արդյոք Նախարարների կոմիտեն բոլոր հնարավորություններն է գործադրել ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու համար։

Վերջինս հայտնեց, որ վճռի կատարման նկատմամբ վերահսկողության ընթացքում ՆԿ-ն կարող է ընդունել միջանկյալ բանաձևեր։ Եթե պետությունը երկար ժամանակ չի կատարում վճիռը և որևէ ձևով չի արձագանքում, և եթե ՆԿ-ն համարում է, որ պետությունը հրաժարվում է կատարել այդ գործով վերջնական վճիռը, կարող է դիմել Եվրոպական դատարան՝ Կոմիտեում նիստերին մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդով ընդունված որոշմամբ, որպեսզի դատարանը պարզի՝ տվյալ կողմն իսկապե՞ս չի կատարել իր պարտավորությունը։

Արա Ղազարյանի հաղորդմամբ՝ ՆԿ-ն «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռներից ոչ մեկով դեռևս չի դիմել Եվրոպական դատարան։ «Խախտման վարույթը հարուցվում է բացառիկ հանգամանքներում։ Սարիբեկյանի գործով մենք բավականին շատ միջնորդություններ ենք ներկայացրել ՆԿ, բայց Կոմիտեն դեռևս չի քննարկել»,- տեղեկացրեց գանգատը ներկայացրած միջազգային իրավունքի մասնագետը։

Գործը Եվրոպական դատարան փոխանցելու մասին որոշումն ընդունվում է միջանկյալ բանաձևի ձևով։ Այս դեպքում ԵԴ-ն ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի խախտում: Եվրոպական դատարանը վճիռ է կայացնում, որը կատարման փուլ է անցնում` միացվելով հիմնական գործին։ Օրինակ`«Կավալան ընդդեմ Թուրքիայի» կամ «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործերը: 

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է ԵԽ-ից դուրս գալու մասին։ Այդ մտադրության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին անգամ հայտարարել է 2026 հուլիսի 13-ին, սակայն գործնականում քայլեր չի ձեռնարկել: Այդուհանդերձ, ԵԽ-ից դուրս գալն այս պետությանն ազատո՞ւմ է բոլոր պարտավորություններից, այդ թվում նաև՝ ՄԻԵԴ վճիռները կատարելու պարտավորությունից։ Մեր այս հարցին ի պատասխան՝ պրն Ղազարյանը հայտնեց, որ ֆորմալ առումով ԵԽ-ից դուրս գալը չի ազատում կոնվենցիոն պարտավորությունները կատարելուց։ Եվրոպական դատարանն էլ շարունակում է ներկայացված բոլոր գանգատներով վճիռներ և որոշումներ կայացնել՝ մինչև ԵԽ-ից դուրս գալը:

Իրավաբանը հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը 2022թ․-ի սեպտեմբերի 16-ից դադարեցրել է ԵԽ-ին անդամակցությունը և չեղյալ է հայտարարել Կոնվենցիային անդամակցությունը: Եվրոպական դատարանը քննում է մինչև սեպտեմբերի 16-ը ներկայացրած բոլոր դիմումները և մինչ օրս շարունակում է որոշումներ և վճիռներ կայացնել ՌԴ-ի դեմ: Գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը կատարում է ՆԿ-ն, սակայն որևէ գործուն մեխանիզմ այս առումով չունի: 

Պրն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե, առհասարակ, ԵԽ-ն իր ընդունած որոշումները հարկադրաբար իրականացնելու լծակներ ունի՞։ 

Նա նշեց, որ Եվրոպական դատարանի վճիռներն իրագործելու առումով լծակները վերը թվարկվածներն են։ Բացի այդ, ՆԿ-ն կարող է համագործակցել ԵԽԽՎ-ի կամ ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ: 2024թ․-ին ԵԽԽՎ թիվ 2527 արձանագրությամբ որոշվել է չվավերացնել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության լիազորությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ժողովրդավարության սկզբունքների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ շարունակական մտահոգությունների հետ՝ 2001թ․-ին Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո։

Վեհաժողովն ընդգծել է մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվում՝ անարդար ընտրությունները, դատական իշխանության անկախության բացակայությունը, լրատվամիջոցների ազատության սահմանափակումները և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված հարցերը։ «Այս որոշումը կմնա ուժի մեջ մինչև Ադրբեջանի կողմից ընթացակարգային կանոնների պահանջներին համապատասխանությունը հաստատելը»,- հայտնեց պրն Ղազարյանը։

Այս խախտումները վերացնելու փոխարեն Ադրբեջանը նախընտրել է չմասնակցել Վեհաժողովի աշխատանքներին՝ 2025 և 2026 թվականների համար իր խորհրդարանական պատվիրակության լիազորությունները ներկայացնելուց հրաժարվելով։

Պրն Ղազարյանը հիշատակեց Եվրոպայի խորհրդի կանոնադրության 7-րդ հոդվածը, որի համաձայն՝ ԵԽ-ի  յուրաքանչյուր անդամ կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից՝ իր որոշման մասին պաշտոնապես ծանուցելով Գլխավոր քարտուղարին: Անդամի դուրս գալն ուժի մեջ է մտնում ընթացիկ ֆինանսական տարվա վերջում, եթե ծանուցումն արվել է այդ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում, և հաջորդ ֆինանսական տարվա վերջում, եթե ծանուցումն արվել է վերջին երեք ամիսների ընթացքում:

Պաշտոնական դիմում Գլխավոր քարտուղարին Ադրբեջանը դեռևս չի ուղարկել: Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին հայտարարել է, որ ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Ադրբեջանի՝ ԵԽ-ից դուրս գալու հայտարարությունների ֆոնին զանգահարել է իրեն և խնդրել դուրս չգալ ԵԽ-ից` փորձելով լուծումներ գտնել:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment