iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում Արցախի բարբառն է ինտեգրվել, հայտնում է Արցախի մշակությի նախարարությունը։
Նախարարությունը ողջունել է այդ մասնավոր նախաձեռնությունը։ «Արցախցիների բռնի տեղահանության և բռնագաղթի հետևանքով ստեղծված այս ծանրագույն պայմաններում մեր լեզվական ու մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը ստանում են ռազմավարական նշանակություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բարբառի փոխադրումը ժամանակակից թվային տիրույթ արդյունավետ գործիք է մշակութային-լեզվական ժառանգությունը դուրսմղումից ու մոռացությունից պաշտպանելու համար՝ վառ պահելով պատմական հողերն ու տուն վերադառնալու հավատը։
Նախարարությունը երախտագիտություն է հայտնել նախագծի հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախաձեռնության իրականացմանը մասնակցած բոլոր մասնագետներին ու հորդորել քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել հասանելի թվային գործիքները մայրենի լեզուն պահպանելու համար։
