Ռուսները կամ հեշտ չեն հրաժարվի, կամ կհրաժարվեն շատ ավելի բարձր գին պահանջելով. Բադալյան

Ռուսները կամ հեշտ չեն հրաժարվի, կամ կհրաժարվեն շատ ավելի բարձր գին պահանջելով. Բադալյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում նշել է, որ ԵԱՏՄ-ից «ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ իրենք համաձայն չեն»։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

-ԵԱՏՄ-ից «ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որի հետ իրենք համաձայն չեն»։

-Անկեղծ ասեմ, այս հայտարարությունը մի քիչ տարօրինակ է, և, առնվազն, բացելու անհրաժեշտություն կա, որովհետև լավ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանն ասի, թե ինչ է նշանակում «էքսկլյուզիվ հարաբերությունների ակնկալիք»։ Ցանկացած տնտեսական միասնական տարածություն, բնականաբար, իր անդամների միջև փոխհարաբերության իմաստով և՛ իրավունքների, և՛ պարտավորությունների առումով ենթադրում է որոշակի բացառիկություն։ Այլ կերպ ասած, հակառակ պարագայում միասնական տնտեսական տարածության տրամաբանությունը կորում է։ Նույն օրինակ՝ ԵՄ անդամները միմյանց միջև ունեն էքսկլյուզիվ պարտավորությունների և իրավունքների համակարգ, և, հետևաբար, այստեղ կարիք կա հասկանալու, թե Փաշինյանն ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ ԵԱՏՄ-ից կա էքսկլյուզիվ հարաբերությունների ակնկալիք։ Քանի որ էքսկլյուզիվության առնվազն որոշակի ծավալ այդպիսի ֆորմատներն են ենթադրում, և եթե պետությունը համաձայն չէ դրա հետ, ապա դուրս է գալիս պարզապես տվյալ ֆորմատներից։

-Փաշինյանն ասում է՝ Հայաստանը պետք է ունենա այլընտրանքներ և դիվերսիֆիկացիա։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղղություններով և ինչպե՞ս պետք է Հայաստանը իրականացնի այդ դիվերսիֆիկացումը։

-Աքսիոմատիկ է, իհարկե, որ ցանկացած պարագայում՝ լինի պետություն, մարդ, կազմակերպություն, պետք է ունենա այլընտրանքներ։ Բայց, դարձյալ, այդ հարցերը, եթե վերաբերում են, օրինակ, տնտեսությանը, ապա հռչակագրերով չեն կարգավորվում։ Օրինակ, նոր շուկաներ գտնելը մեխանիկական գործողություններ չեն, պետք է հաշվի առնել ամենատարբեր հանգամանքներ, բիզնեսի հնարավորությունները, ծախսերը. շատ մեծ հարցերի շրջանակ կա։ Այդ առումով էլի հարց է առաջանում՝ այլընտրանք ասելով՝ Հայաստանը ի՞նչ է հասկանում։ Քանի որ Հայաստանին որևէ մեկը չի ասում՝ այլընտրանք մի ունեցեք։ Հայաստանը հայտարարել է, որ ինքը գնում է դեպի ԵՄ։ Սա արդեն այլընտրանքի հարց չէ, այլ քաղաքական հայտարարություն է, որը Հայաստանի իրավունքն է, և, համենայնդեպս, հրապարակային մակարդակում Հայաստանի առաջ դրվում է ոչ թե այլընտրանքի հարց, այլ՝ եթե դուք կայացրել եք տվյալ քաղաքական որոշումը, ապա մենք լիարժեք տեղյակ լինենք դրա մասին, որպեսզի մենք էլ մտածենք մեր քաղաքական քայլերի մասին տվյալ որոշման հանդեպ։ Այսինքն՝ հրապարակային մակարդակում այն, ինչ տեսնում ենք, ցավոք սրտի, ԵԱՏՄ երկրների պահվածքն ավելի տրամաբանական է, քան Հայաստանինը։ Եվ սա առաջացնում է հարցեր՝ կա՛մ Հայաստանը իսկապես հայտնվել է իր իսկ քայլերի ծուղակում, կա՛մ այս ամենի ներքո կան այլ շերտեր, որոնք պարզապես քողարկվում են հրապարակային հայտարարություններով։ Այդ հայտարարություններն ավելի շատ հանրությանը ապակողմնորոշելու, քարոզչական դիվիդենտներ քաղելու համար են, քան ներկայացնում են բուն իրականությունը։ Հայաստանին, կարծես թե, հարցեր են առաջադրվում ոչ թե՝ ինչու եք ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ հաստատում, այլ՝ դուք հայտարարել եք Եվրամիության անդամակցությանը գնալու քաղաքական որոշման մասին, հետևաբար բացատրեք մեզ այդ որոշումը։ Դարձյալ այստեղ մանրամասներ պետք է ներկայացվեն, և Հայաստանի կառավարության դիրքորոշումը պետք է հասկանալի լինի Հայաստանի հանրության համար։

-Ըստ Ձեզ՝ Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հետ կապված բանակցությունները մինչև որտե՞ղ կարող են հասնել։ Կարո՞ղ է լինել կոնսենսուս՝ առանց բախման կամ հարաբերությունների կտրուկ լարման։

-Չեմ կարող ասել, թե մինչև ուր կհասնի այդ բանակցությունը, որովհետև այստեղ ևս, դարձյալ, պետք է կրկնեմ՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը մենք չգիտենք։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը խնդիրը բարձրաձայնել է փետրվարից, և մինչև հիմա հանրությանը չի ասել, թե ո՞ր երկրներն են, որ ՀՀ-ին դժգոհություն են հայտնել ռուսական կառավարման իրավունքի մասին։ Ինչո՞ւ կառավարությունը, եթե խոսքը Հայաստանի շահի մասին է, չի բարձրաձայնում, որ, հարգելի՛ հայրենակիցներ, այս երկրները մեզ առաջարկում են տվյալ հնարավորությունը, իսկ Ռուսաստանը, օրինակ, խոչընդոտում է։ Երբ այս ամենը ներկայացվի, ապա հանրությունը շատ ավելի հստակ կկարողանա գնահատել իրավիճակը և հասկանալ՝ ի վերջո Հայաստանի կառավարությունն իսկապե՞ս զբաղված է երկրի շահը սպասարկելով, թե՞ պարզապես այլ երկրի շահ է սպասարկում ճոռոմ հայտարարությունների ներքո։ Սրանք շատ էական բաներ են։ Եթե մենք խնդիր ունենք ռուսական կառավարման հետ, պետք է այդ խնդիրը բարձրաձայնենք, իհարկե, եթե այդ կառավարումն արդյունավետ չէ, եթե Ռուսաստանը խախտում է ներդրումային պայմանավորվածությունները։ Բայց ի՞նչ է ստացվում. այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը խնդիր չունի ռուսական կառավարման հետ։ Հարց է առաջանում՝ բա ո՞վ խնդիր ունի, եթե Հայաստանի վարչապետը խնդիր չունի, Հայաստանի Հանրապետությունը մատնացույց չի անում, թե այս կամ այն պարամետրերով ռուսական կողմը չի կատարում կառավարչի իր պարտավորությունները, բայց մենք ասում ենք՝ ինչ-որ ուրիշ երկրներ դժգոհ են։ Մենք օրակարգ ենք բերում մի հարց, որը շատ բարդ է ու ենթադրելու է բավականին կոնֆլիկտային իրավիճակ, եթե դատենք հայտարարություններով, որովհետև ռուսները կամ հեշտ չեն հրաժարվի, կամ կհրաժարվեն դրա դիմաց շատ ավելի բարձր գին պահանջելով։ Հայաստանի հասարակությունը պետք է հասկանա՝ ինչի՞ դիմաց է այս հարցը հայտնվել օրակարգում։ Առայժմ մենք գիտենք միայն հետևյալը՝ որոշ երկրներ դժգոհ են, կան ինչ-որ շատ մեծ հնարավորություններ, և եթե մենք փարատենք որոշ երկրների դժգոհությունը, այդ հնարավորությունները կօգտագործենք։ Սա բացարձակապես համոզիչ չէ, եթե խոսքը վերաբերում է իր քաղաքացիներին կառավարության ներկայացրած իրավիճակի մասին։

-Ի վերջո, մենք տեսնում ենք, որ վերափոխում են ապրում Երևանի և Մոսկվայի հարաբերությունները։ Ձեր կանխատեսմամբ որտե՞ղ կողմերը կգտնեն բալանսը։

Այս հարցի պատասխանը կձևավորվի ոչ թե կողմերի կամ ոչ միայն կողմերի շրջանակում, այլ առհասարակ աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում, և մակրո մակարդակում ուժերի հարաբերակցությունը, պայմանավորվածությունների բովանդակությունը, տրամաբանությունը, ժամկետայնությունը կկանխորոշեն նաև, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարային որոշակիացումը։ Այն, որ հարաբերությունը փոխվում է, սա անկասկած է, ես դրա մասին խոսել եմ դեռ տարիներ առաջ։ Քանի որ փոխվում է աշխարհը, և սա չի վերաբերում միայն հայ-ռուսական հարաբերությանը, այլև գրեթե ամենուրեք։ Հետևաբար, սա համաշխարհային շրջափուլով պայմանավորված հանգամանք է։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment