Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ԲՏՃՄ ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աճին նպաստող կարևոր գործոններից մեկը կրթաթոշակային նոր հնարավորությունն է։ Ծրագիրը հնարավորություն է տալիս պետական պատվերով չընդգրկված՝ վճարովի համակարգ ընդունված ուսանողներին ևս ստանալ կրթաթոշակ։
Radar Armenia-ն զրուցել է ՀՊՄՀ ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Սաֆարյանի հետ։
«Կրթաթոշակի կարգը սահմանվել է 2023-24 տարվա ընդունվածների համար՝ թե՛ բակալավրի կրթական ծրագրով ընդունվածների, թե՛ մագիստրոսական կրթական ծրագրով ընդունվածների համար, և միայն ԲՏՃՄ մասնագիտությունների համար»,– նշել է Նաիրա Սաֆարյանը։
Սաֆարյանը նկատում է՝ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ առաջին կիսամյակում կրթաթոշակը տրամադրվում է բոլոր այն ուսանողներին, ովքեր ընդգրկվում են համապատասխան ծրագրում՝ անկախ նրանից՝ սովորում են անվճար, թե վճարովի համակարգում։
«Երկրորդ կիսամյակից սկսած արդեն հաշվի է առնվում առաջադիմությունը»,– պարզաբանել է պրոռեկտորը։
Սաֆարյանի դիտարկմամբ՝ առաջին կիսամյակի ավարտից հետո կրթաթոշակի չափը պայմանավորվում է ուսանողի միջին որակական գնահատականով (ՄՈԳ)։
«Եթե ՄՈԳ-ը 80 է լինում և ավելի՝ 80-ից 90, ինքը շարունակում է ստանալ 70 հազար կրթաթոշակը, եթե գերազանց է լինում, այսինքն՝ ՄՈԳ-ը 90 և ավելի է լինում, ստանում է 77 հազար դրամ կրթաթոշակ։ Եթե 80-ից ցածր է լինում առաջին կիսամյակը սովորելուց հետո, ինքը զրկվում է կրթաթոշակ ստանալու իրավունքից։ Դա ամեն կիսամյակ առաջադիմության արդյունքը հաշվի առնելով է»,– ասել է Նաիրա Սաֆարյանը։
ՀՊՄՀ պրոռեկտորի խոսքով՝ ծրագրի նպատակը ոչ միայն ուսանողների ֆինանսական բեռի թեթևացումն է, այլև պետության համար առաջնահերթ համարվող մասնագիտությունների համալրումը, մասնավորապես՝ այն ուղղություններով, որոնցում դպրոցները տարիներ շարունակ ունեցել են մանկավարժական կադրերի պակաս։
«Ծրագիրը սահմանվել է կառավարության կողմից և պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների համար է որոշվել տալ այդ արտոնությունը, որի մեջ մտնում է ԲՏՃՄ ոլորտը։ Որպեսզի խթան հանդիսանա, ուսանողները գան կրթություն ստանալու, որովհետև այդ կրթաթոշակը բավականացնում է և՛ իրենց, եթե վճարովի են սովորում, և՛ իրենց տարեկան ուսման վարձը ամբողջությամբ ծածկելով։ Ինչպես նաև գումարի կեսի չափով էլ, կարելի է ասել, իրենց մնում է ընթացիկ հարցերը լուծելու համար»,– նշել է ՀՊՄՀ պրոռեկտորը։
Ծրագրի ազդեցությունը, ըստ Նաիրա Սաֆարյանի, արդեն նկատելի է ընդունելության ցուցանիշներում։
«Կրթաթոշակը նշանակվելուց հետո կրթաթոշակ ստացողների արդեն առաջին շրջանավարտը մագիստրատուրայով տվել ենք, որտեղ էականորեն պատկերը փոխվեց թվային առումով։ Բակալավրում նույնպես, տարեցտարի, պատկերը փոխվում է։ Այս տարի առավել ևս այդ պատկերը փոխվել է. արդեն մենք այդ հատկացված տեղերի չափով ընդունված ուսանողներ ունենք և գրեթե թափուր տեղեր չունենք, որը հսկայական տարբերություն է նախկինի համեմատությամբ»,– ընդգծել է Սաֆարյանը։
Սաֆարյանի խոսքով՝ ՀՊՄՀ-ի այս տարվա ընդունելության շրջանակում ծրագրի ներքո ԲՏՃՄ ուղղություններով նախատեսվել են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղեր։ Մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա և աշխարհագրություն-բնագիտություն մասնագիտություններից յուրաքանչյուրի համար նախատեսվել է 12 անվճար և 15 վճարովի տեղ։
Տեխնոլոգիա, տնտեսագիտություն և ձեռնարկատիրություն մասնագիտության համար նախատեսվել է 3 անվճար և 15 վճարովի տեղ։
Այս տեղերի շրջանակում ընդունված վճարովի համակարգի ուսանողները ևս ընդգրկվում են կրթաթոշակային ծրագրում՝ առաջին կիսամյակում ստանալով 70 հազար դրամ ամսական կրթաթոշակ։
«Կրթաթոշակային ծրագրի ընդհանուր ֆինանսավորման վերջնական չափը նախապես հաստատված մեկ միասնական գումարով չի հաշվարկվում։ Այն պայմանավորված է ուսանողների փաստացի առաջադիմությամբ և յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով»,- նշել է Սաֆարյանը։
Պրոռեկտորը վստահեցնում է՝ այս մեխանիզմը թույլ է տալիս կրթաթոշակի ֆինանսավորումը կապել ոչ միայն ընդունելության, այլև ուսանողների շարունակական առաջադիմության հետ։
Միաժամանակ, այս տարվա ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ մանկավարժական կրթության մյուս ուղղություններն էլ համեմատաբար համալրված են։ Հետևաբար առաջիկայում նոր մասնագիտությունների համար նմանատիպ աջակցության անհրաժեշտությունը, ըստ ՀՊՄՀ ներկայացուցչի, կարող է գնահատվել արդեն ընդունելության և աշխատաշուկայի իրական ցուցանիշների հիման վրա։
Այս տրամաբանությամբ կրթաթոշակային ծրագիրը միաժամանակ լուծում է երկու խնդիր՝ բարձրացնում է պետության համար առաջնահերթ մասնագիտությունների գրավչությունը և ձևավորում է այն մասնագետների նոր սերունդը, որոնց կարիքը հատկապես զգացվում է հանրակրթական դպրոցներում։
Նարինե Ղուկասյան
