Եվրոպական շրջանակները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդակներ են փոխանցել, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի տնտեսական դժվարություններին, գրել է «Ժողովուրդ»-ը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական սահմանափակումների ֆոնին աջակցություն ցուցաբերելուն զուգահեռ՝ եվրոպական կողմը հայտարարել է, որ քանի որ Հայաստանն ինքն է ընտրել եվրոպական ուղին, ուստի պետք է պատրաստ լինի կրելու դրա տնտեսական հետևանքները։
ԶԼՄ-երը օգոստոսի սկզբին գրել էին, որ Արևմտյան գործընկերները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել հանգստություն և զսպվածություն ցուցաբերել հնարավոր ճնշումների կամ ընտրության առջև կանգնելու պահանջների դեպքում։ Օգոստոսի 11-ին էլ ԶԼՄ-երը գրել էին, որ Ռուսաստանը Հայաստանին մոտ մեկ ամիս ժամանակ է տվել՝ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ընտրություն կատարելու համար։ Ըստ հրապարակումների՝ սահմանված ժամկետում վերջնական դիրքորոշում չհայտնելու դեպքում Մոսկվան մտադիր է Հայաստանի նկատմամբ կիրառել տնտեսական ավելի խիստ սահմանափակող միջոցներ։
Եվրոպական միությունն հունիսին Հայաստանին 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն է հատկացրել՝ Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։
Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի իշխանությունները հունիսի սկզբին հայտարարել էին այլ երկրներ արտահանման հնարավորության և ՌԴ սահմաններից վերադարձվող ապրանքների սուբսիդավորման մասին։ Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։
