Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների փոխանակման հարցը օրակարգում կարող է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո՝ հանրային դժգոհություններից խուսափելու համար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջարկում են Արծվաշենը փոխանակել Տիգրանաշենի հետ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է և պնդում է, որ տարածքային որևէ փոփոխություն պետք է իրականացվի բացառապես հանրաքվեով։
«Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանն օգոստոսի 11-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ մինչև տարեվերջ կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և կսկսվի լայն հանրային քննարկում։
Ադրբեջանական կողմը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, որում Բաքուն տարածքային հավակնություններ է տեսնում։ Օգոստոսի 4-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն ազդանշաններ է ստանում Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթաց սկսելու և հնարավոր հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Սահմանադրության փոփոխությանն աջակցում է նաև Փաշինյանը՝ հայտարարելով, որ հռչակագիրը կոնֆլիկտներ հրահրող բնույթ ունի, և դրանից հրաժարվելը համապատասխանում է հենց Հայաստանի շահերին։
