Թուրքիայում սկսվել է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու վերականգնումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Եկեղեցին վնասվել էր 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով։
«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Յուսուֆ Թաբաշի խոսքով՝ երկրաշարժից հետո տաճարի հիմնական կառույցում և հիմքում տեղաշարժեր են տեղի ունեցել, վնասվել է խորանի հատվածը, որոշ պատեր ձևախախտվել են, իսկ օժանդակ շինությունները լուրջ վնասներ են կրել և պետք է ամբողջությամբ վերակառուցվեն։
Վերականգնման աշխատանքների շրջանակում նախատեսվում է նորոգել տանիքն ու հատակը, լուծել ջրահեռացման խնդիրը, վերակառուցել խորանները, ինչպես նաև վերականգնել պատերն ու արտաքին ճակատները։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերականգնման աշխատանքների համար 5 մլն լիրայի (մոտ 105 հազար դոլար) աջակցություն է հատկացրել։ Նախագծի ընդհանուր արժեքը հիմնադրամը գնահատել է շուրջ 77 մլն լիրա (մոտ 1,6 մլն դոլար)։ Դրանից 45 մլն լիրան (մոտ 940 հազար դոլար) նախատեսվում է ուղղել եկեղեցու շենքի, 20 մլն լիրան (մոտ 420 հազար դոլար)՝ հիմնադրամին պատկանող խանութների վերականգնմանը, ևս 12 մլն լիրան (մոտ 250 հազար դոլար)՝ օժանդակ կառույցների վերակառուցմանը։
Եկեղեցու վերականգնման համար նաև դրամահավաք է սկսվել։ Օգոստոսի 2-ին Ստամբուլի Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը կոչ է արել հայկական համայնքին և Սփյուռքին աջակցել աշխատանքներին։
Հիմնադրամի տվյալներով՝ օգոստոսի սկզբի դրությամբ հանգանակվել է շուրջ 500 հազար լիրա (մոտ 10,5 հազար դոլար)։
