Կառավարությունը քննարկում է մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներին 2027-ից առողջության ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին նախատեսվող քայլերը։
Կառավարությունում քննարկվող տարբերակով՝ ամսական 10 800 դրամ ապահովագրավճարի մի մասը կարող են վճարել պետությունը և գործատուն, մի մասը՝ աշխատողը։ Ըստ դրա՝ 2027 թվականին 10 800 դրամ ամսական վճարից 4400 դրամը կարող է սուբսիդավորել կառավարությունը, 2000 դրամը կվճարի աշխատողը, իսկ մնացած 4400 դրամը՝ գործատուն։
Փաշինյանը պարզաբանել է, որ աշխատողի վճարելիք 2000 դրամը համապատասխանում է այն գումարին, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը վճարվում էր «Զինապահ» հիմնադրամին։
Եթե աշխատողի աշխատավարձը բարձրանա և գերազանցի 200 հազար դրամը, նա կներառվի 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար արդեն գործող համակարգում։
Կառավարությունում քննարկվում է նաև 2028 թվականից վճարման մեխանիզմը փոխելու տարբերակը։ Փաշինյանի ներկայացրած սցենարով՝ 10 800 դրամից 6000 դրամը կարող է վճարել աշխատողը և հետագայում այն հետ ստանալ որպես սոցիալական կրեդիտ՝ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում։ Մնացած 4800 դրամը կվճարի գործատուն, քանի դեռ աշխատավարձը չի գերազանցել 200 հազար դրամը։
Կառավարության նպատակն է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։
ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Առողջության ապահովագրության համակարգին 2026-ից միացել են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից։
Կարդացեք նաև՝
