Եվրոպա տանող հանձնաժողովը՝ ռուսամետ ուժի ձեռքում․ ո՞րն է իրական նպատակը

Եվրոպա տանող հանձնաժողովը՝ ռուսամետ ուժի ձեռքում․ ո՞րն է  իրական նպատակը

Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Գայանե Աբրահամյանի հետ՝ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու, դրա քաղաքական նշանակության, խմբակցության արտաքին քաղաքական դիրքավորման և Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին։

– Նախ այս որոշումը Ձեզ համար անակնկալ էր, թե՞ ոչ։ Կարո՞ղ ենք ասել, որ «Ուժեղ Հայաստանը» փորձում է ազատվել ռուսամետ ուժի պիտակից, և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ընտրությունն այդ վերադիրքավորման առաջին քայլն է։

-Ինձ համար այս որոշումը որոշակի առումով անսպասելի էր, հատկապես հաշվի առնելով «Ուժեղ Հայաստանի» քաղաքական դիրքավորումն ու մինչ այս հնչեցրած հայտարարությունները։ Բայց չեմ կարծում, որ այս քայլը նպատակ ունի ազատվել ռուսամետ ուժի պիտակից։ Ավելին՝ ես այդ պիտակը պարզապես պիտակ չէի անվանի։

Իրենց գործողություններն ու հայտարարությունները բազմաթիվ դեպքերում ցույց են տվել, որ այս ուժը սպասարկում է ռուսական շահերը։ Այդ մասին բավական բաց և անթաքույց խոսվել է նաև Ռուսաստանի կողմից։ Հետևաբար, ես չեմ կարծում, որ այստեղ կա քաղաքական վերադիրքավորման կամ այդ ընկալումից ազատվելու նպատակ։

Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը վերցնելու հիմնական նպատակը, իմ գնահատմամբ, ավելի շատ քաղաքական ինտրիգ ստեղծելն ու ցույց տալն էր, որ իրենք կարողացել են վերցնել այն հանձնաժողովը, որը, իրենց պատկերացմամբ, իշխանության համար կարևորագույն հանձնաժողովներից մեկն է։

Սակայն այս քայլը միաժամանակ ցույց է տալիս նաև Ազգային ժողովի ընթացակարգերի և հանձնաժողովների աշխատանքի մասին նրանց պատկերացումների որոշակի սահմանափակությունը։ Քաղաքական առումով սա, իմ կարծիքով, ավելի շատ քաղաքական սնանկության դրսևորում է, քան իրական վերադիրքավորման քայլ։

– Եթե սա պարզապես հանձնաժողովի ընտրություն է, ինչո՞ւ հենց այդ ընտրությունը հանրային նման մեծ հետաքրքրություն առաջացրեց՝ հաշվի առնելով խմբակցության նկատմամբ ռուսամետության ընկալումը։

– Հանրային հետաքրքրության հիմնական պատճառներից մեկը հենց անսպասելիությունն էր։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահության ստանձնումը հակոտնյա է «Ուժեղ Հայաստանի» մինչ այս հնչեցրած մի շարք հայտարարություններին, ինչպես նաև այդ քաղաքական ուժի ընդհանուր դիրքավորմանը։

Հատկապես քաղաքական հիմնական դերակատարների շրջանում սա առաջացրեց զարմանք, որոշակի զայրույթ և նույնիսկ հիասթափություն, որովհետև կար այն ընկալումը, թե Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը լինելու է այն հիմնական քաղաքական հարթակը, որի միջոցով իրականացվելու են Հայաստանի եվրոպական ինտեգրմանն ուղղված գործընթացները։

Մինչդեռ իրականությունն այդքան էլ այդպիսին չէ։ Հանձնաժողովի դերակատարումը շատ ավելի սահմանափակ է, քան կարող է առաջին հայացքից թվալ։

Եթե ուսումնասիրենք նաև վերջին տարիների վիճակագրությունը, կտեսնենք, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը շատ հազվադեպ է տարբեր օրինագծերի համար հանդես գալիս որպես գլխադասային հանձնաժողով։ Վերջին առնվազն հինգ տարիներին խոսքը, ըստ էության, տարեկան մեկ-երկու նման դեպքի մասին է։

Այսինքն՝ հանձնաժողովը կարող է նիստեր գումարել, քննարկումներ անցկացնել և ակտիվություն ցուցաբերել, սակայն օրենսդրական գործընթացի վրա դրա ազդեցությունը սահմանափակ է։

Շատ ավելի լայն լիազորություններ ունեն, օրինակ, պետաիրավական և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները։ Դրանց դերն օրենսդրական գործընթացում շատ ավելի մեծ է։

Ուստի այս ընտրության շուրջ ստեղծված մեծ աղմուկը որոշակիորեն պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հանձնաժողովի իրական լիազորությունների և դրա խորհրդանշական քաղաքական նշանակության միջև տարբերություն կա։

– «Ուժեղ Հայաստանը» կարո՞ղ է միաժամանակ լինել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից և Հայաստանի՝ դեպի ԵՄ ինտեգրման գործընթացի ակտիվ մասնակից։ Որտե՞ղ է այդ քաղաքականության սահմանը։

– Ես այստեղ բավական հստակ սահման եմ տեսնում։ Ուժեղ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից և ակտիվորեն նպաստել Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, եթե այդ հարաբերությունների շրջանակում հաճախ նաև ռուսական շահն է սպասարկվում։

Հատկապես վերջին առնվազն հինգ տարիների ընթացքում Ռուսաստանի շահն ու Հայաստանի պետական և ազգային անվտանգության շահերը բազմաթիվ հարցերում ուղղակիորեն հակասության մեջ են հայտնվել։

Եթե որևէ քաղաքական ուժ մեկ այլ պետության շահը փորձում է գերակա դարձնել Հայաստանի պետական շահի նկատմամբ, ապա այդտեղ արդեն առաջանում է հիմնարար հակասություն։

Հետևաբար, նման քաղաքականությունները շատ դժվար է համատեղել Հայաստանի եվրոպական ինտեգրման իրական գործընթացի հետ։ Եվ այդ հակասությունն ավելի ակնհայտ է դառնում այն դեպքում, երբ տվյալ քաղաքական ուժը ստանձնում է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարությունը։

Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը ինքնին կարող է որոշիչ ազդեցություն ունենալ գործընթացի վրա։ Հանձնաժողովում որոշումները, օրինակ՝ օրակարգում որևէ հարց ընդգրկելու կամ օրինագծին դրական եզրակացություն տալու վերաբերյալ, ընդունվում են մեծամասնության քվեարկությամբ։ Իսկ հանձնաժողովում մեծամասնությունը, այսպես թե այնպես, ունի «Քաղաքացիական պայմանագիրը»։

Այս առումով ես մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Ավելի խնդրահարույց կարող է լինել այն իրավիճակը, երբ Հայաստան ժամանած եվրոպական բարձրաստիճան պատվիրակությունները հանդիպեն Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի հետ և պարզեն, որ այդ պաշտոնը զբաղեցնում է ռուսամետ ուժի ներկայացուցիչ։

Դա, բնականաբար, կարող է տարակուսանք առաջացնել։ Բայց, կարծում եմ, եվրոպացի գործընկերները նաև կհասկանան, որ ժողովրդավարական համակարգում և հանձնաժողովների նախագահների տեղերի բաշխման գործող մեխանիզմի պայմաններում նման իրավիճակներ հնարավոր են։

– Եթե խմբակցությունն ասում է՝ «մենք ոչ պրոռուսական ենք, ոչ պրոարևմտյան, մենք հայամետ ենք», Ձեր գնահատմամբ՝ դա իրական երրորդ ճանապարհ է, թե՞ քաղաքական ձևակերպում՝ երկու բևեռներից չընտրելու համար։

– Ես ավելի շատ այն դիտարկում եմ որպես քաղաքական ձևակերպում, քան որպես իրական երրորդ ճանապարհ։ «Հայամետ» լինելու հայտարարությունն ինքնին որևէ քաղաքականություն չի սահմանում։ Կարևոր է հասկանալ՝ կոնկրետ իրավիճակներում այդ «հայամետությունը» ինչ քաղաքական որոշումների է վերածվում և Հայաստանի ո՞ր շահն է առաջնահերթ համարվում։

Եթե Հայաստանի պետական և ազգային անվտանգության շահը հակասության մեջ է մտնում Ռուսաստանի շահի հետ, ապա այդ պահին արդեն պետք է հստակ լինի՝ քաղաքական ուժը ո՞ր կողմն է ընտրում։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ միաժամանակ փորձում ես սպասարկել երկու հակադիր շահեր և դա ներկայացնել որպես երրորդ, ինքնուրույն ճանապարհ։

Բացի այդ, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու փաստը դեռևս չի նշանակում, որ տվյալ քաղաքական ուժը դարձել է եվրոպական ինտեգրման կողմնակից։ Հանձնաժողովի անվանումն ինքնին քաղաքական դիրքորոշման ապացույց չէ։

Այսինքն՝ հանձնաժողովների աշխատանքի տրամաբանությունը հաշվի առնելով՝ այս հիմնավորումը նույնպես բավական խնդրահարույց է։ Ի վերջո, այս պատմությունն ավելի շատ ցույց է տալիս ոչ թե Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի իրական ազդեցության մեծությունը, այլ Ազգային ժողովի կանոնակարգային աշխատանքի և հանձնաժողովների լիազորությունների մասին որոշակի թյուրըմբռնում։ Ուստի այս քայլը, իմ գնահատմամբ, ավելի շատ քաղաքական ինտրիգի և խորհրդարանական գործընթացի առանձնահատկությունների չիմացության դրսևորում է, քան Հայաստանի եվրոպական ինտեգրմանը իրականում նպաստելու հաշվարկված ռազմավարություն։

Նարինե Ղուկասյան

 

Leave a Comment