«Նուրբ բան». Ազգային պատկերասրահից մինչև Շարժայի բիենալե. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարիչ Կարեն Օհանյանի «Նուրբ բան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են արվեստագետի վերջին շրջանի աշխատանքները: Հայաստանյան ցուցադրությունից հետո նախագիծը կներկայացվի Շարժայի 17-րդ միջազգային բիենալեում։ Ցուցահանդեսի համադրողը «Ադամյան Հովսեփյան» կուրատորական պրակտիկայի համահիմնադիր Թամար Հովսեփյանը խոսում է ցուցահանդեսի կոնցեպտի, արվեստագետի գործերի առանձնահատկության և այլ հարցերի մասին։

Արվեստը նուրբ բան է, կյանքը՝ նույնպես․ Կարեն Օհանյանի գեղանկարչությունը հենց այն նուրբ երևույթների մասին է, որոնց շուրջ հաճախ դժվարանում ենք խոսել կամ խուսափում ենք բարձրաձայնել, – ասում է Թամար Հովսեփյանը։

 «Աշխատանքները առաջարկում են դիտարկել, որ այն, ինչ թվում է ամուր և տևական, հաճախ հիմնված է խորքային նրբության վրա։ Փոխարենը խոցելիությունը ներկայացնելու որպես ուժի հակադրություն՝ այս գործերը ենթադրում են, որ հենց փխրունությունն է այն պայմանը, որից կարող են ծնվել իսկական ուժը, տոկունությունն ու մարդկային կապը», –կարդում ենք  Թամար Հովսեփյանի համադրողական տեքստում։

Կարենն իր արվեստում ցուցաբերում է այն համարձակությունը, որն այսօր մեզ այդքան անհրաժեշտ է։ Գեղանկարչական մեկ հարթության՝ կտավի վրա նա միաժամանակ երկխոսության մեջ է դնում ֆիգուրատիվ արվեստի համաշխարհային ժառանգությունը, աբստրակտ էքսպրեսիոնիզմն ու մինիմալիզմը։ Համադրողի բնորոշմամբ՝ այս բոլոր ուղղությունները մեկտեղելու համար լուրջ համարձակություն է պահանջվում, և Օհանյանի արվեստը հենց նման նոր սահմաններ բացելու մասին է։

Leave a Comment