«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն օգոստոսի 12-ին Երևանում «Ազատազրկումը որպես քաղաքական գործիք․ Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում» խորագրով ակցիա է անցկացրել՝ ի աջակցություն միավորման համակարգող Չալաբյանի և այլ կալանավորված անձանց, որոնց ակցիայի կազմակերպիչները քաղբանտարկյալներ են համարում։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի իր YouTube-ի ալիքում։
«Հայաքվեի» համակարգող Մենուա Սողոմոնյանը նշել է, որ ակցիան անցկացվում է Երիտասարդության միջազգային օրը, սակայն, իր գնահատմամբ, Հայաստանում երիտասարդների ապագան վտանգված է խոսքի և կարծիքի ազատության սահմանափակումների պատճառով։
«Մենք կարող էինք իսկապես նշել Երիտասարդության միջազգային օրը, բայց մեր երիտասարդների ապագան վտանգված է, որովհետև խոսքի և կարծիքի ազատությունն այսօր շղթայված է»,- հայտարարել է Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ ակցիայի խորհրդանշական բաղադրիչներից մեկը «լռեցված խոսափողն» է, որը պետք է խորհրդանշի Չալաբյանի՝ ազատ խոսելու հնարավորության սահմանափակումը։ Սողոմոնյանը նշել է, որ եթե Չալաբյանն ազատության մեջ լիներ, կարող էր այդ խոսափողով դիմել ներկաներին։
Ակցիայի մյուս բաղադրիչը Չալաբյանին ուղղված նամակներն էին։ Մասնակիցներին առաջարկվել է գրավոր փոխանցել նրան իրենց բարեմաղթանքները, աջակցող խոսքերն ու ուղերձները։
Սողոմոնյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակներից է նաև հանրությանը հիշեցնել այն մարդկանց մասին, որոնք, կազմակերպիչների գնահատմամբ, իրենց քաղաքական դիրքորոշումների համար այսօր կալանքի տակ են։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Արմեն Մանվելյանն իր ելույթում հայտարարել է, որ Չալաբյանի նկատմամբ հետապնդումները շարունակվում են 2022 թվականից և դրանք կապել նրա քաղաքական գործունեության ու քննադատական խոսքի հետ։
«Չալաբյանն այն մարդկանց խորհրդանիշն է, որոնք իրենց քաղաքական հայացքների և քննադատական խոսքի համար պարբերաբար հետապնդումների են ենթարկվում։ Նրա դեպքում այս երևույթն արդեն չորս տարի է շարունակվում՝ անընդհատ հետապնդումներ, ճնշումներ և փորձ՝ թույլ չտալու, որ նա շարունակի կարծիք հայտնել»,- ասել է Մանվելյանը։
Մանվելյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը սկսել է «նորմա» դառնալ, և երկիրը, իր խոսքով, այս առումով փորձում է մրցել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ ավելացնելով քաղաքական հայացքների համար ազատազրկվածների թիվը։
Նա ընդգծել է, որ ակցիան նվիրված է ոչ միայն Չալաբյանին, այլև բոլոր այն անձանց, որոնց «Հայաքվեում» համարում են քաղբանտարկյալներ կամ խղճի բանտարկյալներ։ Մանվելյանը նաև կոչ է արել հասարակությանը չանտեսել նման դեպքերը և դրանք դիտարկել մարդու իրավունքների ու ժողովրդավարության համատեքստում։
Ակցիայի մասնակիցները պարզել են «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին», Free speech. Free people. Free Armenia, «Ո՛չ ընտրովի արդարադատությանը», «Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ», «Պետության բոլոր քաղաքական որոշումները պետք է բխեն ազգային անվտանգության շահերից» և այլ գրություններով պաստառներ։
Իրավապահները 2026 թվականի հունիսի 24-ին ձերբակալել էին Չալաբյանին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության հոդվածով։ ՔԿ-ի վարկածով՝ Չալաբյանը փորձել էր օտարերկրյա պաշտոնյաների միջոցով ազդել Հայաստանի քաղաքացիների վրա, որպեսզի նրանք մասնակցեն խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։ Չալաբյանը մեղադրանքը չի ընդունել։
Նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Չալաբյանին կալանավորել էր երկու ամսով։ Նրա պաշտպանական կողմն ու «ՀայաՔվեի» ներկայացուցիչները քրեական հետապնդումը քաղաքական են որակել։
