Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 2-8-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI)։ Հայաստանն այս տարի ներկայացել է միանգամից երկու թիմով՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։
Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը: 120 երկրի ներկայացուցիչների պայքարում նրանք զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի թիմերին:
Անհատական հաշվարկում բրոնզե մեդալակիրներ են դարձել.
Արամ Ամիրխանյանը (Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց)
Ռազմիկ Եփրեմյանը (Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց)
Եվս երեք աշակերտ արժանացել են պատվավոր հիշատակման (Honorable Mention).
Արտյոմ Հովհաննիսյան (Գյումրու «Ֆոտոն» վարժարան)
Գուրգեն Բայբուրդյան (Գյումրու «Ֆոտոն» վարժարան)
Դավիթ Ղազարյան (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց)
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով.
Տնային փուլ (3 առաջադրանք)
Թիմային փուլ (2 մասով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով)
Անհատական փուլ (6 առաջադրանք ԱԲ-ից)
Հայաստանի թիմը ձևավորվել է ազգային ընտրական երեք փուլերի արդյունքներով, որին մասնակցել է շուրջ 170 աշակերտ ՀՀ տարբեր դպրոցներից։ Օլիմպիադայի 8 մասնակիցներից 6-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի սաներ են, ովքեր արհեստական բանականություն են ուսումնասիրում ավագ դպրոցի եռամյա ուսումնառության ընթացքում։
Հայ դպրոցականները երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում ԱԲ միջազգային օլիմպիադային: Նախորդ տարի Պեկինում կայացած մրցույթում Արամ Ամիրխանյանը ևս անհատական պայքարում նվաճել էր բրոնզե մեդալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter