Ճապոնիայի Իբարակի նահանգին 1951 թվականից ի վեր առաջին անգամ թայֆուն է հարվածել, հայտնում է News On Japan-ը։
«Չան-հոմ» թայֆունն օգոստոսի 11-ի երեկոյան հասել է Իբարակի նահանգի հարավային հատված։ Քամու առավելագույն կայուն արագությունը կազմել է 18 մ/վ, իսկ պոռթկումները հասել են 25 մ/վ-ի։
Տեղատարափ անձրևներ են գրանցվել նաև Տոկիոյի որոշ հատվածներում։ Ուժեղ տեղումների վտանգը պահպանվել է Կանտոյի, Տոհոկուի Սանրիկուի, Նիիգատայի և Հոկայդոյի շրջաններում։
Իբարակի և Տոտիգի նահանգներում ուժեղ քամու հետևանքով տապալվել և կոտրվել են ծառեր, չեղարկվել է 64 չվերթ։ Օգոստոսի 12-ի առավոտյան ավիաչվերթների և արագընթաց գնացքների աշխատանքը հիմնականում վերականգնվել էր։ Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվել։
Ճապոնիան պարբերաբար ենթարկվում է արևադարձային ցիկլոնների ազդեցությանը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմտյան հատվածում տարեկան միջինում ձևավորվում է 25,1 արևադարձային ցիկլոն, որոնցից 11,7-ը մոտենում է Ճապոնիային, իսկ միջինում 3-ը հասնում է երկրի տարածք։ Օգոստոսին, որն այս առումով ամենաակտիվն է, միջինում ձևավորվում է 5,7 արևադարձային ցիկլոն։