Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի մշակման մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա ասել է, որ ադրբեջանցի մասնագետները արդեն վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենասյուներ։ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։
Ալիևը նշել է, որ Հայաստանում ատոմակայանի կառավարումը «չի գտնվում հայկական կողմի ձեռքում», և որ ատոմակայանն ինքնին «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Նա ասել է, որ ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, և որ «վաղ թե ուշ ատոմակայանը պետք է փակվի»։ Ըստ Ալիևի՝այս դեպքում Հայաստանը «կարող է բախվել լուրջ էներգետիկ ճգնաժամի» և «էներգիայի լրացուցիչ աղբյուր ունենալը օգտակար կլինի նրա համար»։
Ալիևը նաև հայտարարել է, որ TRIPP նախագիծն արդեն սկսվել է։ Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը հայտարարել են, որ այս նախագիծը կիրականացվի «մոտ ապագայում»։ Նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով TRIPP-ի շրջանակներում կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահմանին արդեն հաջորդ տարի։
Նա նաև հավելել է, որ Հորադիզ-Աղբենդ մայրուղին «գործնականում պատրաստ է»։ Ալիևի խոսքով՝ Բաքուն կարող է արագացնել նախագիծը «ցանկացած պահի», բայց անհրաժեշտություն չի տեսնում հայկական հատվածի անպատրաստ լինելու պատճառով։
Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP տարանցիկ երթուղու ստեղծումը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։
Հայաստանն ու ԱՄՆ-ն 2026 թվականի հունվարի 14-ին հրապարակել էին նախագծի իրականացման շրջանակը, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում է ստեղծել TRIPP-ի զարգացման ընկերություն, որի 74%-ը կպատկանի ԱՄՆ-ի ստեղծած կառույցին, 26%-ը՝ Հայաստանին։
ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը կղեկավարի Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 մլն դոլարը։
