Առաքիչները պարտավոր են բժշկական զննություն անցնել

Առաքիչները պարտավոր են բժշկական զննություն անցնել

Վերջին տարիներին սննդի առաքման ծառայությունները Հայաստանում արագ զարգացել են, և առաքիչները դարձել են սննդի անվտանգության շղթայի կարևոր օղակ։ Բայց արդյո՞ք առաքիչը պետք է բժշկական զննություն անցնի, ի՞նչ է պահանջվում նրա սանիտարական գրքույկից, և ո՞վ է պատասխանատու, եթե պահանջները չեն պահպանվում։

Այս հարցերի շուրջ «Radar Armeniа»-ն զրուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ։

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, որի նկատմամբ վերահսկողությունը օգոստոսի 2-ից խստացվել է, սննդի շղթայի ցանկացած փուլում՝ արտադրությունից մինչև փոխադրում և իրացում, ներգրավված անձնակազմը պետք է անցնի նախնական և պարբերական՝ յուրաքանչյուր կիսամյակ, բժշկական զննություն և ունենա անձնական սանիտարական գրքույկ։

– Առաքիչը սնունդ չի պատրաստում․ այդ դեպքում ինչո՞ւ պետք է բժշկական զննություն անցնի։

– Որովհետև առաքիչը սննդամթերքի հետ առնչվում է։ Սննդի շղթայում կարևոր է ոչ միայն այն մարդը, որը պատրաստում է սնունդը, այլև ցանկացած անձ, որը սննդամթերքի հետ անմիջական շփում ունի։

Պարբերական բժշկական զննության նպատակն է վերահսկել այդ անձի առողջական վիճակը։ Որոշ վարակիչ հիվանդություններ կարող են սննդի միջոցով փոխանցվել սպառողին։ Օրինակ՝ սալմոնելլան կարող է լինել ոչ միայն սննդամթերքում, այլև մարդու օրգանիզմում և հիգիենայի կանոնների խախտման դեպքում փոխանցվել սննդին։

– Այսինքն՝ բժշկական զննությունը պարտադի՞ր է բոլոր առաքիչների համար։ Որքա՞ն հաճախ պետք է այն անցնել։

– Այո՛, եթե անձը սննդամթերքի հետ առնչվում է, բժշկական զննությունը պարտադիր է։ Այն պետք է անցնել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։

Բայց միայն վեց ամիսը մեկ զննությունը բավարար չէ։ Տնտեսավարողը պետք է նաև հետևի աշխատակցի առողջական վիճակին։ Եթե մարդն ակնհայտորեն հիվանդ է, օրինակ՝ վարակիչ հիվանդության ախտանշաններ ունի, նրան չպետք է թույլատրել սննդի հետ աշխատանք կատարել։

– Իսկ սանիտարական գրքույկը պարզապես «թղթի կտո՞ր» է, թե՞ այն կոնկրետ բան է փաստում։

– Սանիտարական կամ բժշկական գրքույկը փաստում է, որ տվյալ անձը սահմանված կարգով անցել է անհրաժեշտ բժշկական զննությունը։ Գրքույկում բժշկական զննության վերաբերյալ համապատասխան տվյալները պետք է լրացված լինեն սահմանված կարգով։

Այդ պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2011 թվականի N 34 որոշմամբ։ Այսինքն՝ գրքույկը պարզապես ձևական փաստաթուղթ չէ․ այն բժշկական զննության անցկացման և դրա արդյունքների վերաբերյալ սահմանված կարգով կատարված գրանցումների փաստաթուղթ է։

– Իսկ օգոստոսի 1-ից սկսված ստուգումներն ի՞նչ պատկեր են ցույց տվել։ Քանի՞ առաքիչ է արդեն ստուգվել։

– Միայն Երևանում առաջին օրերին ստուգվել է 237 առաքիչ։ Գրեթե բոլորն ունեցել են բժշկական գրքույկ։

Այս պահի դրությամբ այդ ստուգումների շրջանակում խախտումներ չեն արձանագրվել, սակայն վերահսկողությունը շարունակվում է, և նոր տվյալները, բնականաբար, կհրապարակվեն։

Հիմնական խնդիրը, որ հայտնաբերվում է, բժշկական զննության ժամկետի խախտումն է․ այսինքն՝ վեց ամիսը մեկ նախատեսված զննությունը ժամանակին անցած չլինելը։ Սանիտարական գրքույկի լիակատար բացակայությունը բավական հազվադեպ է հանդիպում։

– Եթե առաքիչը չունի գրքույկ կամ ժամկետանց է բժշկական զննությունը, ո՞վ է տուգանվում՝ առաքիչը, թե՞ հարթակը։

– Նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ 20 հազարից մինչև 120 հազար դրամի չափով՝ կախված խախտման հանգամանքներից և դրա իրավական գնահատականից։

Այստեղ կարևոր է հասկանալ նաև առաքիչի և հարթակի հարաբերությունների բնույթը։ Եթե, օրինակ, առաքիչը Glovo-ի կամ Yandex-ի հարթակից օգտվող ինքնուրույն ծառայություն մատուցող է և այդ հարթակի աշխատակիցը չէ, պատասխանատվության հարցը տվյալ դեպքում վերաբերում է առաքիչին։

Իսկ եթե առաքիչը որևէ կազմակերպության աշխատակից է, ապա համապատասխան տնտեսավարողը պարտավոր է հետևել, որ սննդի հետ աշխատող անձն ունենա անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը։

– ՍԱՏՄ-ն միայն գրքույկն է ստուգո՞ւմ, թե՞ նաև տեսնում է՝ առաքիչն իրականում ինչ պայմաններում է տեղափոխում սնունդը։

– Ստուգումը միայն փաստաթղթերով չի սահմանափակվում։ Տեսուչները գնահատում են նաև սննդամթերքի փոխադրման պայմանները։

Օգտագործվող տարաները պետք է լինեն պատշաճ և մաքուր, իսկ սննդամթերքի փաթեթավորումը՝ ամբողջական և չխախտված։

Միևնույն ժամանակ բժշկական զննությունը միայնակ չի կարող երաշխավորել սննդի ամբողջական անվտանգությունը։ Անվտանգությունը կախված է ամբողջ շղթայից՝ սննդի պատրաստումից ու փաթեթավորումից մինչև պահպանում և փոխադրում

– Իսկ սպառողը կարո՞ղ է պահանջել, որ առաքիչը ցույց տա իր սանիտարական գրքույկը։

– Սպառողը կարող է խնդրել առաքիչին ներկայացնել բժշկական գրքույկը, եթե ցանկանում է համոզվել, որ անհրաժեշտ զննությունն անցած է։ Սակայն առաքիչը պարտավոր չէ այդ փաստաթուղթը տեղում ցույց տալ։

Այդ դեպքում սպառողը կարող է դիմել այն կազմակերպությանը, որից պատվիրել է սնունդը, կամ համապատասխան վերահսկող մարմնին։

– Եթե առաքիչը ակնհայտորեն չի պահպանում հիգիենայի կանոնները, ի՞նչ պետք է անի սպառողը։

– Առաջին հերթին կարելի է տեղեկացնել այն կազմակերպությանը, որի միջոցով պատվերը կատարվել է։ Իսկ եթե խնդիրը չի կարգավորվում կամ առկա է սննդի անվտանգության ակնհայտ խախտում, սպառողը կարող է դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ 118 թեժ գծով։

Սպառողը նաև պետք է ուշադրություն դարձնի ստացած սննդի փաթեթավորմանը․ այն պետք է լինի ամբողջական, առանց միջամտության կամ խախտման նշանների։

Նարինե Ղուկասյան

 

 

Leave a Comment