Չինական «Չժուժուն» մարսագնացի ստացած տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մարսի վրա մոտ 757 միլիոն տարի առաջ կարող էին գոյություն ունենալ փոքր, սառույցի տակ գտնվող աղի ջրային ավազաններ։ Գիտնականները Ուտոպիայի հարթավայրում հայտնաբերել են մինչև 10 սմ երկարությամբ սելենիտի խոշոր բյուրեղներ։ Դրանց կառուցվածքը և քիմիական բաղադրությունը վկայում են այն մասին, որ դրանք կարող էին ձևավորվել աղերով հագեցած հեղուկ ջրից։
Հետազոտողների կարծիքով՝ ջրի աղբյուրը կարող էին լինել ստորգետնյա սառույցը և աղի ստորերկրյա ջրերը։ Մարսի ցածր ջերմաստիճանի պայմաններում ջուրը, հավանաբար, արագ սառչում էր, սակայն սառցե շերտի տակ կարող էր պահպանվել հեղուկ աղաջրի ոչ խոր շերտ։ Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը չի նշանակում, թե Մարսի վրա այդ ժամանակ գոյություն է ունեցել մեծ կամ տաք լիճ։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, փոքր և ժամանակավոր ջրային ավազանների մասին է, որոնց հեղուկ շերտի խորությունը կարող էր լինել մոտ մեկ մետր կամ ավելի քիչ։
