Աշխարհի մյուս ծայրում՝ Ուրուգվայում, որտեղ տանգոյի կրքոտ ռիթմերը միախառնվում են օվկիանոսի շնչին, ապրում և ստեղծագործում է մի մարդ, ում կյանքը հայապահպանության և արվեստի մի իսկական սիմֆոնիա է։ Դաշնակահար, դիրիժոր և խմբավար Ալվարո Հակոբյանն այն արվեստագետներից է, ով կարողացել է ուրուգվայական բարձրագույն բեմերից հնչեցնել հայկական անունն ու մշակույթը։
Ճակատագրական ընտրություն. իրավաբանությունից՝ դեպի բեմ
Ալվարո Հակոբյանի ուղին դեպի երաժշտական մեծ աշխարհ սկսվել է մի շրջադարձային դրվագով։ Երիտասարդ տարիքում նա փորձում էր համատեղել դիվանագիտությունն ու երաժշտությունը։ Սակայն մի օր իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսորը, նկատելով ուսանողների երկվությունը, ասել է մի նախադասություն, որը փոխել է նաև Ալվարո Հակոբյանի ամբողջ ճակատագիրը. «Ինծի ըսին, որ երկու տարբեր ֆակուլտետներու մէջ միաժամանակ ուսանիլը ինքնաանվստահութեան ախտորոշիչ նշան է։ Այդ օրը ես վերջնականապէս ձգեցի դիւանագիտութիւնը ու որոշեցի կեանքս նուիրել երաժշտութեան»։
Տարիներ անց նա հասկացավ՝ երաժշտությունն իրեն ավելի շատ երկրներ ու մշակույթներ բացահայտեց, քան կարող էր անել դիվանագիտությունը։ Նա դարձավ մշակութային դեսպան, ով աշխարհին պատմեց իր ինքնության մասին։
Տանգոյի վարպետն ու հայկական ակունքները
Լինելով Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր և տանգոյի փայլուն վարպետ՝ Ալվարո Հակոբյանը երբեք չի մոռացել իր արմատները։ Նա սերում է Կիլիկիայից գաղթած ընտանիքից, որտեղ ծնողները, լինելով թրքախոս, արել են ամեն ինչ, որ զավակը հայեցի կրթություն ստանա։ Հորից ժառանգած երաժշտական տաղանդը նա ծառայեցրեց երկու մշակույթների մերձեցմանը։ Նրա մասնագիտական գործունեության գագաթնակետերից մեկը 2015 թվականին Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կազմակերպված համերգն էր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Այդ օրը ուրուգվայցի երաժիշտները Ալվարոյի ղեկավարությամբ առաջին անգամ հայերենով երգեցին «Էրեբունի-Երևանը»։ «Հայ ըլլալը ինծի համար միշտ եղած է առաւելութիւն եւ ներքին յենարան։ Արուեստի միջոցով մենք կրնանք մեր ինքնութիւնը տարածել գաղութէն դուրս՝ ստիպելով օտարներուն հիանալ Կոմիտասով ու Խաչատրեանով»։
Պետական ճանաչում և պարգևներ
Ալվարո Հակոբյանի բազմամյա վաստակն ու նվիրումը բարձր են գնահատվել ինչպես Ուրուգվայում, այնպես էլ Հայաստանում։ Նա արժանացել է Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարարության պետական մրցանակին և բազմաթիվ պատվավոր շքանշանների, իսկ անցյալ տարի հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է Հայաստանի նախարարության պատվոգրով։ «Հայրենիքէն այդ ճանաչումը ստանալը շատ կարեւոր է ինծի համար. ատիկա իմ կատարած գործիս ամենամեծ գնահատականն է»,- խոստովանում է արվեստագետը:
35 տարի հանուն Սփյուռքի պահպանման
Ալվարո Հակոբյանի համար Սփյուռքը ոչ թե լոկ բնակավայր է, այլ ամենօրյա պատասխանատվություն։ Արդեն 35 տարի նա ղեկավարում է ՀԲԸՄ-ի երգչախումբը և դասավանդում հայկական դպրոցներում։ Նա չի թաքցնում իր մտահոգությունը ձուլման և լեզվի կորստի վերաբերյալ, սակայն երաժշտությունը համարում է այն «հրաշքը», որն անգամ օտար միջավայրում ստիպում է հայ մնալ։
Հայաստանը՝ որպես կենսական էներգիա
Սա Ալվարոյի ութերորդ այցն է հայրենիք։ Յուրաքանչյուր գալուստ նրա համար վերածննդի պես մի բան է։ Նա Հայաստանից տանում է այն ուժը, որն օգնում է նրան հազարավոր կիլոմետրեր հեռվում շարունակել իր հայապահպան առաքելությունը։ «Հայաստան գալով՝ ես կը լեցուիմ այնպիսի կորովով, որ կը բաւէ մինչեւ յաջորդ հանդիպումը։ Հայրենիքն է ինծի ուժ տուողը՝ շարունակելու իմ գործս։ Ամէն այցելութենէ ետք կը նկատեմ, թէ որքա՜ն փոխուած է մեր երկիրը դէպի լաւը, եւ ատիկա զիս կ’ոգեշնչէ»։
Հեռավորությունը չի կարող ջնջել գենետիկ հիշողությունը, երբ կա նվիրում, արվեստի հզոր լեզուն և անսահման սերը դեպի արմատները։ Նա շարունակում է իր ստեղծագործական թռիչքը՝ լինելով հայության յուրօրինակ դեսպանը հեռավոր Ուրուգվայում։