Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Վորոնեժի մարզի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
Նրա խոսքով՝ Նովոուսմանի շրջանում ծանր վիրավորվել, իսկ ավելի ուշ՝ հիվանդանոցում մահացել է 49-ամյա մի տղամարդ, որը հարձակման ժամանակ եղել է փողոցում։ Բացի այդ, վիրավորվել է ևս երկու մարդ։ Գուսևի խոսքով՝ նրանցից մեկը հարձակման ժամանակ եղել է փողոցում, իսկ մյուսը՝ «լոգիստիկ խոշոր կենտրոնի տարածքում»։
Նահանգապետի խոսքով՝ նույն շրջանում հրդեհներ են բռնկվել «խոշոր ընկերության երկու պահեստներում»։ Թե որ ընկերության մասին է խոսքը, Գուսևը չի նշել։
RWB (Wildberries & Russ) միացյալ ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության՝ Վորոնեժի մարզի լոգիստիկ օբյեկտները «անվտանգության պահանջներից ելնելով տարհանվել են»։ Ուկրաինական տելեգրամյան ալիքները հրապարակել են հրդեհից լուսանկարներ և տեսանյութեր։
Գուսևը պնդում է, որ Վորոնեժի և մարզային շրջանների օդային տարածքում ռուսական ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք:
Բացի այդ, հարձակման է ենթարկվել նաև Օրենբուրգի մարզը։ Օգոստոսի լույս 11-ի գիշերը նահանգապետ Եվգենի Սոլնցևը նախազգուշացրել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի և օդանավակայանի փակման մասին, սակայն հարձակման հետևանքների մասին տվյալներ չկան։
Ուկրաինական մշտադիտարկման ալիքները պնդում են, որ Օրսկում այրվում է «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանը։ Exilenova+ տելեգրամյան ալիքը գրում է, որ առկա տվյալների համաձայն՝ այնտեղ խոցվել է նավթի վերամշակման առաջնային կայանը։ Իսկ արդեն Supernova+ տելեգրամյան ալիքն էլ փոխանցում է, որ հարձակման է ենթարկվել մեխանիկական գործարանը։
Լուսանկարը՝ Supernova+ տելեգրամյան ալիքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter