«ԱյԴի Լիզինգ»-ն ու «Import Auto»-ն քաղաքացուն կանգնեցրել են փակուղու առաջ․ մեքենան չկա, տոկոսները կուտակվում են

Չինաստանից էլեկտրոմոբիլ ներմուծելու նպատակով «ԱյԴի Լիզինգ»-ի և «Եուրո Մոտիվ»-ի (Import Auto) հետ պայմանագիր կնքած քաղաքացին 8 ամիս անց հայտնվել է փակուղում․ մեքենան այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ վճարված գումարները կորցնելու վտանգի առաջ է։

Մինչ մատակարարն ու վարկային կազմակերպությունը հրաժարվում են պատասխանատվությունից, հաճախորդի վրա շարունակում են տոկոսներ կուտակվել։ Չներմուծված ավտոմեքենայի համար «Import Auto»-ին է փոխանցվել 9.3 մլն դրամ։ Բացի այդ, քաղաքացին վճարել է լիզինգի միջնորդավճար և առանձին գումար՝ մեքենայի թաղանթապատման համար։

Ինչ պայմաններով է քաղաքացին «ԱյԴի Լիզինգ»-ի և «Import Auto»-ի հետ պայմանագիր կնքել

2026 թվականի հունվարի 12-ին Սուրեն Նազարյանը էլեկտրոմոբիլ գնելու նպատակով լիզինգային պայմանագիր է կնքում «ԱյԴի Լիզինգ» վարկային կազմակերպության և ավտոմեքենաներ ներմուծող «Եուրո Մոտիվ» ընկերության հետ։ Վերջինս սոցիալական ցանցերում ներկայանում է «Import Auto» ապրանքանիշով։ 

Այս դեպքում վարկային կազմակերպությունը քաղաքացուն կրեդիտավորում է մեքենա գնելու համար, բայց սա ոչ թե սովորական ավտովարկ է, այլ՝ լիզինգ։ Թեև քաղաքացին սկսում է շահագործել մեքենան, սեփականության իրավունքը պատկանում է վարկային կազմակերպությանը, քանի դեռ քաղաքացին ամբողջությամբ չի մարել լիզինգային վճարները։

Այստեղ «ԱյԴի Լիզինգ»-ը գնորդ-լիզինգատուն է, Սուրենը՝ լիզինգառուն, իսկ «Եուրո Մոտիվ»-ը՝ մատակարարը։

«ԱյԴի լիզինգ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն ներառված է ID Group-ում, որի մաս են կազմում նաև «ԱյԴի բանկ»-ը (IDBank) ու «Իդրամ»-ը (Idram)։ «ԱյԴի լիզինգ»-ը հիմնադրվել է 2024 թվականի մայիսին։ 

Պայմանագրով «Եուրո Մոտիվ»-ը պարտավորվել է ստորագրման պահից 60 օրվա ընթացքում Չինաստանից ներմուծել և Սուրենին հանձնել Lixiang L6 Max մոդելի էլեկտրոմոբիլը, որի ընդհանուր արժեքը կազմել է 13.3 մլն դրամ։

«ԱյԴի Լիզինգ»-ը մատակարարին է փոխանցել մեքենայի արժեքի 70%-ը՝ 9.3 մլն դրամ։ Այդ գումարից 2 մլն դրամը Սուրենը վճարել է որպես կանխավճար, իսկ մնացած 7.3 մլն դրամը տրամադրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։

Արժեքի մնացած 30%-ը մատակարարին պետք է փոխանցվեր մեքենան հաճախորդին փաստացի հանձնելուց հետո։

Ֆինանսավորումը տրամադրվել է 5 տարի ժամկետով՝ տարեկան 17% անվանական տոկոսադրույքով։ Բացի 2 մլն դրամ կանխավճարից, Սուրենը վճարել է նաև 226 հազար դրամ՝ լիզինգի միանվագ միջնորդավճար։

«Ես լավ հասկանում էի, որ սա բարձր տոկոսադրույքով վարկ է, պարզապես «ԱյԴի Լիզինգ»-ն էր առաջարկում Չինաստանից քիչ վազքով ավտոմեքենայի ձեռքբերման պրոդուկտ։ Բայց ես նույնիսկ այս բարձր տոկոսադրույքին ու միանվագ միջնորդավճարին էի համաձայն։ Այսինքն՝ ես, պայմանները գիտակցելով, ընտրել եմ այս տարբերակը»,- պատմում է Սուրենը։

Նա հույս է ունեցել, որ մեքենան երկու ամսից արդեն իրեն կհասնի, ինչպես արձանագրված է պայմանագրում։

Մեքենան չի ներմուծվել, բայց «ԱյԴի Լիզինգ»-ը ևս 8 միլիոն դրամ է պահանջում Սուրենից

Պայմանագրի ստորագրումից անցել է ութ ամիս, սակայն մեքենան ոչ միայն չի հանձնվել Սուրենին, այլև ներմուծող ընկերությունը որևէ ապացույց չի ներկայացրել, որ այն ձեռք է բերվել կամ ճանապարհին է։ Ամիսներ շարունակ Սուրենը փորձում է «ԱյԴի Լիզինգ»-ից և «Import Auto»-ից հստակ բացատրություններ ստանալ, թե ինչու մեքենան տեղ չի հասնում և ինչ է լինելու պայմանագրի ճակատագիրը։ Այս ընթացքում, ըստ Սուրենի, տոկոս է գոյանում։

Ըստ պայմանագրի՝ դա անվանվում է լիզինգի նախավարձ (բանկի տրամադրած 7.3 մլն դրամի 17%-ի չափով)։

«Դա ինձանից պիտի գանձվեր մեքենան ստանալուց հետո։ Հիմա մեքենան չկա, բայց այդ տոկոսը դեռ կուտակվում է՝ շուրջ 700 հազար դրամ է արդեն։ Հիմա, եթե նույնիսկ պայմանագիրը լուծվի, ըստ էության, այդ 700 հազար դրամն էլ է ինձնից գանձվելու։ Բանկի հետ բանակցությունների ժամանակ ես համաձայնվել էի, որ 2 ամսվա տոկոսը միայն ինձնից պահվեր, իսկ մյուս մասը բանկը կոմպենսացներ մատակարարին համարժեք չափով տուգանելու միջոցով, որը սահմանված է պայմանագրով։ Եթե գոնե ինձ որևէ ապացույց ներկայացնեին, որ մեքենան գնել են և ճանապարհին է, կսպասեի, կմտածեի, որ լինում են նաև ուշացումներ, սակայն ես համոզված չեմ, և իրենք չեն էլ ապացուցել, որ այդ մեքենան գնել են»,- ասում է Սուրենը։

Նշենք, որ մեքենան պետք է ձեռք բերվեր երկրորդային շուկայից, այլ ոչ թե անմիջապես արտադրողից։

Բացի «ԱյԴի Լիզինգ»-ին վճարված 2 մլն դրամ կանխավճարից և 226 հազար դրամ միջնորդավճարից, Սուրենը «Import Auto»-ի («Եուրո Մոտիվ» ՍՊԸ) տնօրեն Արտյոմ Արշակյանի անձնական հաշվեհամարին փոխանցել է ևս 572 հազար դրամ՝ առանց որևէ պայմանագրի։ Այդ գումարով, իբր, Չինաստանում գտնվող կազմակերպությունը պետք է թաղանթապատեր մեքենան։

Ուշագրավ է, որ մատակարար ընկերությունը պահանջել է նշված 572 հազար դրամը փոխանցել ոչ թե կազմակերպության հաշվեհամարին, այլ տնօրենի՝ Արտյոմ Արշակյանի անձնական հաշվեհամարին։ Սա ոչ միայն բարդացրել է հետագայում ապացուցելը, որ իրականում դա ոչ թե անձնական փոխանցում է եղել, այլ՝ որևէ ծառայության վճար, այլև կարող է պարունակել հարկերից խուսափելու ռիսկեր։

Արդյունքում, Սուրենի փաստացի կատարած ծախսերը կազմում են մոտ 2.8 մլն դրամ (կանխավճար, միջնորդավճար, թաղանթապատման վճար), իսկ վարկային կազմակերպության հանդեպ պարտավորությունը հասել է 8 մլն դրամի (վարկային կազմակերպության կողմից «Import Auto»-ին փոխանցված գումարն ու կուտակված տոկոսները)։

Սուրենը նշում է, որ թեև վարկային կազմակերպությունը օրենքի շրջանակում է գործել, սակայն իրեն պատշաճ չի իրազեկել հետագա ռիսկերի մասին։

«Ցանկանում եմ բարձրաձայնել հանրության համար, որ փաստացի լիզինգի պայմանագիրը ստորագրելու ժամանակ ես պատշաճ կերպով իրազեկված չեմ եղել այնպիսի ռիսկերի մասին, որոնց վերաբերյալ, եթե իրազեկված լինեի, միանշանակ չէի ստորագրի լիզինգային պայմանագիրը։ Պայմանագրի մի կետով նշված է, որ հաճախորդը համաձայնվում է «ԱյԴի Լիզինգ»-ի կայքում առկա իրենց պայմաններին։ Պրակտիկորեն ոչ մի հաճախորդ պայմանագիրը ստորագրելուց չի կարդում դա։ Այդ պայմաններում նշված կետերի համաձայն՝ մատակարարի կողմից մեքենան չմատակարարելու պարագայում ամբողջ ռիսկն իր վրա կրում է հաճախորդը։ Այդ դրույթները պայմանագիրը ստորագրելու ժամանակ ֆիզիկապես սեղանին դրված չեն եղել, իրենց կայքի ենթամենյուներից մեկում Google Drive-ի հղման տեսքով են եղել, և ինձ պատշաճ չեն ծանոթացրել դրանց։ Դրանով նախատեսվում է, որ մինչև մատակարարը, այս դեպքում՝ «Import Auto»-ն, այդ գումարները չփոխանցի «ԱյԴի Լիզինգ»-ին, «ԱյԴի Լիզինգ»-ն իմ գումարներն ինձ հետ չի վերադարձնի։ Իսկ ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ «Import Auto»-ն այդ գումարները հետ կտա վարկային կազմակերպությանը, ի՞նչ երաշխիքներ ունեմ, որ այդ ընկերությունը չի որոշի սնանկանալ։ Այդ դրույթները իրենց կայքում Google Drive-ի հղումով է դրված, որը տանում է ինչ-որ ֆայլի։ Նախ, ես վստահ չեմ, որ այդ ժամանակ առնվազն այս բովանդակությամբ շարադրված է եղել, կամ կայքի այդ ենթաբաժնին պատշաճ հասանելիություն է եղել»,- ասում է Սուրենը։

Ինչու է ընտրվել «Import Auto»-ն․ կան բանկեր, որոնք չեն աշխատում այս ընկերության հետ

Սուրենը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Նա պատմում է, որ մեքենայի ձեռքբերման գործընթացը սկսել է բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկած պրոդուկտների ուսումնասիրությունից։ Արդյունքում ընտրել է «ԱյԴի Լիզինգ»-ը։

Կապ հաստատելով վարկային կազմակերպության աշխատակիցների հետ՝ նա ճշտել է վարկավորման պայմաններն ու հետաքրքրվել, թե ինչպես կարող է ծանոթանալ իրենց հետ աշխատող մատակարար կազմակերպությունների ցանկին։ Աշխատակիցը թեև չի ժխտել, որ կա կազմակերպությունների հստակ շրջանակ, որոնց հետ աշխատում են, սակայն նշել է, որ իրավասու չէ հայտնել, թե որոնք են դրանք։ Առաջարկել են, որ հաճախորդն ինքը նշի կազմակերպության անունը, իսկ իրենք կհաստատեն՝ համագործակցո՞ւմ են տվյալ ընկերության հետ, թե՝ ոչ։

«Այստեղ, ըստ էության, ստեղծվում է իլուզիա, թե հաճախորդն է ընտրում մատակարարին, սակայն, փաստացի, մատակարարի վալիդացումն իրականացնում է ֆինանսական հաստատությունը»,- պատմում է Սուրենը։

Նա լսել է, որ ֆինանսական կազմակերպությունները, սովորաբար, իրենց հետ համագործակցող կազմակերպություններին ստուգում են անվտանգային և ռիսկերի գնահատման ընթացակարգերով։ «ԱյԴի Լիզինգ»-ը, նույնացնելով նույն խմբում գտնվող «ԱյԴի Բանկ»-ի հետ, որպես հաճախորդ վստահ է եղել, որ նրանք ստուգված կազմակերպությունների հետ կհամագործակցեն։

Այցելելով «Import Auto»-ի գրասենյակ, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (Սեբաստիա 56)՝ գրատախտակին գծված սխեմաները, անկյունում դրված պետհամարանիշները, հաճախորդների ելումուտը նրան հիմք են տվել եզրակացնելու, որ գործ ունի պատասխանատու ընկերության հետ։

«Հիմա եմ հասկանում, որ այդ ամենը, գուցե, խաբուսիկ է եղել»,- ասում է նա։

Բայց, չնայած դրական տպավորությանը, Սուրենն ասում է՝ գործ չէր ձեռնարկի «Import Auto»-ի հետ, եթե «ԱյԴի Լիզինգ»-ում չասեին, որ այս մատակարարն իրենց գործընկերն է, և որ այդ ընկերության հետ աշխատելու փորձ ունեն։

«Օրինակ՝ կան բանկեր, որոնք նույնիսկ իրենց կայքերում ունեն այն ընկերությունների ցանկերը, որոնց հետ աշխատում են։ Դա վստահություն է ներշնչում, որ տվյալ կազմակերպությունների հետ կարելի է աշխատել։ Նույն կերպ «ԱյԴի Լիզինգ»-ում ասացին, որ կարող եմ մեքենան պատվիրել «Import Auto»-ից, որը նշանակում է, որ նրանք ևս վստահում են այդ ընկերությանը»,- պատմում է Սուրեն Նազարյանը։

Ուսումնասիրության ընթացքում մի քանի բանկից ճշտեցինք՝ արդյոք աշխատում են տվյալ կազմակերպության հետ։ Պարզվեց՝ բանկերի մի մասը հրաժարվել է աշխատել «Import Auto»-ի հետ։ Բանկերի աշխատակիցները, սակայն, մանրամասներ չհայտնեցին հրաժարվելու պատճառների մասին։

Մինչ Սուրենը փորձում է ելքեր գտնել, «Import Auto»-ն սոցիալական ցանցերում ակտիվ գովազդ է իրականացնում․ Լիանկ անունով օգտատերը հայտնում է, թե ամեն օր ԱՄՆ-ից և Եվրոպայից ներմուծելու է մեքենաներ։  

Նույն էջում մեքենաներ է ակտիվ գովազդում նաև ընկերության տնօրեն Արտյոմ Արշակյանը։ Նա էլ Չինաստանից բերվող մեքենաներն է գովազդում։ 

Այս ընթացքում «ԱյԴի Լիզինգ»-ն էլ պնդում է, որ ողջ պատասխանատվությունն ու պարտականությունը Սուրենինն է։ Նրան հայտնել են, որ հունվարի 12-ին կնքված պայմանագրով ինքն է կրում պատասխանատվություն մատակարար ընկերության ընտրության և վերջինիս կողմից պարտավորությունը չկատարելու համար։

Մայիսի 13-ին Սուրենին ուղարկված նամակում «ԱյԴի լիզինգ»-ից տեղեկացրել են, որ վարկային կազմակերպությունը պատրաստ է լուծել լիզինգային պայմանագիրը։ Սակայն, Սուրենի վճարած 2.2 մլն դրամը կվերադարձվի և վարկային կազմակերպության կողմից վճարված 7.3 մլն դրամը Սուրենից չի պահանջվի միայն այն դեպքում, եթե «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ն՝ «Import Auto»-ն, վարկային կազմակերպությանը վերադարձնի այդ ամբողջ գումարը։ Սակայն, ոչ մի երաշխիք այս պահին չկա, որ «Import Auto»-ը այդ գումարը կվերադարձնի։

Նույնիսկ այդ պարագայում Սուրենը ստիպված է լինելու «ԱյԴի Լիզինգ»-ին վճարել նախավարձի գումարը՝ 700 հազար դրամը։

«Ստեղծված անելանելի իրավիճակից ելնելով՝ ստիպված համաձայնվել եմ «ԱյԴի Լիզինգ» կազմակերպության կողմից ինձ ուղղված սպառողական լիզինգի պայմանագիրը լուծելու վերաբերյալ առաջարկին»,- պատմում է Սուրենը։

Այս գործընթացից հետո դեռևս զարգացումներ չկան։

«ԱյԴի լիզինգ»-ը պատասխանատվություն չի ստանձնում

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ «ԱյԴի Լիզինգ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի տնօրեն Վադիմ Զալեևը հայտնել է, որ ընկերության և Սուրեն Նազարյանի միջև կնքված լիզինգային պայմանագրի համաձայն՝ լիզինգի առարկայի (ավտոմեքենայի) մատակարարն ընտրել է հաճախորդը։ Նա շեշտել է, որ նման դեպքերում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում մատակարարի ընտրության կամ նրա կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման համար։

Վարկային կազմակերպությանը հարցրել էինք նաև, թե ի՞նչ չափանիշներով է ընտրվում մատակարար կազմակերպությունը, և արդյոք պայմանագիրը կնքելուց առաջ ուսումնասիրել են «Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ի գործունեությունը։

Պարզվում է՝ «ԱյԴի լիզինգ»-ը նախկինում աշխատել է այդ մատակարարի հետ։

«Գործարքի հաստատման փուլում ընկերությունն իրականացրել է մատակարարի գործարար հեղինակության և ֆինանսական հուսալիության գնահատում։ Բացի այդ, տվյալ մատակարարի հետ նախկինում ունեցել ենք բազմակի հաջողված համագործակցություններ, որոնց ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարվել են պատշաճ կերպով։ Հետևաբար, գործարքի հաստատման պահին որևէ օբյեկտիվ հիմք չի եղել ենթադրելու, որ մատակարարը չի կատարի իր պարտավորությունները»,- նշել են վարկային կազմակերպությունից։

Նշում են նաև, որ մատակարարի կողմից պայմանագրով սահմանված ժամկետների խախտումից հետո «ԱյԴի Լիզինգ»-ը, իր իրավասությունների շրջանակում, բազմիցս բանակցություններ և քննարկումներ է իրականացրել իրավիճակն արտադատական կարգով լուծելու և պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, մատակարարը շարունակում է չկատարել իր ստանձնած պարտավորությունները։

Մեր մյուս հարցին, թե մատակարարի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում ինչ գործողություններ պետք է հետևեն, և ինչ լիազորություններ ունի վարկային կազմակերպությունը, «ԱյԴի Լիզինգ»-ից Սուրենի համար առայժմ որևէ հուսադրող պատասխան չեն տվել։

«Նշենք, որ Ընկերությունը գործել է բացառապես հաճախորդի և մատակարարի միջև կնքված պայմանագրի շրջանակում։ Որպես պատասխանատու և հաճախորդամետ ընկերություն IDLeasing-ի համար հաճախորդին լիարժեք և ամբողջական ծառայությունների մատուցումն առաջնային է և հաջորդիվ Ընկերությունը շարունակելու է իրեն ՀՀ Օրենքով և կնքված Պայմանագրով տրված իրավասությունների շրջանակում ձեռնարկել առավելագույնը խնդրի կարգավորմանը և կողմերի օրինական շահերի պաշտպանությանը նպաստելու նպատակով, ընդհուպ մինչև դատական եղանակով»,- նշված է պատասխանում։ 

«Import Auto»-ի տնօրենը չի արձագանքում

«Եուրո Մոտիվ» ՍՊԸ-ն, որը ներկայանում է «Import Auto» ապրանքանիշով, հիմնադրվել է 2023 թվականի ապրիլին։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Եուրո Մոտիվ»-ի 100% սեփականատերը Արտյոմ Հրաչի Արշակյանն է։ Նա նաև ընկերության տնօրենն է։

Ըստ ռեգիստրում որոնումների արդյունքների՝ «Եուրո մոտիվ»-ը միակ կազմակերպությունն է, որտեղ Արտյոմ Արշակյանը ներգրավված է թե՛ որպես սեփականատեր, թե՛ որպես գործադիր մարմնի ղեկավար։

Հոդվածը հրապարակելուց առաջ փորձեցինք իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ընկերությունից։

Մեր զանգին պատասխանող աշխատակիցը նշեց, որ նա երկրում չէ։ 

Խնդրեցինք Արտյոմ Արշակյանին  փոխանցել, որ հոդված ենք պատրաստում Սուրեն Նազարյանի հետ գործարքի վերաբերյալ, և եթե Արշակյանը ունի որևէ մեկնաբանություն կամ ցանկանում է լսել մեր հարցերը, իր հետ կապ հաստատելու կոնտակտներ տրամադրի։ 

Ավելի ուշ նույն աշխատակիցը մեր զանգին պատասխանեց, որ Արշակյանն ասել է՝ չի ճանաչում Սուրեն Նազարյանին, չունի մեկնաբանություն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment