ՔՊ-ից արձագանքել են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորության մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։ Խանդանյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։ 

Գալուզինն այսօր ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում։

Խանդանյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, և Երևանը կազմակերպությունում իր մասնակցությունն ակտիվացնելու պատճառ չի տեսնում։

«Հայաստանը, ինչպես հայտարարել է, արդեն մի քանի տարի է՝ սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին և ի գիտություն կընդունենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշումը։ Չեմ կարծում, որ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը, մինչ օրս չեն լուծվել։ Խանդանյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից նույնիսկ քաղաքական մակարդակով հայտարարություն չի հնչել, որը կդատապարտեր 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ գործողությունները։

Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ նման հայտարարության վերաբերյալ Երևանի ակնկալիքն այժմ արդեն կարող է ժամանակավրեպ լինել։

«Այդքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը ևս կարող է ժամանակավրեպ լինել, որովհետև գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մասնավորապես՝ խաղաղություն է հաստատվել, և մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին։ Սահմանազատման գործընթացն իր ամբողջ ծավալով ընթացքի մեջ է»,- ասել է նա։

Խանդանյանը հավելել է, որ եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից, Երևանը կքննարկի ստեղծված իրավիճակը և այն հաշվի կառնի ՀԱՊԿ-ի ու կազմակերպության անդամ երկրների հետ հետագա հարաբերություններում։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները 2021-2022 թվականներին։ 2026 թվականի հունիսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը հայտնել էր, որ Հայաստանն արդեն երրորդ տարին չի վճարում կազմակերպության անդամավճարները՝ դե յուրե մնալով ՀԱՊԿ անդամ։

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ կազմակերպության խորհրդի, Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների խորհուրդների, ինչպես նաև Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Միևնույն ժամանակ, անդամ պետության պարտավորություններին առնչվող որոշումները կարող են ընդունվել առանց այդ երկրի ձայնը հաշվի առնելու։

Leave a Comment