Եգիպտոսը առաջարկ է ստացել միանալու Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական նոր դաշինքին, սակայն այս փուլում հրաժարվել է մասնակցել դրան: Այդ մասին հայտնում է եգիպտական Mada Masr պարբերականը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրին։
Պարբերականը նշում է, որ Կահիրեն չի բացառում ապագայում դաշինքին միանալու հնարավորությունը և հանդես է գալիս համագործակցության առավել լայն ձևաչափի օգտին, որն ուղղված է նախևառաջ տարածաշրջանային ճգնաժամերի քաղաքական կարգավորմանը:
Turkiye Today կայքը Կահիրեի մոտ նման ցանկության բացակայությունը բացատրում է նրանով, որ Եգիպտոսը չի ցանկանում անդամակցել այդ դաշինքին՝ Հունաստանի և Կիպրոսի հետ ռազմավարական սերտ կապերի պատճառով, որոնք լուրջ տարաձայնություններ ունեն Թուրքիայի հետ։ Բացի այդ, Կահիրեն զարգացնում է իր տնտեսական կապերը Հնդկաստանի հետ, ինչին կարող է խանգարել այս դաշինքին Պակիստանի մասնակցությունը։
Իսկ Arabic Post պարբերականն էլ կարծում է, որ Եգիպտոսը խուսափում է ներքաշվել Իրանի հետ պատերազմի մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել էին պաշտպանության մասին եռակողմ համաձայնագիր։ Արարողությունը կայացել էր Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի հանդիպման ժամանակ:
Համաձայնագրի համաձայն՝ երեք պետություններից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի վրա։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսում է երեք երկրների միջև համապարփակ պաշտպանական համագործակցության զարգացում և միտված է «ագրեսիայի բոլոր դրսևորումների» հավաքական զսպման ուժեղացմանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է, որ Եգիպտոսն ապագայում կմիանա այս դաշինքին: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է կարգավորել տեխնիկական ևս մի քանի հարց։
Լուսանկարը՝ Kerolos Salah/AFP via Getty Images
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter