Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հայկական բանկից 10 մլն 980 հազար եվրոյի հափշտակության սխեմայի ենթադրյալ մասնակիցներից մեկին, հայտնել են Հայաստանի Քննչական կոմիտեից։ Մեղադրյալը շուրջ 11 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։
ՔԿ-ն չի բացահայտել մեղադրյալի ինքնությունը՝ նշելով միայն նրա անվան սկզբնատառերը՝ Վ․Մ․։
Քննության վարկածով՝ Հայաստանի և Իրանի մի շարք քաղաքացիներ խարդախությամբ հափշտակել են Հայաստանում գործող բանկին փոխանցված ավելի քան 10 մլն եվրոն, ապա գումարի ծագումն ու իրական բնույթը թաքցնելու նպատակով կատարել փողերի լվացում՝ օգտագործելով իրենց հետ փոխկապակցված ընկերությունների հաշիվները։
Քննության տվյալներով՝ սկզբում փոխկապակցված ընկերություններից մեկի հաշվին փոխանցվել է 1 մլն եվրո, իսկ հետո՝ մնացած 9,98 մլն եվրոն։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ միջոցների մի մասը հետագայում կանխիկացվել է, իսկ մյուս մասը փոխանցվել է սխեմայի մասնակիցների հաշիվներին։
Քրեական գործը հարուցվել էր 2013 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականի հունվարին մեղադրյալի և սխեմայի մյուս ենթադրյալ մասնակիցների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Մեղադրյալը Ռուսաստանից Հայաստան է արտահանձնվել 2026 թվականի հունիսի 18-ին։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, իսկ գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։
