Կանաչ անցման հանքային հիմքը․ հանքարդյունաբերության ազդեցությունը կենսաբազմազանության վրա

Անի Բայբուրդյան, ասպիրանտ, բնապահպանական ծրագրերի համակարգող

Էլեկտրամոբիլները, արևային վահանակներն ու քամու կայանները հաճախ ներկայացվում են որպես կլիմայական ճգնաժամի լուծման կարևոր գործիքներ։ Սակայն դրանց արտադրության համար անհրաժեշտ մետաղների աճող պահանջարկը ստեղծում է նոր մարտահրավեր՝ ինչպես զարգացնել կանաչ տեխնոլոգիաները՝ առանց խորացնելու կենսաբազմազանության կորուստը։ 

Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)՝ պղնձի, լիթիումի, կոբալտի, նիկելի, գրաֆիտի և հազվագյուտ հողային տարրերի պահանջարկը մինչև 2040 թվականը կարող է բազմապատկվել։ Սա նշանակում է ոչ միայն գործող հանքավայրերի ընդլայնում, այլև նոր հանքերի որոնում և շահագործում։

Գլոբալ քարտեզագրման վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհում հայտնի շուրջ  70 000 հանքավայրերի գրեթե 23 %-ը գտնվում է կենսաբազմազանության համար առանցքային նշանակություն ունեցող տարածքներում (Key Biodiversity Areas, KBA)։  Այս տվյալները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար անհրաժեշտ ռազմավարական մետաղների արդյունահանումը հաճախ համընկնում է կենսաբազմազանության պահպանության առաջնահերթ տարածքների հետ։ 

Կենսաբազմազանության ճգնաժամը 

Կենսաբազմազանության կորուստն այսօր համարվում է մարդկության առջև ծառացած ամենալուրջ գլոբալ մարտահրավերներից մեկը։ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի (IPBES) գլոբալ գնահատման համաձայն՝ բնության վիճակը վերջին տասնամյակներում վատթարացել է ավելի արագ, քան մարդկության պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանում։ 

Կենսաբազմազանության կորստի հիմնական «շարժիչ» ուժերն են բնական կենսամիջավայրերի ոչնչացումը, բնական ռեսուրսների գերշահագործումը, կլիմայի փոփոխությունը, աղտոտումը և ինվազիվ օտար տեսակների տարածումը։ Թեև հանքարդյունաբերությունը գլոբալ մակարդակով չի համարվում կենսաբազմազանության կորստի գլխավոր պատճառ, դրա ազդեցությունը կարող է զգալի լինել այն տարածքներում, որտեղ իրականացվում են արդյունահանման ծրագրեր։

Ժամանակակից մոտեցումը․ ոչ միայն նվազեցնել վնասը, այլև կանխել այն

Եթե երկու տասնամյակ առաջ հանքարդյունաբերության ոլորտում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր շրջակա միջավայրին հասցված վնասի մեղմման վրա, ապա այսօր միջազգային լավագույն փորձը պահանջում է այլ մոտեցումառաջին հերթին պետք է կանխել վնասը, այլ ոչ թե փորձել այն վերացնել հետո։

Այս մոտեցումն արտահայտվում է ազդեցությունների հիերարխիայում՝ «Խուսափել – Նվազեցնել – Վերականգնել – Փոխհատուցել» ( Avoid – Minimize – Restore – Offset)։ Այն այսօր կիրառվում է բազմաթիվ երկրների օրենսդրություններում, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և խոշոր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաժամանակակից տեխնոլոգիաները չեն կարող ամբողջությամբ վերականգնել այն, ինչ կորցվում է եզակի կամ դանդաղ վերականգնվող էկոհամակարգերում։ Հենց այդ պատճառով վերջին տարիներին գիտական հանրությունն ավելի ու ավելի հաճախ շեշտում է կանխարգելման սկզբունքը՝ կարևորելով ճիշտ տարածքային պլանավորումը, կենսաբազմազանության ելակետային ուսումնասիրությունները և ռիսկերի գնահատումը մինչև որևէ հանքարդյունաբերական ծրագրի իրականացումը։

Բնության պահպանությունից դեպի «Nature Positive»

Կենսաբազմազանության պահպանությունն այսօր այլևս միայն բնապահպանական խնդիր չէ։ Այն աստիճանաբար դարձել է տնտեսական քաղաքականության, ներդրումային որոշումների և ֆինանսական համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Եթե նախկինում ներդրողները հիմնականում գնահատում էին ծրագրերի տնտեսական արդյունավետությունն ու կլիմայական ազդեցությունը, ապա այսօր ավելի հաճախ հարցը հնչում է այսպես՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա նախագիծը բնության վրա։

Այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ կենսաբազմազանության կորուստը գնալով ավելի մեծ տնտեսական ռիսկեր է ստեղծում։ Էկոհամակարգերի խաթարումը կարող է ազդել ջրային ռեսուրսների, հողերի բերրիության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և նույնիսկ բիզնեսի երկարաժամկետ կայունության վրա։ Այդ պատճառով բնության պահպանությունն աստիճանաբար դառնում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական առաջնահերթություն։

Այս մոտեցումն արտացոլված է նաև վերջին տարիներին ընդունված միջազգային փաստաթղթերում և նախաձեռնություններում, որոնց մասնակից է Հայաստանը։

Այս համատեքստում ձևավորվում է ավելի լայն մոտեցում, որը միջազգային օրակարգում հաճախ բնութագրվում է որպես «Nature Positive»։ «Nature Positive»-ը գլոբալ հասարակական նպատակ է, որը սահմանվում է որպես «կանգնեցնել և շրջել բնության կորուստի գործընթացը մինչև 2030 թվականը՝ 2020 թվականի բազային ցուցանիշի հիման վրա, և հասնել լիակատար վերականգնման մինչև 2050 թվականը»։ Սա համապատասխանում է Կունմին Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաքելությանը, որի մասնակից է նաև Հայստանը։

Հայաստանի ազգային առաջնահերթությունները

Հայաստանը համարվում է կենսաբազմազանության բարձր արժեք ունեցող երկիր այստեղ հանդիպում են տարբեր կլիմայական գոտիների և լանդշաֆտների առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են բուսական ու կենդանական աշխարհի մեծ բազմազանությունը։ Չնայած երկրի փոքր տարածքին՝ Հայաստանում գրանցված է ավելի քան 3 800 անոթավոր բույսերի տեսակ, շուրջ 17 500 կենդանատեսակ, այդ թվում՝ բազմաթիվ հազվագյուտ և էնդեմիկ տեսակներ։

Միևնույն ժամանակ, Հայաստանը հարուստ է նաև հանքային ռեսուրսներով։ Հանքարդյունաբերությունը երկրի տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է և բազմաթիվ հանքավայրեր տեղակայված են էկոլոգիական բարձր արժեք ունեցող տարածքների հարևանությամբ կամ դրանց ազդեցության գոտիներում։ Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով, որ Հայաստանի բնական էկոհամակարգերը արդեն իսկ ենթարկվում են լրացուցիչ ճնշումների՝ կապված հողերի դեգրադացիայի, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների օգտագործման և աճելավայրերի մասնատման հետ։

Հայաստանը, միանալով Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին, ստանձնել է մինչև 2030 թվականը դեգրադացված էկոհամակարգերի վերականգնման, արդյունավետ պահպանվող տարածքների ընդլայնման և կենսաբազմազանության սկզբունքների ինտեգրման պարտավորություններ տնտեսական և տարածքային պլանավորման գործընթացներում։

Այս համատեքստում հանքարդյունաբերական նոր ծրագրերի գնահատումը չի կարող սահմանափակվել միայն տնտեսական արդյունավետությամբ։ Անհրաժեշտ է հաշվի առնել տարածքի էկոլոգիական արժեքը, հնարավոր ազդեցությունները տեսակների և էկոհամակարգերի վրա, ինչպես նաև էկոհամակարգային ծառայությունների պահպանման անհրաժեշտությունը՝ դեռևս նախագծման և որոշումների կայացման վաղ փուլերում։

Եզրակացություն

Էներգետիկ անցումն անհնար է պատկերացնել առանց հանքային ռեսուրսների։ Պղինձը, լիթիումը, նիկելը, կոբալտը և մյուս ռազմավարական մետաղները դարձել են ժամանակակից տնտեսության հիմքը և առանցքային դեր ունեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Սակայն նույնքան ակնհայտ է, որ «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը չպետք է տեղի ունենա կենսաբազմազանության անդառնալի կորստի հաշվին։

Այսօր հիմնական հարցն այլևս այն չէ, արդյոք անհրաժեշտ է արդյունահանել այդ մետաղները, այլ՝ ինչպե՞ս դա անել՝ հնարավորինս պահպանելով բնական էկոհամակարգերը։ 

Հայաստանի համար այս հարցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Երկիրը հարուստ է ինչպես օգտակար հանածոներով, այնպես էլ բացառիկ կենսաբազմազանությամբ, և այդ երկու արժեքները հաճախ կենտրոնացված են նույն աշխարհագրական տարածքում։ Հետևաբար յուրաքանչյուր նոր հանքարդյունաբերական նախագիծ պետք է գնահատվի ոչ միայն տնտեսական օգուտների, այլև բնական կապիտալի պահպանման տեսանկյունից։

Առողջ էկոհամակարգերն ապահովում են ջուրը, բերրի հողերը, անտառները, փոշոտումը, կլիմայի կարգավորումը և բազմաթիվ այլ ծառայություններ, որոնց վրա հիմնված են տնտեսությունն ու մարդկանց բարեկեցությունը։ Եթե այդ հիմքը խաթարվում է, վտանգվում է նաև երկարաժամկետ զարգացումը։

Կանաչ անցումն իսկապես հաջողված կլինի միայն այն դեպքում, եթե այն նպաստի ոչ միայն ածխածնային արտանետումների նվազեցմանը, այլև բնության պահպանմանը։ Հակառակ դեպքում մենք կարող ենք հաղթահարել մեկ գլոբալ ճգնաժամ՝ խորացնելով մյուսը։

Լուսանկարում՝ Թեղուտի հանքավայրը, արխիվային/ © Հետք



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment