Լիոնել Մեսսին վերջին հրաժեշտը տալու նպատակով ժամանել է հայրենի Ռոսարիո, քանի որ 68 տարեկանում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է նրա հայրը՝ Խորխե Մեսսին։Արգենտինական Infobae…
Լիոնել Մեսսին վերջին հրաժեշտը տալու նպատակով ժամանել է հայրենի Ռոսարիո, քանի որ 68 տարեկանում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է նրա հայրը՝ Խորխե Մեսսին։
Արգենտինական Infobae հրատարակության փոխանցմամբ՝ 39-ամյա հարձակվողը ընտանիքի հետ միասին անձնական ինքնաթիռով Ռոսարիոյի օդանավակայան է վայրէջք կատարել շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:45-ի սահմաններում։ Հոր մահվան պատճառով արգենտինացի աստղը չի մասնակցել Լիգաների գավաթում «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Մոնտերեյի» միջև հանդիպմանը։ Խորխե Մեսսին մահացել է ուրբաթ գիշերը Ռոսարիոյի կլինիկաներից մեկում։ Թեև հիվանդության հստակ ախտորոշումը չի հրապարակվում, հայտնի է, որ վերջին շրջանում նա գտնվել է մշտական բժշկական հսկողության տակ։
Էլ-Պրադո գերեզմանատանը կայանալիք հրաժեշտի արարողությունը կանցնի խիստ փակ, ընտանեկան ձևաչափով, և դրան կմասնակցեն միայն ամենամտերիմ հարազատները։ «Ամեն ինչ կանցնի փակ մթնոլորտում, որտեղ գլխավորը հարգանքն է Մեսսիների ընտանիքի նկատմամբ։ Ոչ մի ֆուտբոլային ֆունկցիոներ կամ ղեկավար Ռոսարիո չի մեկնի», — նշել է Ֆեյնմանը X սոցիալական ցանցի իր էջում։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես ցավակցություն է հայտնել Մեսսիների ընտանիքին։ Ի հիշատակ Խորխեի՝ արգենտինական ֆուտբոլի բոլոր դիվիզիոններում առաջիկա խաղերը կմեկնարկեն լռության րոպեով, իսկ դրոշները խոնարհված կմնան մինչև օգոստոսի 14-ը։ Հոր առողջական վիճակի վատթարացման մասին հայտնի էր դարձել դեռևս 2026 թվականի աշխարհի առաջնության օրերին։ Խմբային փուլի առաջին տուրում Ալժիրի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից և իր հեղինակած հեթ-տրիկից հետո, Մեսսին խոստովանել էր, որ առաջին գոլից հետո չի կարողացել զսպել արցունքները, քանի որ խաղին նախորդել էին հոգեբանորեն ծանր օրեր։ ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունից հետո Լիոնելն անմիջապես վերադարձել էր Ռոսարիո՝ ժամանակն ընտանիքի ու հոր կողքին անցկացնելու համար։ Խորխե Մեսսին ծնվել էր 1958 թվականին և երկար տարիներ աշխատել պողպատաձուլական գործարանում՝ նախքան որդու կարիերային ամբողջությամբ նվիրվելը։ Նա Լիոնելի համար ոչ միայն հայր էր, այլև նրա առաջին գործակալը, խորհրդատուն և փառահեղ կարիերայի գլխավոր ճարտարապետը։ Հենց նա էր նկատել 4-ամյա որդու տաղանդը, տարել նրան «Նյուելս Օլդ Բոյզի» ակադեմիա, իսկ ավելի ուշ անզիջում պայքար մղել աճի հորմոնի պակասի թանկարժեք բուժման համար՝ ի վերջո կազմակերպելով ընտանիքի պատմական տեղափոխությունը Բարսելոնա։ Իր ողջ կյանքի ընթացքում Խորխեն ստանձնել էր որդու կարիերայի կառավարումն ու ադմինիստրատիվ հարցերը՝ թույլ տալով ութակի «Ոսկե գնդակի» դափնեկրին կենտրոնանալ բացառապես ֆուտբոլի վրա։