Միջագետքի արեգակին հուրը իր աչքերուն մէջ․ Պարգևուհի Օրֆա (մաս 1)

Դեպի Լեսբոս կղզի

1980 Հուլիս 7-ին, մեծ բանստեղծուհի Սաֆոյի հայրենիք Միտիլինիում, ավելի ճիշտ, հարակից Պլոմարի խնկաբույր Սուրբ Պարասկևա եկեղեցում հավաքվել էին սևազգեստ կանայք և արևից խանձված մորթով տղամարդիկ: Հույն քահանան հոգեհանգստյան կարգ էր կատարում ծաղիկներով զարդարված դագաղի շուրջ:  Հետո սկսեց գովեստի խոսքեր շռայլել դագաղում պառկած Թեոդորային՝ Աստծո պարգևին, որի ականջներին, դաստակին և մատին չքնաղագյուտ զարդեր էին՝ բիժուտերիա՝ իր սիրած կանաչ ակով: Թանկ բաներ չուներ, չէր էլ սիրել ամբողջ կյանքում: Իսկ հագին իր իսկ ասեղնագործած հայկական տարազն էր: Հանգուցյալը մի տաղանդավոր հայ կին էր Պարգևուհի անունով՝ հունարեն՝ Թեոդորա: Նրա աճյունը Լեսբոս կղզի էր հասել Փարիզ-Աթենք- Միտիլինի ճամփով: Չնայած իրականում պիտի Փարիզ-Մոսկվա-Երևան գծով հասներ Արտաշատի Դալար գյուղ, որտեղ արդեն գերեզմանի փոսը փորված էր, իսկ Մոսկվայի օդակայանում էլ  անշունչ Պարգևուհուն սպասում էին ամուսնու՝ Արամ Պետրոսյանի ազգականները՝ Դարալից: Վերջին պահին խորհրդային հյուպատոսությունից պարզվեց, որ խնդիր կա դին Հայաստան տեղափոխելու, և ամուսինը որոշեց սիրելի տիկնոջ մարմինը ի պահ տալ իր հույն մայրիկի՝ Էգեյանին նայող չքնաղ ծննդավայրում, որտեղ անցել էր նաև իր ուրախ մանկությունը: Հուղարկավորությունից հետո գյուղի տղամարդկանցով գնացին Եանիի սրճարանը՝ մի թաս Պլոմարի հայտնի ուզօ  խմելու օտարազգի, բայց իրենցը դարձած, Սաֆոյի պես տաղանդավոր և խիզախ կնոջ հոգու համար: Այդ օրն անգամ Միտիլինի ձայնասփյուռը պատմեց Պարգևուհի Պետրոսեանի ով լինելու մասին: Մինչդեռ Հայաստանը լուռ մնաց: Դա Հուլիսի 7-ն էր, բայց մահացել էր Հունիս 11-ին: Գրեթե 1 ամիս խեղճ Պարգևուհու մարմինը պահվեց սառը խցում, մինչև կհասներ հունական տաք հողին: Վերջապես հանգստացավ 1915-ից մինչև 1980 ձգվող տանջալի հոգեկան ցավերից՝ կապված իր հայրենիքի և ընտանիքի անհետացման, իր կյանքում նախանձ մարդկանց թունավոր ներկայության, մարմնական բազում ցավերին վերջին շրջանում ավելացած պառկելախոցերից, որ իր՝ պարուհու արվեստով օծված մարմինը, դարձրել էին վերքերի բույն:  

img20260805_11261293.jpg (911 KB)

Հանուն ազատ մեռնելու

Եդեսացի էր՝ ծնված 1908-ի Մայիսի մի օր՝ Կարապետ և Սուլթան Թաշճեանների սիրուց: Մեծ հայրը գրելու ջիղ ուներ, հայրը գեղեցիկ քանդակներ էր անում, մայրը հրաշալի պարում էր: Եդեսիայի հարսանիքների և տոնակատարությունների աստղն էր Սուլթանը: Եվ Կարապետին դա դուր էր գալիս: Պարգևուհին փոքր տարիքից առնչվել  էր արվեստների նուրբ բնույթին՝ իր մոր ճկուն և գալարուն մարմնի պարին և՝ կոշտությունը փափկության վերածող, հոր ձեռքերի կախարդանքին: Բայց 1915-ին աշխարհի իր անկյունը կործանվեց: Եդեսիան կամ Ուրֆան 25 օրյա փառահեղ ինքնապաշտպանությունից հետո, երբ այլևս սպառվեցին զենքերը, ընկավ: «Ինչ կլիներ մեր վիճակը, եթե այս ծանր օրերին, մի քանի Ուրֆաներ մեր դեմ այսպես ծառանային»՝ մտածում  էր Ֆահրի փաշան՝ Օսմանյան 4-րդ բանակի շտաբի պետը և փառք տալիս ալլահին, որ այդպես չի եղել։

Ճերմակ զգեստով՝ Պարգևուհի Օրֆա.jpg (935 KB)

Ճերմակ զգեստով՝ Պարգևուհի Օրֆա

«1915-ին տակաւին աղջնակ մը ականատես եղայ հոյակապ հերոսամարտին: Ամբողջ ամիս Եդեսահայութիւնը երգով ու պարով ազատ մեռնելու խրախճանքը տոնէց…»: Ի՛նչ հրաշալի է «ազատ մեռնելու» գաղափարը: Հայրը, մայրը սպանվեցին, իր պաշտելի եղբայրը՝ Խորենը, ոտնակոխ եղավ քաղաքը ասպատակած թուրքերի ձիերի սմբակների տակ ու մեռավ. «Բոլոր կորուստներէն ամէնէն սաստիկը քու  ցաւդ էր…»: Հորեղբայրը, մորեղբայրը, բեմասաց զարմիկ Հարություն Տէր Խորենեանը, որի մարմինը կնոջ և զավակների հետ թուրքերը հոշոտեցին Շեյթան Դերեսիի մեջ, կրտսեր զարմիկ Ճանիկը, որ կախաղան բարձրացվեց և մինչև վերջին շունչը երգեց քաջության մասին… «Ա՜խ, որ մէկը յիշեմ»: Միակ ազգականը, որ ողջ էր մնացել ցեղասպանությունից՝ իր մորեղբոր կինն էր՝ Խանպեկը իր 2 զավակներով, որոնց կարողացել էր Թեհրան ուղարկել:

 Թշնամին իր մարմնոյն մէջ կրելով 

Պարգևուհին չէր կարողանում մոռանալ այն օրը, երբ 3 երեխաներով խաղում էին բակում, ու, չգիտես որտեղից, կրակ բացվեց իրենց վրա: Աչքի առաջ ընկերներից մեկը տեղնուտեղը սպանվեց, ջրհորի մոտ՝ արյուլվա, կիսամեռ ընկավ 8 տարեկան Արմենակը՝ հերոս և նահատակ Մկրտիչ Եօթնեղբայրեանի ազգականը: Ի՜նչ հերոս էր Մկրտիչը: Տարիներ անց, Պարգևուհին նրան համեմատելով Նապոլիոնի հետ կգրի՝ «Ոսկիին դիմաց թիթեղ կշռելու տպաւորութիւնը կ՛ունենամ» և որ միայն Ժան Բատիստ Ժյուլ Բերնադոտին կարելի է բաղդատել մեր քաջարի հերոսներին հետ:

Թափօրն ահա ծիրանազգեաց

Հերոսներուն մեր ահեղ,

Շարա՜ն, շարա՜ն կ՛իջնեն դէպի մեզ

Ազատութեան երկինքէն,

Անոնց փառքին ոսկեփոշին

Կը պսպղայ օդին մէջ:

Անոնց համբոյրը մեր ճակտին,

Մկրտութիւնն է հրեղէն:

Անոնց նայուծքը հրակէզ

Կ՛այրէ խաւարը մեր հոգւոյն:

Փա՜ռք քեզ Ուրֆա, Ուրհայաստան,

Յիշատակիդ կամարի տակ հրեղէն

Վերածնած իբրեւ Հայ,

Մենք կը դառնանք քաջորդիներ:

Այդ օրը իրեն ոչինչ չպատահեց, սարսափից բացի, որ դարձավ իր ուղեկիցը ամբողջ կյանքի ընթացքին: Փողոցները լցվում էին դիերով, հսկա շները հոշոտում էին դրանք… Թուրք զինվորից ողնասյանը ստացած երկաթե գավազանի ուժեղ հարվածը ոչինչ էր՝ համեմատած իր տեսած իրականության: Տարիներ անց Արմենակը և Պարգևուհին հանդիպեցին Փարիզում, որտեղ 2–ն էլ հայտնվել էին  իրենց պատանությունը որբանոցներում թողնելուց հետո: Փարիզում Արմենակ Եօթնեղբայրեանի անունը թնդում էր կանանց շրջանում իբրև բացառիկ մի վարսահարդարի, որը «թշնամու գնդակէն վիրաւոր» իր աջ ձեռքի հաշմված մատներով՝ միջնամատը մատնեմատի վրա ոլորված, «վարսայարդարի գործիքները կը գործածէ ամենամեծ ճարպկութեամբ»: Արմենակը, «…թշնամին իր մարմնոյն մէջ կրելով  ամուսնացաւ և սիրուն զաւակներ ունեցաւ…», իր աշխատասիրությամբ հարստացավ և այդպես լուծեց իր կորսված մանկության և պատանության վրեժը աշխարհից:

Մկրտչո՜ւկը

Ուրֆայի անկումից հետո Պարգևուհուն որդեգրեց կուսակալ Ֆեթհի բեյը: Տան փոքրիկ իշխանուհին դարձավ: Եվ սկսվեց աղջկան իսլամ դարձնելու պատրաստությունը: Ահա այստեղ օգնության հասավ Խանպեկը: Գրեթե ուժով երեխային հանեց տնից և տարավ թրքական որբանոց: Նրան նոր անուն տվեցին՝ Փերվին: Բայց գոնե այստեղից ճար կար ազատվելու: Եվ այդ ճարը «Հայ որբերու ոսկեզրահ ասպետ» Առաքել Չագրեանն էր, որ գտավ Պարգևուհուն և, ատրճանակի սպառնալիքով, ազատեց երեխային թրքական հաստատությունից՝ «…զիս հազիւ հազ փրկեց թուրանի երախէն»: Ավելի ուշ, Պարգևուհին իմացավ, որ Խանպեկը իրեն նշանել էր մի Եդեսացի սիրուն տղայի հետ՝ Մկրտիչ անունով՝ ինքը Մկրտչուկ էր ասում, ևս թրքական որբանոց ընկած և Նուրի անունով վերակնքված: Նրանք հանդիպեցին որբանոցում՝ Փերվին-Պարգևուհին բանից անտեղյակ էր:  «Խեղճ Մկրտիչ, որքան տառապեցար ինծի համար, ինչ գիտնայիր, զիս նշանած էին քեզի առանց լուր տալու ինծի»: Անցավ 40 և ավել տարի՝ հիշողությունները սկսեցին արթնանալ.«…զոյգ մը ձագուկ եղնիկներ քով քովի նստած:…աղջիկը որ ես էի այդ միջոցին հրեշտակ մըն էր տակաւին…այսօր աւելի քան 40 տարիներ ետքը այնքան քաղցր սարսուռ մը կը զգամ այդ յիշատակը վերակոչելով»: Իսկ Խանպեկի՝ «Նուրին քեզի հոգ պիտի տանի…» հավաստիացումը հուսադրող էր իր համար: Հրաշալի ձայն ուներ Մկրտիչը, և թրքական որբանոցի կառավարիչները նրան էին վստահվում ազանը: Իսկ Պարգևուհին էլ ի՛ր հերթին էր մի աստղ՝ որբուհիների շրջանում և տղաների ուշադրության կենտրոնում: Եվ դա իր նշանածին դուր չէր գալիս: Դուր չէր գալիս, որ նա պարում է՝ աչքերը չորս արած տղաների ներկայությամբ: Մի օր էլ հանդիպեցին որբանոցի պուրակում, ու ռմբակոծություն սկսվեց. «…ասդին անդին վազվզեցինք: Ասիկա մեր վերջին տեսակցութիւնը եղաւ, աւաղ»:  Փերվինին տարան Ադանա, իսկ Նուրիին մեկ ուրիշ որբանոց: 

img20260805_11272531.jpg (759 KB)

Անդունդներ  քայլերուս տակ   

Պարգևուհու շնորհները շուտով գնահատեցին մասնագետները: Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի միջոցով արդեն Հունաստանում էր: Սալոնիկում իր առջև բացվեց  իրական բեմի վարագույրը: 17-18 տարեկան էր, երբ  մեծանուն դերասան Հովհաննես Զարիֆեանը իր թատերախմբով Աթենքից Թրակիա մեկնելու ճանապարհին կանգառ արեց Սալոնիկում: Ամեն անգամ հյուրախաղերով այսուայն կողմում լինելով, Զարիֆեանը փնտրում էր նոր դեմքեր և նոր տաղանդներ, տեղում ձևավորում էր թատերախմբեր: Ահա այստեղ նա տեսավ Պարգևուհուն: «…այդ երկայնահասակ, ոսկեհեր եւ երեսները ցանոտ ու կնճռոտած դերասանին արտաքինը վանողական տպաւորութիւն մը թողեց վրաս: Սակայն, երբ փորձի սկսայ իրեն հետ, տաք եւ գերզգայուն իր շունչը հմայեց զիս անմիջապէս: Զարմանալի մագնիսականութենէ մը տարուած՝ թաքուն յատկութիւններուս առագաստները բացի եւ տուի իմ ամբողջ էութեանս լաւագոյնը»: Եվ դա գնահատեց Զարիֆեանը՝ «Արտակարգ ուժի մը դիմաց կը գտնուիմ»՝ ասաց: Պարգևուհին 3 անգամ բեմ ելավ նրա հետ Սալոնիկի դրամատիկական թատերախմբով: Զարիֆեանը պնդեց, որ  Փարիզ անցնի՝ բեմական տաղանդը կատարելագործելու համար: Այդպես էլ եղավ  1929-ին: Պարգևուհին հայտնվեց Փարիզում, մտավ Սորբոն գրականության և փիլիսոփայության բաժին, բեմ բարձրացավ ասմունքի, պարի համար, բայց «…դժբախտաբար իտէալի ճամբուս վրայ անդունդներ բացին քայլերուս տակ…»:  Փարիզի ամենադժվարահաճ միջավայրում, նրա տված պարի «ռեսիթալները»՝ մենապարերը,  շատ մեծ գնահատականի արժանացան: Պարգևուհի Թաշճեան Օրֆային ծափահարեցին Օպերա Քոմիքում, Քոմեդի Ֆրանսեզում, Լա Գեթե Լիրիքում: «Իմ ոճս բոլորովին տարբեր էր: …Դժբախտաբար պալէի համար դրամ պէտք է: Ես այդ դրամը ճարելու փորձեր ընելու վրայ էի…», երբ բոլորվին անտաղանդ և խարդախ մի կին  «յայտագիրս թռցնելով, իբր պարի ղեկաւարուհի մէջտեղ նետուեցաւ…»:

Քու տեղդ ասոնց մօտն է

Ֆրանսիայի «Արևելյան պարերի» ակադեմիայի տնօրենուհի տիկին Ռոսեն Պարգևուհուն ցույց տվեց նորարարական պարի արքա՝ Դյագիլևի խմբի առաջատար պարող  լեհ Վացլավ Նիժինսքու, 20-րդ դարի ամենից հայտնի  իսպանուհի պարուհու՝ Արժանթինայի՝ Քասթանեթի և Ֆլամենկոյի թագուհու,  ամերիկուհի՝ ազատ պարի հիմնադիր, նորարար Այսեդորա Դունկանի լուսանկարները  և ասաց՝ «Քու տեղդ ասոնց մօտն է»: Անշուշտ նկատի ունենալով նրա տաղանդը: Հետաքրքիր է, որ Պարգևուհի Օրֆային և այս երեքին միավորում էր ոչ միայն պարը, այլև՝ նրանց կյանքի զարմանալի դարձդարձումները: Նիժինսքին մեռավ՝ երիկամների նեֆրիտ հիվանդությունից, բայց վաղուց արդեն տառապում էր շիզոֆրենիայով՝ ստիպված լինելով թողնելու բեմը: Նրա մարմինը հուղարկավորվեց 2 անգամ՝ Լոնդոնում, ապա՝  Փարիզում: Արժանթինան հանկարծամահ եղավ սրտի նոպայից՝ Իսպանիայում ունեցած խենթանալիք համերգներից հետո: Այսեդորա Դունկանը՝ Սերգեյ Եսենինի նախկին կինը, ողբերգականորեն զոհվեց իր սիրելի տղամարդու հետ ժամադրության սլանալիս, երբ իր բաց ինքնաշարժից ծածանվող երկար մետաքսե շարֆը փաթաթվեց անիվին՝ սեղմելով կոկորդը… Ինչևէ ՝ Պարգևուհի Օրֆայի տեղը ֆրանսացի մասնագետները հենց դարի այս մեծ պարողների կողքին են տեսել: Բայց «Հայ ըլլալը ծայրէ ծայր քաթասթրօֆ եղած է ինծի համար»:

շարունակելի



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment