Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը

Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը

Ֆրանսիան կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնության առաջին տարեդարձի կապակցությամբ։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարության համաձայն՝ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը ժողովուրդների համար շոշափելի դարձնելու ուղղությամբ։

Փարիզը հույս է հայտնել, որ գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների վերաբացմամբ ու տարածաշրջանային կապերի զարգացմամբ։

«Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք՝ Եվրոպան և Ասիան կապող կամուրջ», — նշվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիան, եվրոպական գործընկերների հետ միասին, հայտարարել է, որ շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին՝ Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment