Չիկագոյի «South Chicago Chapel» թաղման բյուրոյում հայտնաբերվել է 56 մարդու աճյուն, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում և գտնվում էին քայքայման տարբեր փուլերում։ Իլինոյսի իշխանությունները հայտնել են, որ մարմինները պահվել են չսառեցվող տարածքում՝ հակասանիտարական պայմաններում, այդ թվում՝ կրծողների և որդերի առկայությամբ։
Դեպքի վայր են ժամանել քննիչներ և դատաբժշկական փորձագետներ՝ մահացածների ինքնությունը պարզելու և անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելու համար։ Իշխանությունները հայտնել են, որ հարազատներին կտեղեկացնեն նույնականացումից հետո։
Թաղման բյուրոյի տնօրեն Յոհաննա Մորգանի լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է։ Նրա ամուսինը՝ Քլարկ Մորգանը, նույնպես նախկինում զբաղվել է թաղման ծառայությունների ոլորտում, սակայն նրա լիցենզիան 2024 թվականին չեղարկվել էր։
Պարզվել է, որ Մորգան ամուսինները նախկինում ղեկավարել են նաև Չիկագոյի հարավում գտնվող դիակիզարան, որի գործունեությունը դադարեցվել էր անցյալ տարի՝ ոչ պատշաճ պայմաններում պահվող դիակների և ընտանիքներին չվերադարձված հարյուրավոր աճյունների հայտնաբերումից հետո։
Դեպքի առնչությամբ ձերբակալություններ դեռևս չեն իրականացվել։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։
