Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ընթացքը, «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի իրականացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Կառավարության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ անցկացված Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարեդարձի օրը, որի ընթացքում ստորագրվել էր Խաղաղության հռչակագիրը, ինչպես նաև նախաստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։
Զրուցակիցները նշել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։
Փաշինյանն ու Ալիևը ընդգծել են առևտրատնտեսական կապերի զարգացման կարևորությունը՝ որպես խաղաղության գործընթացի գործնական արդյունքներից մեկը։ Մասնավորապես, նրանք նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով բեռների տարանցումը դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Զրույցի ավարտին Փաշինյանն ու Ալիևը հաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը խաղաղության գործընթացի առաջմղման, տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ուղղությամբ։
