Իրանը հակամարտություն չի ցանկանում հարևան երկրների հետ․ Փեզեշքիան – armeniatoday.am

Իրանը բաց է երկխոսության համար և տարածաշրջանի բոլոր հարևան երկրներին համարում է եղբայրական պետություններ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է բանակցել, սակայն կպաշտպանի երկրի իրավունքներն ու շահերը։

«Մենք մահմեդական երկրներին մեր եղբայրներն ենք համարում։ Ինչո՞ւ պետք է մահմեդական երկրները հակամարտեն միմյանց հետ»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ Իրանը փորձում է կանխել տարածաշրջանի երկրների՝ Թեհրանի դեմ համախմբումը և բարելավել հարաբերությունները հարևանների հետ։

Փեզեշքիանի հայտարարությունը հնչել է Իրանի և տարածաշրջանի մի շարք երկրների հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսած ռազմական գործողություններից հետո Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել  նաև Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը Մեքքայում ստորագրել էին փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, որով երեք երկրներից որևէ մեկի նկատմամբ զինված հարձակումը համարվում է հարձակում բոլորի նկատմամբ։ 

Leave a Comment