Փաշինյանը խաղաղությունը կապել է «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից հրաժարվելու հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական հաստատումը կապել է երկրներում «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի մասին հռետորաբանությունից հրաժարվելու հետ։ Այս մասին ասվում է նրա ուղերձում՝ Վաշինգտոնում Խաղաղության համաձայնագրի և «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծի ստորագրման մեկ տարվա կապակցությամբ։

«Սա հարց է, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ նման հռետորաբանությունն ուղղված է խաղաղության խափարմանը։

Փաշինյանի համոզմամբ՝ TRIPP նախագիծն օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ «որպես ճանապարհ, որպես դրացի»։ Նա հավաստիացրել է, որ առաջիկայում կսկսվի TRIPP նախագծի գործնական իրականացումը։

Վարչապետը նաև նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին և Ադրբեջանին դեռ պետք է ավարտին հասցնել պետական սահմանի սահմանազատման գործընթացը։

«Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է այն, որ մեր հայրենակիցները շարունակում են մնալ անազատության մեջ Ադրբեջանում»,- հայտարարել է վարչապետը։

Ընդ որում, վարչապետը չի հստակեցրել, թե որ գործընթացների կամ պայմանավորվածությունների շրջանակում են իշխանությունները ակնկալում լուծել հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի տարածքների հարցը։

Leave a Comment