Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ղրղզստանում ԵԱՏՄ խորհրդի նիստին, որի ընթացքում անդրադարձել է ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությանը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Յուրի Մովսեսյանը։
-Ձեր կարծիքով, ԵԱՏՄ անդամ այդ երկրների համար այս մեկնաբանությունը բավարար է, թե ոչ։
-Կարծում եմ՝ վարչապետի ելույթը, իմ կարծիքով, որևէ կերպ չի կարող բավարարել հենց ռուսական կողմին, որովհետև ռուսական կողմը ի սկզբանե էլ հասկանում է, թե Հայաստանը Եվրամիության հետ ինչ հարաբերություններ ունի, ընդհանրապես ինչպիսին է իրավիճակը ԵՄ անդամակցության առումով։ Շատ լավ հասկանում են, որ Հայաստանը այս պահին ուղղակի նույնիսկ լավ երազանքների, աշխատանքի դեպքում չի կարող անդամակցել ԵՄ-ին․ խոսքը տասնյակ տարիների ուղու մասին է, և Ռուսաստանի քաղաքականությունն ի սկզբանե միտված է եղել Հայաստանի այլընտրանքներ ստեղծելու քաղաքականության չեզոքացմանը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, կարծում եմ՝ ոչ միայն ավելի լավ են հասկանում, փորձում են կանխարգելել ռուսական միջամտությունները ԵԱՏՄ շուկայում տարբեր սահմանափակումներ մտցնելու մասով, այլև փորձում են նաև այս հայ-ռուսական լարվածությունների ֆոնին ամեն ինչ անել, որ սա չվերաճի ընդհանրապես նոր սահմանափակումների կիրառման, որովհետև լավ են հասկանում, որ հենց իրենք կարող են Հայաստանի փոխարեն լինել։ Եվ նախորդիվ հայտարարությունն էլ՝ հանրաքվեի մասով, կարծում եմ՝ հատկապես ղազախական կողմի միջամտությամբ ավելի նվազ տեսքի է բերվել, այսինքն՝ ի սկզբանե ավելի բոցաշունչ, վերամբարձ հայտարարություն է եղել, և ղազախական կողմի նախաձեռնությամբ ու ակտիվ միջամտությամբ մենք ստացել ենք այն տեքստը, որ բոլորս այսօր գիտենք։
-Իսկ ի՞նչ գործընթացներ կարող են հետևել այս հայտարարություններին։
Շատ դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ գործընթացներ կարող են հետևել այս հայտարարություններին, բայց կարելի է փաստել՝ իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ամենաանկանխատեսելի սցենարները կարող են շատ մեծ պոտենցիալ ունենալ։ Այս պահին, կարծում եմ, ընդհանրապես այս հայտարարություններից հետո սպասելի է, որ հայկական կողմը պետք է հստակ գործընթացներ սկսի ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող հայկական երկաթուղու կառավարման իրավունքը ամբողջովին վերադարձնելու կամ փոխակերպելու ուղղությամբ, որովհետև միայն այս հայտարարությունները բավարար չեն։ Եվ միայն հայկական կողմի կոնկրետ գործողություններից հետո մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ, որովհետև Ռուսաստանը հստակ մատնանշել է իր կարմիր գծերը, ըստ էության, ուլտիմատում է դրել Հայաստանին՝ հանրաքվեի թեման առաջ բերելով։ Եվ կարելի է ասել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը շատ անհավանական սցենար է համարվում մինչև այն ժամանակը, քանի դեռ Փաշինյանը չի ընդունել այն պայմանները, որ ռուսական կողմն է առաջադրում հենց երկաթուղու, Ատոմակայանի և ընդհանրապես Հայաստանի դիվերսիֆիկացվող քաղաքականության հետ կապված։ Ռուսաստանն ունի շատ կարմիր գծեր, և կարծում եմ՝ քանի դեռ Հայաստանը չի ընդունել այդ պայմանները կամ չի գնացել փոխզիջման, Պուտին-Փաշինյան հանդիպումը ուղղակի նույնիսկ անհավանական սցենար է համարվում։
-Վարչապետը խոսել է ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի ոչ ամբողջական իրականացման մասին։ Արդյո՞ք այդ հայտարարություններից հետո վերանայումներ կլինեն ՀՀ հանդեպ առևտրային քաղաքականության հետ կապված։
-Ես չեմ կարծում, որ ընդհանրապես վարչապետի հայտարարությունները որևէ բան կկարողանան փոխել ԵԱՏՄ-ում տիրող իրավիճակի՝ հատկապես առևտրային սահմանափակումների մասով։ Խնդիրը և ընդհանրապես այս հարաբերությունների, սահմանափակումների կարգավորման դաշտը գտնվում է հայ-ռուսական հարաբերությունների հարթության վրա։ Քանի դեռ հայ-ռուսական հարաբերություններում գտնվող հարցերը չեն լուծվել, կարծում եմ՝ ազատ տեղաշարժի ոչ ամբողջական իրականացման սցենարը, քանի գնում, խորանալու է, և մենք կարող ենք նորանոր սահմանափակումներ տեսնել։ Այնպես որ այս հարցը ոչ թե պետք է դիտարկել որպես հայտարարության արձագանք ԵԱՏՄ-ում առևտրային քաղաքականության մասով, այլ հայ-ռուսական հարաբերություններում տիրող իրավիճակի մասով։
-Նաև՝ ի՞նչ էր նշանակում Վալենտինա Մատվիենկոյի՝ Ռուբինյանի հետ հեռախոսազրույցում արած հայտարարությունը, թե ՌԴ-ն ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե 3-րդ երկրների հարցումների հիման վրա ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների պարբերական ձերբակալությունները շարունակվեն։
-Մատվիենկոյի հայտարարությունը, ես չեմ կարծում, որ պետք է առանձին դիտարկել, այսինքն՝ ինչ-որ խնդրահարույց թեմա Ռուսաստանի քաղաքացիների այստեղ գտնվելու կամ Հայաստանի քաղաքացիների Ռուսաստանում գտնվելու մասով օրակարգ չկա։ Սա կրկին հերթական ճնշումն է Ռուսաստանի կողմից՝ Հայաստանին առաջադրված պահանջներն իրականացնելու տեսանկյունից։ Ռուսաստանը փորձելու է տարբեր տեսանկյուններից Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում գեներացնել։ Այս բոլոր գործընթացները մենք պետք է դիտարկենք այն տեսանկյունից, որ Ռուսաստանում, օրինակ, այսպիսի հայտարարություններ կատարելով ամենաբարձր մակարդակներում՝ փորձում են նաև Հայաստանի հանրությանը ուղերձներ հղել, բայց կարծում եմ՝ սա շատ սխալ մարտավարություն է, որովհետև Հայաստանի հասարակությունը դառնալու է ավելի հակառուս։ Եվ Ռուսաստանում չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ Մատվիենկոյի հայտարարությունը, թե երրորդ երկրների հարցումների հիման վրա կարող են ձերբակալությունները շարունակվել, և ինչ-որ խնդիրներ լինեն զբոսաշրջիկների հետ կապված, որևէ արդյունք է տալու։ Ուղղակի մարդիկ այլընտրանքային ուղիներ են գտնելու Հայաստան գալու կամ ընդհանրապես ինչ-որ անձնական, բիզնես կապեր պահպանելու համար։ Հետևաբար սա առանձին ինչ-որ օրակարգ չէ, սա ընդհանուր այս գլոբալ ռուս-հայկական հարաբերությունների օրակարգի մի մասն է կազմում, և սրանով Ռուսաստանը փորձում է իր պահանջները ուղղակի ստիպել Հայաստանին։
Լիլիթ Աբրահամյան
