ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ հայտնելով, որ հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։ԱԱԾ-ի…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ հայտնելով, որ հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։
ԱԱԾ-ի տվյալներով՝ հայտնաբերվել և կանխվել են պետության անվտանգության, ինքնիշխանության և զինված ուժերի դեմ ուղղված հետախուզական, դիվերսիոն և ահաբեկչական ծրագրեր, ինչպես նաև սահմանադրական կարգը բռնի փոխելու և իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցող խմբերի գործողություններ։
Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների փաստերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության, լրտեսության, պետական գաղտնիքի հրապարակման և սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության դեպքերով։
Հասարակական անվտանգության դեմ նախաձեռնվել է 44 վարույթ, որոնց թվում կան ահաբեկչության նախապատրաստության, ահաբեկչության մասին կեղծ հաղորդումների և քրեական ենթամշակույթի հետ կապված գործեր։
Պետական սահմանի պահպանության ուղղությամբ բացահայտված խախտումների հիման վրա նախաձեռնվել է 197 քրեական վարույթ, որոնց մեծ մասը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելուն և կեղծ փաստաթղթերի օգտագործմանը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, իսկ ընտրական իրավախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի դեպքերով՝ 33 վարույթ։
Հանրային ծառայության, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների փաստերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, այդ թվում՝ կաշառքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքերով։