Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է և դեռ շարունակելու է նվազել։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
-Նա նշում է՝ ցուցանիշը շարունակելու է նվազել, բայց աճ կարո՞ղ ենք ակնկալել՝ չնայած ստեղծված իրավիճակին։
-Չեմ կարծում, որ եկող 4 ամիսներին այդ առևտրաշրջանառությունը կաճի, հակառակը՝ կարծում եմ՝ էլ ավելի կնվազի։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանն ինքը մղել է հայ գործարարներին փնտրել այլ շուկաներ։ Նույնիսկ նրանք, ովքեր մինչ օրս առևտուր են անում Ռուսաստանի հետ, հասկանում են, որ մի օր նրանց դեմ էլ կարող են արհեստական խոչընդոտներ հարուցվել այդ ուղղությամբ և փնտրում են պահեստային տարբերակներ, այլընտրանքային շուկաներ և իրենց ապրանքը այդտեղ հասցնելու ուղիներ։
– ՌԴ-ն երկար տարիներ եղել է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից մեկը։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է Հայաստանին հասկացնել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը լավ չի անդրադառնալու։ Ի՞նչ քայլեր կարելի է սպասել Հայաստանից։
-Արդեն ոչ միայն ՀԱՊԿ-ից, այլ նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցերն են օրակարգում։ Պետք է ճշգրիտ հաշվարկ անել՝ գուցե դա նաև տնտեսապես ամենաճիշտ տարբերակն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով, թե ինչ հսկայական մաքսային մուտքեր ենք մենք ապահովում ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջե, մինչդեռ այդ մասնահանումների կեսն էլ չենք ստանում։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ լինելու պատճառով մեզ մոտ շատ ապրանքներ, որոնք մենք չենք արտադրում, օրինակ՝ մեքենաները, բազմաթիվ սարքավորումներ հարևան երկրներից անհամեմատ թանկ են, ինչը վատ է անդրադառնում թե՛ բնակչության բարեկեցության, թե՛ տնտեսության վրա։
-Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա Հայաստանին այս հերթական հանդիպումը։
Հայաստանը փոքր երկիր է, և եթե անգամ ընտրել է, թեկուզ և ստիպված, Ռուսաստանից բաժանվելու ուղին, միևնույն է՝ պետք է շատ զգույշ անի դա՝ փորձելով առավելագույնս նվազեցնել ցնցումները և կառավարել ռիսկերը։ Իսկ դրա համար Մոսկվայի հետ հաղորդակցության խողովակները պետք է ձգտել առավելագույնս անխափան պահել։
-Վարչապետը նիստում նշել է, որ ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ նշելով, որ չենք կարող հանրաքվե անել մի հարցի շուրջ, որը այս պահին գոյություն չունի։ Այս հայտարարությունը ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք սա չի սրի հարաբերությունները։
Պետք է հաշվի առնել, որ վարչապետը այս հայտարարությամբ պատասխանել է ոչ այնքան 4 երկրներին, որքան կոնկրետ Ռուսաստանին։ Քանի որ հասկանալի է, որ Ռուսաստանից բացի մյուս երկրները, որոնք միացել են հայտարարությանը, արել են դա փաստացի ճնշման տակ, այսինքն՝ եթե նույնիսկ դա խնդրանքի ձևով է արտահայտվել։ Որովհետև իրենք, կախված լինելով ՌԴ-ից, ստիպված են եղել զոհաբերել Հայաստանի շահերը և նաև հեղինակությունը՝ սեփական շահերը չվտանգելու նկատառումով։ Այնպես որ, նման պարզաբանումը տեղին է և ոչ մի սրման պատճառ չի կարող դառնալ, քանի որ դա առաջին անգամը չէ, որ ասում է։
-Ըստ Ձեզ՝ մենք պատրա՞ստ ենք ԵՄ-ի շուկայում լուրջ ներկայություն ունենալու և համապատասխան ապրանք արտահանելու։
Այս պահին՝ ոչ, սակայն ԵՄ-ի կողմից մեզ ընձեռած հնարավորությունը՝ 2 տարով գրեթե բոլոր ապրանքների վրա մաքսատուրքի զրոյական դրույքաչափ կիրառելը, հնարավորություն է տալիս մեր տնտեսվարողներին արագընթաց տեմպերով բարձրացնել արտադրանքի որակը, ինչի համար հավելյալ ջանքեր և ներդրումներ պետք է անեն, և սկսել տեղ զբաղեցնել ԵՄ շուկաների որոշ սեգմենտներում։ Այլ ճանապարհ չունենք։
Լիլիթ Աբրահամյան
