Նույնիսկ խորհրդային շրջանում Հայ եկեղեցու գահակալը դատարանի առջև չի կանգնել․ Նաթան արքեպիսկոպոս

Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ կիրառված երկրից բացակայելու արգելքը, երկու անգամ երկարաձգվելուց հետո, տեղափոխվել է դատարան, որտեղ ընդամենը մի քանի օրում վճիռ է կայացվել, այնինչ բուն հարցը մինչ օրս վերջնական լուծում չի ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Մինչ օրս դատական վերջնական վճիռ չկա, թե արդյոք հայցատուն վերականգնված է, ինչպես է վերականգնված, իրավունք ունի՞, թե՞ չունի։ Այսինքն՝ բուն հարցը որևէ կերպ դատական քննության և վճռի չի արժանանում»,- նշել է նա։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատական նիստին հրավիրելու փաստին՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն այն բնութագրել է որպես աննախադեպ երևույթ։

«Մեծ ցավ և ուրիշների փոխարեն ամոթի խորը զգացում ունեմ, որ Վեհափառ Հայրապետին հրավիրել են դատարան։ Սա աննախադեպ է նույնիսկ խորհրդային շրջանի համար. հալածանքներ եղել են Եկեղեցու նկատմամբ, բայց որևէ Եկեղեցու պետ, հատկապես՝ Հայ Եկեղեցու գահակալ, երբևէ դատարանի առջև չի կանգնել»,-ընդգծել է Սրբազանը։

Արքեպիսկոպոսի գնահատմամբ՝ առավել մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում անկախ և ինքնիշխան Հայաստանում։

Leave a Comment